Քրիստոնեական դիտակետ
Քրիստոնյաները, մասնավորապես՝ քրիստոնեական եկեղեցիները, երբեք անտարբեր չեն եղել աբորտ կոչված երևույթի հանդեպ և դարեդար քննարկել են այն։ Թեպետ կանոնական սուրբ գրություններում աբորտների վերաբերյալ ուղղակի արգելք չի հնչեցվում, սակայն այդ արգելքը, այնուամենայնիվ, ինքնաբերաբար ենթադրվում է՝ հաշվի առնելով դավանաբանական սկզբունքները, իսկ ինչ վերաբերում է վաղ քրիստոնեական ոչ կանոնական գրքերին, ապա դրանցից որոշներում նույնիսկ առկա են աբորտների ուղղակի դատապարտման դրվագներ։ Ընդհանուր առմամբ՝ հայրաբանական տեքստերում կտրուկ մերժվում են աբորտները, սակայն հարկ է փաստել, որ եկեղեցու հայրերն էլ հաճախ միակարծիք չեն եղել այս հարցի առնչությամբ, ավելի ճշգրիտ՝ տարբեր կարծիքներ են հնչել, թե հղիության շատ վաղ շրջանում կատարված աբորտը և՞ս պետք է համարել սպանություն, թե՞ ոչ․ ելակետն այն հարցն էր, թե սաղմն այդ ժամանակ արդեն ունի՞ հոգի, թե՞ դեռևս չունի։
Ինչևէ, վաղ քրիստոնեական եկեղեցիները երկարատև բանադրանք էին սահմանել նրանց համար, ովքեր աբորտի էին դիմում անօրինական սեռական կապերից հետո։ Ավելի ուշ շրջանում եկեղեցիներն այս ցանկում ներառեցին նաև նրանց, ովքեր, հղիանալով իրենց օրինական ամուսիններից, աբորտի էին դիմում սեփական երեխաների թվաքանակը չավելացնելու նպատակով։
7-րդ դարում աբորտների հանդեպ վերաբերմունքն ավելի հստակ ձևակերպում ստացավ՝ վերածվելով մի ամբողջ ուսմունքի։ Արևելյան ուղղափառ եկեղեցիները հայտարարեցին, որ աբորտը հավասարազոր է սպանության։ Մինչդեռ Արևմտյան քրիստոնեական եկեղեցիները, աբորտը մեղք համարելով հանդերձ, դեռևս երկար քննարկում էին, թե սաղմի ձևավորման ո՛ր փուլում է դա համարվում սպանություն՝ վա՞ղ, թե՞ ուշ։
Կարդացեք նաև
Այդպիսով, կաթոլիկները մինչև 19-րդ դար սպանություն չէին համարում այն աբորտը, որը կատարվել էր պտղի առաջացման ամենավաղ շրջանում։ Ըստ էության՝ այս հարցում նմանօրինակ սկզբունքով էին առաջնորդվում նաև բողոքականները։ Ժամանակակից քրիստոնեական եկեղեցիները ևս պահպանել են աբորտի հանդեպ բացասական դիրքորոշումը, բայց չունեն միասնական դիրքորոշում բացառությունների վերաբերյալ, իսկ օրենքները, ինչպես հայտնի է, չեն կարող համարվել լիարժեք, քանի դեռ կան բացառությունները։ Բողոքականները դեռևս քննարկում են մեր ժամանակներում արդիական դարձած այն թեման, թե կինն իրավունք ունի՞ ինքը որոշելու ապագա երեխային լույս աշխարհ բերել-չբերելու հարցը։
Հեթանոսական դիտակետ
Քրիստոնեական ու նախաքրիստոնեական աշխարհների միջև զուգահեռ անցկացնելու համար արժե դիտարկել աբորտների հանդեպ վերաբերմունքը, օրինակ, Հին Հռոմում, Հին Հունաստանում և Հին Եգիպտոսում։ Այսպիսով, Հին Հռոմում աբորտներն օրենսդրորեն արգելված չէին, պարզապես անհրաժեշտ էր ունենալ կնոջ հոր և ամուսնու համաձայնությունը, իսկ պատիժը սահմանվում էր միայն այն դեպքերում, երբ այդ գործողությունը քրեական հանցակազմ էր պարունակում։ Եթե կինն աբորտի էր դիմում առանց ամուսնու համաձայնության, ապա նրան ժամանակավորապես աքսորում էին՝ տղամարդուն օրինական ժառանգից զրկելու մեղադրանքով։ Ավելի խիստ պատիժ էր սպասվում աբորտ կատարողներին, եթե նրանց միջամտության հետևանքով կինը մահացել էր։ Ինչպես բոլոր ժամանակներում, այստեղ էլ կանայք առավել հաճախ աբորտի էի դիմում արտամուսնական կապի հետքերը թաքցնելու համար։ Հռոմեական անտիկ գրականության մեջ քիչ չեն աբորտի դատապարտման օրինակները, թեպետ դրանք առնչվում էին միայն բարձր խավի կանանց, ովքեր չպիտի իրենց թույլ տային ընդհատել կամ սահմանափակել հայտնի տոհմերի բազմացումը։ Հայտնի են մեծն Օվիդիուսի տողերը․ «Եթե հնում բոլոր մայրերն այդպես վարվեին, կվերանար ողջ մարդկային ցեղը»։ Աբորտները կատարում էին ոչ միայն պրոֆեսիոնալ բժիշկները, այլև ոչ պրոֆեսիոնալները, առաջինները՝ վիրահատական գործիքների, երկրորդները՝ տարատեսակ բուսական թուրմերի օգնությամբ։
Հին Հունաստանում ևս աբորտը բավականին տարածված երևույթ էր, պարզապես կանանց մի մասին դրա համար պատժում էին, մյուսներին՝ ոչ։ Հույներին դեռևս անտիկ դարաշրջանում արդեն իսկ հետաքրքրում էր այն հարցը, որը հետագայում քննարկում էին քրիստոնեական եկեղեցիները՝ պտղի զարգացման ո՞ր պահից է նրա մեջ ի հայտ գալիս հոգին։ Այս հարցի պատասխանը նրանք գտել էին Արիստոտելի աշխատություններում․ վերջինս պնդում էր, թե արական սեռի սաղմի մեջ հոգին ի հայտ է գալիս բեղմնավորման 40-րդ օրը, իսկ իգական սեռի սաղմի մեջ՝ 80-րդ օրը։ Նա, առհասարակ, համարում էր, որ «աղջիկների ծնունդը հանդիսանում է բնականոն ընթացքի շեղում»։ Ըստ այդմ՝ քանի դեռ սաղմը առաջին 40 կամ 80 օրվա ընթացքում հոգի չունի, ապա աբորտն ընդունելի է, հակառակ դեպքում՝ ոչ։ Աբորտն օրենքով պատժվում էր այն պարագայում, երբ այդ քայլին դիմում էր այրի կինը։
Հույն պատմիչ Լիսիոսի բնորոշմամբ՝ «հանցագործություն է չծնված երեխային մահացած հոր ունեցվածքից զրկելը»։ Ոչ պակաս խիստ էին դատապարտվում նաև այն աղջիկները, ովքեր սեռական կյանքով էին ապրում նախքան ամուսնությունը․ եթե դա բացահայտվում էր, նրանց արգելում էին ամուսնանալ, հաճախել եկեղեցի, կրել զարդեր, իսկ ծնողներին իրավունք էր տրվում հրաժարվել նրանցից կամ վաճառել ստրկության։
Հետաքրքրական է, որ կնոջ դերի ընկալումը բոլորովին այլ էր Հին Եգիպտոսում։ Ընտանիքն այստեղ համարվում էր հասարակության առանցքը, կարևորագույն հիմքը, իսկ ամուսնությունը դիտարկվում էր որպես սրբազան կապ երկուսի միջև։ Եգիպտացի կնոջ իրավաբանական կարգավիճակը գրեթե հավասար էր եգիպտացի տղամարդու կարգավիճակին։ Բարձր խավի կանայք գրագետ էին, հաճախ դառնում էին քրմուհիներ, իսկ ինչ վերաբերում է երեխա ունեցող կանանց, ապա վերջիններս համարվում էին հաջողակ անձինք և արժանանում համընդհանուր հարգանքի։ Անպտղությունը դատապարտվում էր և ընկալվում որպես աստվածային ցասման վկայություն։ Եգիպտական հնագույն գրական աղբյուրներում տեղեկություններ կան հղիության՝ դեռևս ամենավաղ շրջանում ախտորոշաբանության մասին։ Ծննդաբերությունն այստեղ ոչ թե բժշկական, այլ սոցիալական կյանքին առնչվող իրադարձություն էր, որը տեղի էր ունենում բացառապես կնոջ տանը՝ փորձառու մանկաբարձուհիների օգնությամբ, ովքեր օգտվում էին ոչ միայն բժշկական պարագաներից, այլև հնչեցնում էին աղոթքներ ու կատարում համապատասխան ծեսեր։ Աբորտի դիմելու փոխարեն եգիպտուհիները լայնորեն օգտագործում էին հակաբեղմնավորիչ միջոցներ։ Մայրությունը Հին Եգիպտոսում ընկալվում էր որպես կնոջ բացառիկ առաքելություն, իսկ ամուսնությունը՝ որպես այդ առաքելությունը կյանքի կոչելու միջոց։
