Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ոչ միայն իջեցրել, այլև ամբողջությամբ հրաժարվել է ԼՂ հարցում ցանկացած նշաձողից։ Իր շուրջ կոնսոլիդացիա, սակայն, այդպես էլ չի ստացել». JAMnews

Փետրվար 12,2024 10:49

JAMnews.  2023 թվականի հոկտեմբերի 5-ը կարող էր հիշարժան օր դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պատմության մեջ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսվում էր հնգակողմ հանդիպում։ Բացի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից պետք է մասնակցեին նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հայաստանի վարչապետը ժամանեց Իսպանիա։ Իսկ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը՝ իբրև պատճառ մատնանշելով Ֆրանսիայի կողմնակալ դիրքորոշումը։ Բացի այդ, նա առաջարկեց հրավիրել Թուրքիայի նախագահին, ինչին դեմ արտահայտվեցին Փարիզն ու Բեռլինը։

Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացը շեղվեց իր բնականոն ընթացքից։ Բայց սա խնդրի միայն մի մասն է: Գրանադայում Հարավային Կովկասի երկու պատերազմող երկրների ղեկավարները պետք է ստորագրեին տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին փաստաթուղթ։ Արդյունքում դրա տակ հայտնվեց միայն Փաշինյանի ստորագրությունը։

Այսպիսով, Հայաստանն արեց այն, ինչ ակնկալում էին իր արևմտյան գործընկերները՝ ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Բայց ոչինչ չստացավ դրա դիմաց։ Ալիևը ոչ միայն չստորագրեց Հայաստանի սահմանները ճանաչելու մասին փաստաթուղթը, այլև հանդես է գալիս հայտարարություններով, որոնք հնարավոր չէ գնահատել այլ կերպ, քան տարածքային պահանջներ։

Հայաստանից պահանջում են «իջեցնել նշաձողը»

«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ։ Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»:

2021 թվականին Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո հայ հասարակությունը վերջնականապես համոզվեց, որ երկրի իշխանությունները չեն ձգտելու Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ էր։ Այդ ժամանակ բանակցային գործընթացն արդեն սկսել էր տեղափոխվել դեպի Արևմուտք։ Իսկ միջազգային հանրություն ասելով՝ Հայաստանի վարչապետը նկատի ուներ հենց եվրոպացի գործընկերներին։

Այժմ կարող ենք արձանագրել, որ Հայաստանը ոչ միայն իջեցրել է, այլև ամբողջությամբ հրաժարվել է ԼՂ հարցում ցանկացած նշաձողից։ Իր շուրջ կոնսոլիդացիա, սակայն, այդպես էլ չի ստացել։

Ինչո՞ւ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Արևմուտքն ավելի շատ հետաքրքրված էր երկրների տարածքային ամբողջականության սկզբունքով, քան ժողովուրդների ինքնորոշման իրավունքով։ Եթե ​​մինչ 2020 թվականի պատերազմը Ադրբեջանը Ղարաբաղին առաջարկում էր իր կազմում ամենալայն ինքնավարությունը, ապա հետո իրավիճակը լիովին փոխվեց։ Բաքուն հրաժարվեց խոսել որևէ կարգավիճակի մասին։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը առավելագույնս շահագրգռված էր ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծմամբ, և նոր իրողությունները հուշում էին, որ այն կարող է լուծվել միայն երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։

Այժմ բանակցությունների հիմնական առարկան ոչ թե Լեռնային Ղարաբաղն է, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, ինչպես նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Խոսքը ճանապարհի մասին է, որը Բաքուն կապելու է իր էքսկլավ Նախիջևանի հետ։ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ հայկական կողմը չվերահսկի այդ ճանապարհը։

Բաքվում հիանալի հասկանում են, որ այդ կետերի հետ կապված առավելագույն արդյունք ունենալու հույս կարող են ունենալ, եթե դրանց շուրջ բանակցություններ տեղի ունենան Մոսկվայում։ Ռուսաստանն այս հարցերում աջակցում է Ադրբեջանին՝ ելնելով սեփական շահերից։ Մասնավորապես, մտադիր է անձամբ վերահսկել Հայաստանի տարածքով անցնող այդ ճանապարհը։

Այժմ հիմնական հարցն այն է, թե արդյոք Բաքուն կսկսի ռազմական գործողություններ: Հայաստանում շատերը վստահ են, որ դա ժամանակի հարց է, և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում սահմանին կրկին կրակոցներ կհնչեն։

Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829