«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող մի քանի հոգի փետրվարի 9-ից հացադուլ են հայտարարել՝ ի պաշտպանություն քրեական ենթամշակույթի կանոններով առաջնորդվող ազատազրկված անձանց, որոնց տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Այս պահին հացադուլի մեջ է 15 անձ։
Նշենք, որ սոցկայքերում տեղեկություններ էին տարածվել «Վանաձոր» ՔԿՀ-ում տեղի ունեցած վայրագությունների մասին, իբր դիմակավորված անձինք մտել են խցերը, ջարդել են պատիժ կրող անձանց իրերը, նվաստացրել նրանց։
Ըստ Նոնա Նավիկյանի՝ «վայրագությունների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը»։ Իրականում, փետրվարի 9-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները, ունենալով տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաեւ որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ այլ ազատազրկվածների նկատմամբ։
«Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են հատուկ միջոցառումներ՝ խուզարկելով հիմնարկի խցերը։ Հատուկ միջոցառումների արդյունքում ծառայողները հայտնաբերել են բազմաթիվ արգելված իրեր, ինչպես նաեւ խցերից դուրս են բերել մեծ թվով կահույք, որը նախատեսված չի եղել խցային պայմանների համար։ Հատուկ միջոցառումների ընթացքում ազատազրկված անձանց արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք չի դրսեւորվել, չեն վնասվել կամ ոչնչացվել վերջիններիս մոտ առկա թույլատրելի իրերը։ Քրեակատարողական ծառայությունը օրենքի եւ իր լիազորությունների շրջանակներում շարունակելու է անզիջում պայքարը քրեական ենթամշակույթի եւ արգելված իրերի շրջանառության դեմ»,-ասված է քրեակատարողական ծառայության տարածած պարզաբանման մեջ։
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում Նոնա Նավիկյանը նշեց, որ ներկայումս բացատրական աշխատանքներ են տարվում հացադուլ հայտարարած անձանց հետ, որպեսզի դադարեցնեն հացադուլը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