Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ու ԱԳՆ-ն պետք է մերժեն Ադրբեջանի նկրտումներն Արցախի նկատմամբ եւ պահանջեն միջազգային դերակատարներից՝ ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը»

Փետրվար 12,2024 13:30

«Առավոտի» զրուցակիցն է արցախցի վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը։

-Պարոն Կարաբեկյան, փետրվարի 7-ին տեղի ունեցան Ադրբեջանի նախագահական ընտրություններ, Ալիեւը ցուցադրաբար քվեարկեց Արցախում։ Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները։

-Ալիեւի կողմից իրեն՝ որպես «խոսքի տեր տղամարդ» եւ «հաղթող տղամարդ» ցուցաբերելու փորձերը ցույց են տալիս, որ նրա գահավիժումն անկասելի է, եւ հետագայում դրա թափը միայն կարագանա: 2020 թվականի պատերազմի նախաշեմին Ադրբեջանը հայտնվել էր հեղափոխության եւ քաղաքացիական պատերազմի շեմին, որի խորքային եւ համակարգային պատճառները անհնարին է վերացնել «հաղթական պատերազմում» ձեռք բերված քաղաքական դիվիդենդների հաշվին: Այդ պատճառները վերացնելն ու մեղմելն անհնարին է, որովհետեւ դրանք պայմանավորված են ալիեւյան կլանի եւ նրանց արտասահմանյան բարեկամների նավթային, գազային, զենքի շրջանառության եւ այլ բիզնես շահերով, ինչպես նաեւ վերջիններիս աշխարհաքաղաքական նկրտումներով: Համամիտ եմ, որ դրանցից են Հարավային Կովկասում իր ազդեցությունը ամրապնդելու Թուրքիայի փորձերը, Ադրբեջանի տարածքը Իրանի վրա հարձակման համար Իսրայելի եւ նրա դաշնակիցների կողմից օգտագործելը: Ինչպես տեսնում ենք, Բաքուն շարունակում է վճարել եւ բավականին թանկ կվճարի իր «դաշնակիցներին» Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմում իրեն «նվիրված» հաղթանակի համար։

-Նույն օրը Հայաստանի խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 1989 թվականի Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի վերամիավորման որոշումն իրավական ուժ չունի, որովհետեւ 1991 թվականին Խորհրդային Միության սահմանադրական հանձնաժողովն այն ճանաչել է Խորհրդային Միության Սահմանադրությանը հակասող։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Ըստ իս՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումն իրավական առումով անթերի եւ նույնիսկ առաջադեմ որոշում է։ Նախ, դրա հիմքում պատմական արդարության վերականգումն է: Արցախի հարցը դիտարկվում էր ոչ միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման, Հայաստանի անկախացման համատեքստում Արցախի հարցի լուծում, այլ նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից 1918-1920 թվականներին Հարավային Կովկասում, Հայաստանում եւ Արցախի խորհրդային շրջանում թույլ տրված հավաքական իրավունքների վերականգնում:

Փաստորեն, Արցախի հարցը դիտարկվում էր՝ առաջինը, որպես Արցախից սկսված, Հայաստանի եւ համայն համայն հայության կողմից աջակցություն ստացած ազգային-ազատագրական պայքարի նոր ալիք, երկրորդ, նախ միջազգային իրավունքի, այնուհետեւ՝ խորհրդային եւ հայկական օրենսդրության համատեքստում։ Այդ առումով ես միանում եմ այն իրավաբաններին եւ քաղաքագետներին, որոնք պնդում են, որ այդ որոշման ենթախորքում Արցախի հիմնահարցը դիտարկելը ավելի շահեկան էր եւ շահեկան է, քան վերը նշված ԽՍՀՄ օրենքի կամ օրենսդրության հարցը։

