Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 հատ մետաղական կմախքով տերասային տախտակներով նստարանների որակը չի համապատասխանում նախագծի պահանջներին։ Այս մասին այսօր զեկուցվեց Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Ըստ զեկուցողի՝ արտադրողը ներկայացրել է տախտակների մշակման փուլերի վերաբերյալ փաստաթղթերը, սակայն տեղում ուսումնասիրությամբ պարզվել է, որ նստարաններն ու տեղադրումը չեն համապատասխանում նախագծին, իսկ տախտակի որակը համեմատելով ավելի ցածր գնով ձեռք բերված նստարանների փայտի որակի հետ, պարզվել է, որ այն չի համապատասխանում պատվիրատուի պահանջած որակին եւ գնին։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտնեց, որ մատակարարը գրավոր պարտավորություն է ստանձնել քսան օրում վերացնել թերությունները։
«Պետք է խնդրեմ, որ նման դեպքերը չարձանագրվեն համացանցում, որովհետեւ դուք ունեք աշխատակիցներ, եւ ենթադրվում է, պարոն Մխիթարյան, որ որոշ աշխատակիցներ իրենց գործը լավ չեն կատարել։ Հետեւապես կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն։ Ձեզանից առաջ է սկսվել այս գործընթացը, այն ժամանակ արդեն մենք նկատել էինք, որ այդ աթոռների հետ կապված խնդիրներ ունենք։ Խնդրում եմ համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Կարդացեք նաև
Նման գործելաոճը անընդունելի է մեզ համար։ Եթե Երեւան քաղաքը ինչ-որ բանի համար վճարում է, դրան պետք է համապատասխան պատասխանատվությամբ վերաբերվել։ Ես չեմ ուզում կանխավարկած ունենալ, որ այդտեղ քրեական տարրեր կան, բայց այնուամենայնիվ, նույնիսկ եթե դա անպատասխանատու վերաբերմունքն է, այդ մարդիկ չպետք է մեզ հետ աշխատեն»,-ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