Քրիստոնեական աղբյուրներ
Վաղ քրիստոնեական տեքստերից մեկը՝ «Դիդախեն» («12 առաքյալների վարդապետությունը», 1-2-րդ դդ․) պատվիրանում է․ «Մի՛ մեռցրու երեխայի սաղմը և ծնվածին մի՛ սպանիր»։ Նույնպիսի պատվիրան կա նաև վաղ քրիստոնեական մեկ այլ առաքյալի՝ Բառնաբասի ոչ կանոնական տեքստում․ «Մի՛ սպանիր երեխային քո որովայնում․․․ Երեխաներին արգանդում սպանողները Աստծո ստեղծած արարածին կործանողներ են»։ Պետրոսի Հայտնության ոչ կանոնական տեքստում, որտեղ նկարագրված են մեղավորների տանջանքները դժոխքում, հիշատակվում են նաև «ապօրինի հղիացած ու պտուղը ոչնչացնող» կանայք։ Աբորտը որպես սպանություն է որակվում հայրաբանական տեքստերում ևս՝ Հովհաննես Ոսկեբերանի, Տերտուղիանոսի, Բարսեղ Կեսարացու, Կղեմես Ալեքսանդրացու և այլոց։ Ընդ որում՝ վաղ քրիստոնեական շրջանում աբորտը չէին առանձնացնում մյուս մեղքերից՝ մարմնավաճառություն, արյունապղծություն, ամուսնական անհավատարմություն և այլն, քանի որ համարում էին դրանց ուղղակի հետևանք։ Փաստն այն է, որ հենց այդ շրջանում սաղմն առաջին անգամ սկսեց դիտարկվել որպես ինքնուրույն արարած մոր մարմնի ներսում և ոչ թե որպես մոր մարմնի պարզապես մաս։ Հենց այս ընկալումն էլ դարձավ առանցքային տարբերությունը հեթանոսական և քրիստոնեական դիտակետերի միջև։
Երբ արդեն ձևավորվեցին առաջին եկեղեցիները, սկսեցին գործել նաև առաջին պատժամիջոցները աբորտի դիմած կանանց հանդեպ, սակայն այդ պատժամիջոցներում աբորտը «կցորդի» դերում էր, քանի որ առաջնային մեղքը բարոյական վարքագծին առնչվող պատվիրանները խախտելն էր։ Ուշագրավ մի փաստ․ միակ եկեղեցին, որը 6-րդ դարում պատժամիջոցներ էր սահմանել ոչ միայն հղիությունն ընդհատած կանանց, այլև այդ կանանց հղիացրած տղամարդկանց հանդեպ, իսպանական Լերիդա քաղաքի եկեղեցին էր։ Իսպանիայի քրիստոնեական եկեղեցիները հետագայում ավելի խստացրին իրենց դիրքորոշումը՝ պատիժ սահմանելով նաև հակաբեղմնավորիչներ օգտագործողների համար։ Ծնելիությունը վերահսկելու միակ միջոցը նրանք համարում էին ժուժկալությունը։
Ինչևէ, այդ ամենին զուգընթաց՝ շարունակվում էին բանավեճերը սաղմի՝ հոգի ունենալ-չունենալու վերաբերյալ։ Նրանցից շատերը վկայակոչում էին աստվածաշնչյան Ծննդոցն, ըստ որի՝ սկզբում արարվել է մարմինը, ապա այդ մարմնի մեջ դրվել է հոգին։ Ի վերջո, 7-րդ դարում, Կոստանդնուպոլսում տեղի ունեցած 6-րդ Տիեզերական ժողովի շրջանակներում, աբորտը սահմանվեց որպես սպանություն՝ առանց հստակեցնելու հղիության ժամկետի հարցը․ համաձայն ժողովի մասնակիցների դիրքորոշման՝ թե՛ նրանք, ովքեր կնոջն օգնում են պտղից վաղաժամ ազատվել, թե՛ կինը, ով արհեստական ճանապարհով ազատվում է պտղից, եկեղեցիների կողմից նզովվում են որպես մարդասպաններ։
