Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2023 թվականին Սահմանադրական դատարան դիմում չի ներկայացվել

Փետրվար 12,2024 13:00

Հանրապետության նախագահը 1 անգամ է դիմել ՍԴ

Սահմանադրական դատարանը ներկայացրել է 2023 թվականին ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ հաղորդում:

Ինքնին խոսուն են այն թվերը, վերլուծությունները, որոնք ներկայացվել են դատարանի կողմից:

2023 թվականին Սահմանադրական դատարան է մուտքագրվել 156 դիմում:
Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումների փաստացի պատկերն՝ ըստ դիմող սուբյեկտների, հետեւյալն է.

1.պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդ – 2 դիմում,

2.Կառավարություն – 24 դիմում,

3.Հանրապետության նախագահ – 1 դիմում

4.ֆիզիկական եւ իրավաբանական անձինք – 123 դիմում,

5.դատարաններ – 6 դիմում:

2023 թվականին ՍԴ-ն կայացրել է 262 որոշում, որից 33 ըստ էության որոշում, 162՝ աշխատակարգային որոշում, 67՝ դատական կազմի որոշում: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից ներկայացված 2 դիմումներից 1-ի քննությունը մերժվել է, իսկ 1-ով կայացվել է համապատասխան որոշում:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ «Սահմանադրության հիշյալ նորմերն ուղղված են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում խորհրդարանական ուժերի՝ ժողովրդից ստացած քվեին համաչափ ներկայացվածության ապահովմանը, ինչով պայմանավորված է դրանից բխող համամասնությունը պահպանելու հրամայականը: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում համապատասխան պաշտոնները բաշխելիս Սահմանադրության վերոնշյալ նորմերով ամրագրված՝ խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությունից ցանկացած շեղում կձեւախեղի ժողովրդի՝ Ազգային ժողովի ընտրությամբ արտահայտված կամահայտնության արդյունքը, Ազգային ժողովի՝ Սահմանադրության 88-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ ժողովրդի ներկայացուցչական մարմնի բնույթը»:

Կառավարության 24 դիմումներից 4-ի դատաքննությունը կսկսվի 2024 թվականին:
Եթե նայենք, նախորդ տարիների շարժին, ապա տեսանելի է դիմումների նվազումը:
Ըստ ՍԴ հաղորդման՝ 2023 թվականին մուտքագրված 24 միջազգային պայմանագրերից 13-ը բազմակողմ են, 11-ը` երկկողմ, որոնցից 4-ը` վարկային:

Սահմանադրական դատարանի կողմից 2023 թվականին քննության առնված 24 միջազգային պայմանագրերից 2023 թվականի ընթացքում վավերացվել են 19-ը:

Դատարան դիմած ՀՀ նախագահը մեկ հարց է բարձրացրել՝ ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի պաշտոնավարման ժամկետների մասին: Ըստ ՍԴ որոշման՝ «Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնավարման ժամկետի ամրագրումն ինքնանպատակ չէ, եւ սահմանադրական մակարդակում հնարավորություն է ընձեռում համապատասխան պալատի այլ դատավորներին հավակնել/նշանակվել պալատի նախագահի պաշտոնին՝ Սահմանադրությամբ եւ օրենսգրքով ամրագրված համապատասխան պահանջների պահպանմամբ: ՍԴ գնահատմամբ՝ նման սահմանափակ ժամկետը թույլ է տալիս կանոնավոր կերպով համալրել պալատի նախագահի պաշտոնը՝ ապահովելով տարասեռության եւ բազմակարծության աստիճանը, ներկայացուցչականության ավելի բարձր հավասարակշռությունը»:

Ըստ ՍԴ-ի՝ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ համապատասխան պալատի կազմից կարող է նշանակվել միայն այն անձը, որը երբեւէ չի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի որեւէ պալատի նախագահ:

Լավ է, դեռ նախկին ՄԻՊ-ից մի-երկու դիմում էլ մնացել էր նախորդ տարի: Դրանք էին «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին« օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» եւ՝ Ոստիկանությունում, Ազգային անվտանգության մարմիններում Զինվորական ծառայության եւ կարգավիճակի մասին օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերով: Վերջինս վերաբերում էր ուժային կառույցներում ծառայություն իրականացնողնրի՝ կրոնական կազմակերպության անդամ լինելու, կրոնական միավորումներ ստեղծելու, արհեստակցական միության անդամ լինելու արգելքին:

Ճնշող էր տպավորությունը դատարանների կողմից ՍԴ ուղարկված դիմումների մասով: Դատարանների կողմից 2023 թվականին ՍԴ է ներկայացվել 6 դիմում, որից 4-ի քննությունը մերժվել է, 1-ով գործի վարույթը կարճվել է, իսկ 1-ի քննությունը փոխանցվել է 2024 թվական:

Մերժված դիմումատուներն էին՝ Սյունիքի, Լոռու մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն, ՀՀ վճռաբեկ դատարանները: Խոսք է գնացել նաեւ կարճված՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ին ընդունված՝ «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Պետական տուրքի մասին» օրենքի 38-րդ հոդվածի՝ այնքանով, որքանով չեն նախատեսում գործի քննության ընթացքում պատասխանողի սնանկ ճանաչվելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքում պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու օրենսդրական հնարավորություն, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829