Այդուհանդերձ, Արցախի հարցում նաեւ պետք է առաջնորդվենք ԽՍՀՄ 1990 ապրիլի 3-ի օրենքով, որը կարգավորում է միութենական հանրապետության կողմից ԽՍՀՄ կազմից դուրս գալու հետ կապված հարցերի լուծումը՝ վերագրելով ոչ միայն ինքնավար հազմակերպություններին, այլ նաեւ կոմպակտ ապրող ազգային խմբերին իրենց կարգավիճակի հարցերը ինքնուրույն տնօրինելու իրավունքը: Նրանք կարող էին մնալ ԽՍՀՄ կազմում, հռչակել պետական անկախություն, միանալ այլ միութենական հանրապետություններին: Ի դեպ՝ ԽՍՀՄ տարածքում միայն Հայաստանն ու ԼՂՀ-ն (այժմ՝ Արցախի Հանրապետությունը) են անկախ պետության ստեղծումը եւ ԽՍՀՄ կազմից դուրս գալն իրականացրել վերը նշված օրենքի տառին համապատասխան: Բնակչության մեջ անցկացրել են հանրաքվե, այնուհետեւ, հանձին բարձրագույն պետական իշխանության մարմինների, հռչակել պետական անկախություն եւ տեղյակ պահել ԽՍՀՄ պետական մարմիններին, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին: Այսինքն, հիմք ընդունելով պարոն Փաշինյանի փաստարկները, մենք եւ, ի դեպ, նաեւ ինքը եւ ՀՀ ԱԳՆ-ն, պետք է մերժենք Ադրբեջանի նկրտումները Արցախի նկատմամբ եւ պահանջենք միջազգային դերակատարներից՝ ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը եւ Արցախի Հանրապետությունը՝ վերականգնելով այն ստատուս-քվոն, որը ձեւավերվել մինչեւ 44-օրյա պատերազմը։

-Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են Սահմանադրության փոփոխություններ եւ չեն թաքցնում, որ ցանկանում են նաեւ նախաբանը փոխել, որտեղ հղում է արվում Անկախության հռչակագրին։ Իսկ Անկախության հռչակագրում հիշատակվում է Հայաստանի եւ Արցախի վերամիավորման վերոնշյալ որոշումը։ Այս պահանջը Բաքվից է հնչում, դա նաեւ Ալիեւը բաց հայտարարեց։ Ինչպե՞ս եք գնահատում, որ Բաքվի պահանջով նման փոփոխություն կատարվի։

-Ռուսական գաղութատիրությունը փոխարինվում է թուրք-ադրբեջանականով: Ցանկացած նման փոփոխություն նախ վտանգավոր է արմատական-ազգային շահերի եւ իրավունքների տեսակետից: Հայաստանի եւ Արցախի անկախացման գործընթացը սկսել է Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով՝ 1988 Շարժումով: Ուրանալ Արցախի դատը, ուրանալ 1989 թվականի դեկտեմբերի, 1990 թվականի օգոստոսի, 1991 թվականի սեպտեմբերի, 1992 թվականի փետրվարի ՀՀ եւ ԼՂՀ պետական մարմինների կողմից ընդունված այն որոշումները, որոնք հաստատել են ՀՀ եւ ԼՂՀ/Արցախի Հանրապետության պետականության հիմքերը, նշանակում է ուրանալ մեր պետական անկախությունը, ազգային դատը եւ արժանապատվությունը:

Հաջորդը, եթե Բաքուն եւ Անկարան են որոշում մեր օրերի հայկական պետության սահմանադրական կարգը, ապա մենք այդպիսով ընդունում ենք նրանց՝ Հայաստանի գաղութացման եւ պետականության մնացորդի վերացման ծրագիրը: Որքանով տեղյակ եմ, Բաքուն Հայաստանին պարտադրում է ՀՀ սահմանադրա-իրավական փոփոխությունների մի ողջ փաթեթ, որոնք Անկարան բացահայտորեն սպառնալից տոնով հորդորեց ընդունել: Դրա հետ մեկտեղ «առաջարկում են» փոփոխություններ մտցնել զինանշանի, պաշտպանության եւ այլ բնագավառներում:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829