Միջնադարի ամբողջ ընթացքում Արևմտյան քրիստոնեական եկեղեցիների շրջանում գերիշխում էր այն տեսակետը, որ սաղմի մեջ հոգին ի հայտ է գալիս աստիճանաբար։ Իտալացի նշանավոր աստվածաբան Թովմա Աքվինացին ևս այս տեսակետի հետևորդն էր՝ հաստատելով Արիստոտելի պատկերացումը պտղի «շնչավորման» վերաբերյալ։ Նա եզրակացնում էր, որ սաղմի ոչնչացումը, նախքան այն կունենա հոգի, սպանություն չէ, այլ անբարոյականություն։ Կաթոլիկների՝ վաղ և ուշ շրջանի աբորտների հանդեպ վերաբերմունքի տարբերակումը շարունակվեց մինչև 19-րդ դար, երբ Հռոմի պապ Պիոս 9-րդը պաշտոնապես կարգադրեց հավասարապես դատապարտել թե՛ վաղ, թե՛ ուշ շրջանում կատարված հղիության արհեստական ընդհատումները։ Այդ ժամանակվանից ի վեր կաթոլիկ եկեղեցին այլևս չի փոխել պաշտոնական դիրքորոշումը։
Ինչ վերաբերում է վաղ շրջանի բողոքականներին, ապա նրանք այս հարցում հիմնականում համակարծիք էին կաթոլիկների հետ։ Թե՛ բողոքականության հիմնադիր Մարտին Լյութերը, թե՛ բողոքականության ուղղություններից մեկի՝ կալվինիզմի հիմնադիր Ժան Կալվինը աբորտը համարում էին սպանությանը հավասարազոր հանցագործություն։ Կալվինը գրել է․ «Դեռևս չծնված երեխան, թեպետ գտնվում է մոր որովայնում, արդեն իսկ հանդիսանում է մարդկային արարած, և փաստացի հրեշավոր հանցագործություն է՝ նրան զրկել կյանքից, որը նա դեռ չի սկսել վայելել։ Եթե ավելի ահավոր է թվում մարդուն իր սեփական տանը, քան դաշտում սպանելը (քանզի մարդու տունը նրա համար ամենաապահով ապաստանն է), ապա պետք է ընդունել, որ ոչ պակաս դաժան արարք է դեռևս չծնվածին արգանդի մեջ սպանելը, նախքան նա կհասցնի լույս աշխարհ դուրս գալ»։
Ժամանակակից դիտակետ
Նորագույն ժամանակներում բազմաթիվ հարցերի վերաբերյալ հասարակության ընկալումները արմատապես փոխվեցին, փոխվեց նաև կնոջ դերը բոլոր ասպարեզներում։ Կանանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար պայքարող մեծաթիվ հասարակական, սոցիալական, քաղաքական շարժումները առաջնային հրատապության թեմա դարձրեցին նաև կնոջը հղիության արհեստական ընդհատման օրինական իրավունք տալու խնդիրը։ Սկսեցին շրջանառվել և առայսօր շրջանառվում են «անձնական կյանքի անձեռնմխելիություն», «սեփական մարմինը սեփական կամքով տնօրինելու ազատություն», «տղամարդկանց հետ հավասար իրավունքներ» և այսօրինակ այլ հասկացությունները։ Ընտանիքի, մայրության, կրոնական պատվիրաններին համահունչ բարոյականության մասին ավանդական սկզբունքները, ցավոք, մղվեցին երկրորդական պլան։ Հիմնական բանավեճը ծավալվեց մեկ հարցի շուրջ․ ի՞նչն է ավելի կարևոր՝ սաղմի ապրելու իրավո՞ւնքը, թե՞ կնոջ իրավունքը՝ ազատ տնօրինելու իր մարմինն ու կյանքը։ Կանանց իրավունքների ու ազատությունների պաշտպաններին հակադրվեցին մեկ այլ շարժման ներկայացուցիչները՝ պրոլայֆերները, ովքեր առաջ են քաշում սաղմի ապրելու իրավունքի հարցը։ Կաթոլիկ եկեղեցին պնդում է, որ սաղմը պետք է ընկալել որպես անձ, արդեն իսկ մարդկային արարած։ Ուղղափառ եկեղեցին կիսում է այդ կարծիքը՝ աբորտը հավասարեցնելով սպանությանը։ Փաստն այն է, որ հարցի վերաբերյալ միասնական դիրքորոշման բանալին բնությունն ինքն է հուշում․ եթե նոր կյանքի սկիզբը դրվել է, այն պիտի անպայման շարունակություն ունենա․․․
Ա․ ԲԱԲԱՅԱՆ