Արեւմտահայերի շրջանում անցկացրած հարցումները շարունակվում են:
Հարցման հիմնական թեման արցախցիների վերադարձն է Արցախ, արդյոք դա հնարավո՞ր է, ինչպե՞ս:
Փոլ Եաքուպեան, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Լիբանանի Վարիչ մարմնի նախկին անդամ, Հաճնոյ Հայրենակցական միութեան նախագահ, Լիբանան.
Հաճնոյ Հերոսամարտեն մեկնելով՝ «ՈՉ», որովհետեւ բազուկը տկար է «որտեղ կոռուպցիա չկա», այդ սուբյեկտը, հասարակությունը եւ երկիրը կարող են ոտքի կանգնել եւ համեմատաբար, առաջ գնալ։
Սիմոն Զաքարյան, Հայաստանում բնակվող լիբանանահայ, քաղաքական գիտությունների շրջանավարտ Գլենդելի քոլեջում. Իմ կարծիքով, տեսանելի մոտ ապագայում՝ դժվար թե: Բայց արդյո՞ք, եթե երկար ժամանակ անց, ասենք 10-15 տարի ետք, նույնիսկ հնարավորություն լինի, կը վերադառնան: Չգիտեմ, այսօրվա աշխարհի պայմաններում, որտեղ որ ապրում են կը ընտելանան, հատկապես պատանիները եւ դժվար թե որոշեն կամ ուզենան հետ գնալ: Պատմության ընթացքում հայերս որտեղից որ հեռացել կամ հեռացրել են, ավաղ, դա եղել է վերջնական: Տես երկու հարյուր տարի առաջ հայերի ապրած տարածքը քարտեզի վրա. Սա ասում եմ ցավով։
Կարդացեք նաև
Լիլիա Սերոբյան, Բեւեռի աջակից, ամերիկահայ. Կվերադառնան, եթե Արցախը միանա Հայաստանին՝ իր միջազգային ճանաչված սահմաններով:
Նունե Սերոբյան, Բեւեռի աջակից, ամերիկահայ. Կվերադանան, եթե միջազգային խաղաղապահներ լինեն, էլ չեմ ասում, երբ որ ազգային պետություն ստեղծենք:
Վահէ Փունարճեան, ԱԺԲ հեռակա անդամ եւ աջակից, Լավալ, Քվեբեկ. Այո, հայերը կվերադառնան Արցախ, որովհետեւ Արցախը (դաշտային եւ լեռնային) հայերի Հայրենիքն է: Խնդիրը այն է, թե ե՞րբ եւ ինչպե՞ս կվերադառնան՝ երկուսն էլ կախված է մեզանից…
Հայ դատի զինուոր։ Կանադահայ (Ցանկացել է անանուն մնալ). Ոմանք այլեւս չեն վերադառնար։ Վերադարձող կրնայ ըլլալ, եթէ ԼՂԻՄ տարածքի մեծամասնութեան վրայ հայկական ինքնակառավարման կառոյց հաստատուի առանց ազերիներու ներկայութեան եւ մասնակցութեան։ Արցախցիներն իրենց ուժային կառոյցները պէտք է ունենան: Միջազգային կառոյցներուն կարելի չէ վստահիլ։ Բերձորի ճամբան ազերիները պէտք չէ հսկեն։ Մինչ այդ օրինական ձեւով այդ եւրոպացիներուն եւ ամերիկացիներուն պէտք է հասկցնել, թէ Արցախը Ադրբէջան չէ, եւ թէ հայկական քրիստոնէակսան քաղաքակրթութիւնը պէտք է պահուի։ Հայաստանի ներկայ հայկական իշխանութիւնը պէտք է հեռացուի, որ կարելի ըլլայ քաղաքականութիւնը փոխել եւ հայկական զինուժի ուժի հաւասարակշռութիւնը վերահաստատել։
Լիբանահայ, հայաստանաբնակ (Ցանկացել է անանուն մնալ). Ո՛չ, որովհետեւ Արցախի մէջ արժանապատիվ ապրիլը հազար անգամ աւելի կազմակերպուածութիւն, ջանք, զոհողություն եւ աշխատանք կը պահանջէ եւ անհատական եւ համայնքային մակարդակներով, քան որեւէ այլ տեղ ապրիլը:
Մարտին Հարությունյան, Բեւեռի աջակից, ԱՄՆ. Ես կհուսայի եւ կմտածեի, որ նրանք կվերադառնան: Մարդիկ պարզապես չեն թողնում այն, ինչ իրենցն է եւ հեռանում:
Գոքոր Եղնուկեան, Նյու Յորք. Անկասկած Արցախը կազատագրվի, եւ այնտեղ պատմություն ունեցողներն ու օջախները նորից կդարձնեն իրենց բնակավայրը։ Այդ հողի վրա հազարամյակների գոյություն ու պատմություն ունենալն այդքան հեշտ չի կարելի ջրել։
Եզնիկ Պալայան, բանաստեղծ. «ՍԱՀՄԱՆ ՔԱԶԱՑ՝ ԶԷՆՆ ԻՒՐԵԱՆՑ»՝ կ՝ըսէ իմաստուն առածը։
Ներկայիս չենք կրնար վերադառնալ, որովհետեւ ոչ զէնքը ունինք եւ ոչ ալ մարտունակ ոգին ու կամքը։ Այս չի նշանակեր, թէ ծով նետելու է վերադարձի յոյսը։
Կու գայ ժամանակը, կը հզօրանայ մեր ժողովուրդի ռազմական բազուկը եւ Արցախցին կը վերադառնայ իր պատմական արծուեբոյնը։
Ռազմիկ Մինասեան, ֆրանսահայ, հայաստանաբանակ, կարծիք ստեղծող. Ալիեւը, եսիմ ով, մեկ քարով երկու թռչուն խփեց, մեկն ընկավ, չգիտենք ողջ է թե մեռած, մյուսը՝ օդում վիրավոր թռչում է։
Համփիկ Թորոսյան, լիբանանահայ. Այո, հայերը պիտի վերադարնան Արցախ, որովհետեւ Արցախը Հայապատկան հող է, մեր հողն է: Դարերու ընթացքին մեր հողը եղած է:
Ամերիկահայ (Ցանկացավ անանուն մնալ). Արիւնով առնուած հողերը արիւնով միայն կ՝առնուին։ Սակայն մենք ոչ այդ արիւնը ունինք եւ ոչ ալ մարդուժը որ կարենանք վերադարձնել մեգմէ խլուած հողերը։ Այդ ուժը ունենալու համար երեք պայմաններ կան։ Առաջինը պէտք է ազգովին միանալ։ երկրորդը պէտք է հայրենի կառոյցները զօրացնել թէ նիւթապէս թէ հոգեպէս ու բարոյապէս։ Երրորդը յանձանքը ուրիշներու վրայ չդնել, այլ ընդունինք մեր սխալները ու սորվինք չկրկնել նոյն սխալները։
Ազատ Օրդուխանյան, Գերմանիա. Կարծում եմ, որ պայմանների փոփոխության եւ ապահովության ստեղծման դեպքում, ոչ բոլոր արտագաղթած արցախցիները, բայց շատերը աստիճանաբար կվերադառնան Արցախ։ Կվերադառնան, որովհետեւ այնտեղ իրենք ավելի բարեկեցիկ կարող են ապրել, քան հիմա են ապրում, կվերադառնան, որովհետեւ հայրենի տան ու հողի հետ իրենց էմոցիոնալ ու գիտակցական կապը դեռ ամուր է։
Պատրաստեց՝ ՊԵՏՐՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
10.02.2024