Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանական մարդը քանի ապրում է, վախենում է»

Փետրվար 12,2024 12:00

Հարցազրույց արձակագիր Մհեր Իսրայելյանի հետ

– Այս տարի Վրեժ Իսրայելյանը 75 տարեկան կդառնար:

– Այո, տասնմեկ տարի առաջ կորցրեցինք նրան, ու հոգումս առաջացած հսկայական վիհը փորձում ու փորձում եմ լցնել, բայց չեմ հաջողում։ Պատմվածքներն եմ կարդում ու ամեն անգամ տողատակերում նոր բան հայտնաբերում, հաճախ մարգարեական։ Երբեմն իմ պատմվածքներով եմ երկխոսում հետը։ Ինձ թվում է, թե վերջին պահին հասցրեց հրաշքով մի անտեսանելի բան փոխանցել ինձ ու հիմա երկնքից խորհրդվոր ժպտում է։

– «Տոնապետ» գրական մրցույթի մասին:

-Հիմնադրել եմ Վրեժ Իսրայելյանի «Տոնապետ» հայտնի պատմվածքի խորհրդանշական անվանումով տարվա լավագույն պատմվածքի ամենամյա գրական մրցույթը։ Մրցույթի նպատակն է ոչ միայն հարգանքի տուրք մատուցել հորս հիշատակին ու գրական ժառանգությանը, այլեւ խթանել պատմվածքի ժանրի զարգացմանը հայ ժամանակակից արձակի ուղեծրում։ Ամենակարեւոր չափանիշը լինելու է պատմվածքի գեղարվեստական արժանիքը։ Այս տարվա համար 148 հայտ ենք ստացել, ու փորձելու եմ Վրեժ Իսրայելյանի աչքերով էլ կարդալ ու ժյուրիի հարգարժան անդամների անշահախնդիր աջակցությամբ գլուխ բերել այդ դժվար գործը։ Եզրափակիչ փուլի համար ընտրվելու են 15 ստեղծագործություն, որոնց միջից էլ որոշելու ենք հինգ դափնեկիրներին ու Վրեժ իսրայելյանի ծննդյան օրը, ապրիլի 2-ին ացկացնենք մրցանակաբաշխությունը։ Ամեն ինչ անելու եմ, որ անաչառության ու արդարության նկատմամբ խարխլված հավատը քիչ թե շատ վերականգնեմ։

– Հանգիստ եք, երբ…

– Աշխարհում եւ մեր երկրում ամեն ինչ լավ է, բայց այդպես երբեք չի լինում, հետեւաբար հոգու ներդաշնակություն գտնելու համար փորձում եմ փիլիսոփայորեն նայել կյանքին՝ թե անձնական եւ թե անանձնական հարթությունում։

– Մարդկանց մեջ փնտրում եք…

– Մարդկանց մեջ փնտրում եմ աստվածայինը, փորձելով անտեսել դիվայինը։

– Հավատում եք…

– Աստծուն, մարդուն, մարդկության լավ ապագային, գուցե հեքիաթին։

– Սերը նման է…

– Չգիտեմ ինչի է նման, բայց սերը հենց այն է, որ բոլորը խոսում են այդ մասին, բայց ոչ ոք խելքը գլխին պատասխան չի գտել բանաձեւելու այն։ Եթե փորձեմ՝ երեւի կյանքի իմաստն է։ Առանց մարդու, երկրի, կյանքի հանդեպ սիրո աշխարհն այլ կլիներ, շատ ավելի վատը։

– Հեռավորության մասին…

– Հաճախ շատ բաներ հեռվից ավելի լավ են երեւում։ Եթե ավելի լուրջ՝ մեր օրերում հեռավորության գաղափարը փոքր ինչ արժեզրկվել է, աշխարհը գնալով սեղմվում ու սեղմվում է։

– Ներքին մենախոսությունը:

– Մարդու մտածելու կարողությունն է հենց մարդուն մարդ սարքում, այլապես կապավինեինք միայն մեր բնազդներին։ Իսկ ի՞նչ է մտածելը, եթե ոչ մենախոսություն։ Կյանքի ճակատագրական պահերին մեր ականջն ուղղում ենք սրտի կողմը, որ տեսնենք թե ինչ կհուշի, ու չի խաբում, որպես կանոն։

– Ամեն ինչ սկսվեց, երբ…

-Ի սկզբանե էր բանը, ավելացնելու ոչինչ չունեմ։

– Ինքնաներշնչանքը…

– Ինքնաներշնչանքը հենց ձեր ասած ներքին մենախոսությունն է որ կա, իմ կարծիքով։ Ստեղծագործողի համար թերեւս մուսան, քանզի եթե չունենաս այդ ներշնչանքը, դժվար թե լավ բան կարողանաս երկնել։

– Ապրում եք ներկայով թե՞…

– Ապրում եմ ներկայով, բայց առանց երազանքների կյանքը դժվար կլինի, երազանքն է օգնում առաջ շարժվել։

– Մանկության լուսավոր հիշողությունը:

-Մանկության լուսավոր հիշողությունը հետապնդում է բոլորին, անկախ այն բանից, թե ինչ մանկություն է ունեցել մարդը։ Ես բախտավոր եմ, որ կարող եմ մանկությունից եկած լույսը արտացոլել իմ ստեղծագործություններում։ Կարծում եմ գրողի ամենաազնիվ գործերը հենց նրանք են, որ սնվել են մանկության հուշերից։

– Ընկերների մասին:

– Իսկական ընկերներն այն մարդիկ են, որ քո հետ են անցնում քո կյանքի ճանապարհը։ Ընկերության հրաշալի գաղափարը ինձ ոգեշնչել է իմ շատ պատմվածքներում ու վեպերում։ Կարելի է ասել առանցքային թեմաներից մեկն է։

– Կյանքի լավագույն ակնթարթը:

– Հրաշալի ակնթարթներ շատ են եղել, դժվար է առանձնացնել, թերեւս նշեմ առաջնեկ որդուս ծնունդը, երբ առաջին անգամ հասկացա թե ինչ աստվածային բան է մարդու ծնունդը, աշխարհի ամենաառեղծվածային երեւույթը։

– Սիրելի զբաղմունքը:

– Քանի որ մշտական աշխատանքս գրականության հետ անմիջական կապ չունի, հենց գրականությունն էլ դարձել է սիրելի զբաղմունք։ Նաեւ՝ ֆուտբոլի համար եմ գժվում, ինպես իրեն հարգող ցանկացած տղամարդ։

– Երջանիկ լինելու համար…

– Մարդ պետք է ներդաշնակ լինի ինքն իր հետ եւ շրջապատի հետ։

– Լավագույն խորհուրդը, որ երբեւէ ստացել եք:

– Այն խորհուրդներին, որոնք կարող էին գուցե լավագույնը լինել, չեմ հետեւել, բայց կյանքի ճակատագրական որոշումները կայացրել եմ ինքս, միայնակ ու չեմ փոշմանել։ Ի վերջո, մենք ենք մեր ճանապարհի տերը։

– Ինչո՞ւ հենց այս մասնագիտությունը։

– Եթե նկատի ունեք դիվանագետի մասնագիտությունը, ապա այն պայմանավորված էր նորանկախ երկրի համար մի լավ բան անելու ներշնչանքով, իսկ պաշտպանության ոլորտում հայտնվել եմ հանգամանքների բերումով։ Թեեւ անցյալը եթեներ չի հանդուրժում՝ եթե հիմա որոշեի, այլ ճանապարհ կբռնեի, թերեւս դեպի արվեստ ու գրականություն տանող։ Մյուս կողմից իմ մասնագիտական գործունեությունը շատ է սնուցել ստեղծագործական միտքս ու հարստացրել աշխարհայացքս։

– Վախերը:

– Բանական մարդը քանի ապրում է, վախենում է, ու կյանքն էլ հենց այդ վախերը հաղթահարելու մի մարտահրավեր է։ Ես վախենում եմ հարազատ մարդկանց կորցնելուց, նկատի չունեմ ֆիզիկապես, ավելի շատ հոգեկան հիասթափության առումով։

– Երազանքների մասին:

– Անձնական երզանքներս սովորական մարդկային երազանքներ են իմ ընտանիքի ապագայի ու ստեղծագործական ծրագրերի շուրջ, բայց ավելի մեծ առումով երազում եմ, որ իմ ժողովուրդն ու երկիրը մի օր բուժեն վերքերն ու գտնեն կորցրած դեմքն ու հավատը։

– Ի՞նչ եք թողել անցյալում:

– Անցյալում եմ թողել կորցրած հարազատներ, հաղթանակներ ու պարտություններ։ Ամեն դեպքում մարդը, նաեւ երկիրը պետք է սիրեն իրենց անցյալը, սիրեն, բայց առաջնորդվեն միմիայն առաջ նայելու սկզբունքով, ժամանակը առաջ է հոսում։

– Կարոտը նման է…

– Կարոտը հենց անցյալի քաղցր ակնթարթները վերապրելու ցանկությունն է, մարդկային բոլոր զգացմունքների մեջ թերեւս ամենամարդկայինն ու բնականը։

– Հասցնու՞մ եք ապրել:

– Ուզենք թե չուզենք, ապրում ենք։ Եթե նկատի ունեք ապրել՝ վայելքի իմաստով, ուրախությունն ու վիշտը մեր դեպքում մեկտեղված են ու իրարից անբաժան, սա է կյանքի անխուսափելի ընթացքը։

– Հեքիաթների մասին…

– Հեքիաթին հավատում եմ։ Հեքիաթում են իրականանում մեր բոլոր երազանքները։ Եթե չհավատայի, չէի տրվի հեքիաթ գրելու գայթակղությանը։ Հեքիաթավեպը, որ մեր երկրի երեսնամյա պատմության թերեւս այլընտրանքային արտացոլանքն է, այսինքն՝ թե ինչպես կուզեինք որ լիներ, գրում եմ հիմա, ու կհրատարակվի մոտ ապագայում։

– Կյանքի ամենամեծ դասը:

– Կյանքիս ամենամեծ դասը թե՛ անձնական թե՛ ազգային իմաստով այն է, որ ճշմարտությունը պետք է ընդունել որպես ճշմարտություն եւ չտրվել ինքնախաբկանքին ու պատրանքներին։ Մինչեւ մեր ժողովուրդը չսովորի դաս քաղել պատմությունից, միշտ կմնա անցյալից դաս քաղելու արատավոր շրջապտույտի մեջ։ Ինչպես հայրս է գրել իր Տոնապետ պատմվածքում «Եթե Հայաստանը Տոնապետի չափ խելք ունենար, հազար ոսկի կծախսեր, որ իր մեկ ոսկին հետ բերեր»։ Հենց այս բանաձեւն է, որ պիտի առաջնորդի մեզ։

Զրուցեց
Ամալյան ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829