Լրահոս
Օրվա լրահոսը

Տեստոստերոնը կնոջ օրգանիզմում․ չափի մեջ՝ խիստ անհրաժեշտ, չափից ավելի՝ տհաճ ու վտանգավոր

Փետրվար 12,2024 09:30

Տեստոստերոնն արական հորմոն է համարվում, սակայն ոչ մեծ քանակությամբ արտադրվում է նաև կանանց օրգանիզմում, մասնավորապես ձվարաններում և մակերիկամներում։ Իգական հորմոնի՝ էստրոգենի հետ միասին տեստոստերոնը կարևոր դեր ունի կանանց վերարտադրողական համակարգի հյուսվածքների ու ոսկրային զանգվածի աճի ու պահպանման գործում, անգամ կարող է ազդել կնոջ վարքագծի վրա։

Սակայն կնոջ օրգանիզմում տեստոստերոնի՝ նորմայից բարձր մակարդակը մի շարք տհաճ ախտանշաններ է առաջացնում՝ հուշելով առողջական որոշ խնդիրների մասին։ Այս հոդվածում մենք դիտարկում ենք մի քանի վիճակներ, որոնց դեպքում կանանց օրգանիզմում բարձրանում է տեստոստերոնի մակարդակը՝ առաջացնելով մի շարք բնորոշ ախտանշաններ։

Տեստոստերոնի նորմալ միջակայքեր են համարվում՝

տղամարդկանց մոտ՝ 2,8 – 8,0 նգ/մլ,
կանանց մոտ՝ 0,1 – 0,8 նգ/մլ։

Իհարկե, օրգանիզմում արտադրվող հորմոնների մակարդակն անընդհատ փոփոխվում է, սակայն տեստոստերոնի ամենաբարձր մակարդակը սովորաբար առավոտյան է լինում։

Կնոջ օրգանիզմում տեստոստերոնի բարձր մակարդակի մասին հուշող ախտանշանները

Սեռական այս հորմոնի անհավասարակշռությունը կանանց մոտ կարող է դրսևորվել նաև արտաքնապես՝ ազդելով ընդհանուր առողջության վրա։ Օրինակ, տեստոստերոնի բարձր մակարդակը կարող է առաջացնել

  • ակնե,
  • ձայնի կոպտություն,
  • մազակալում,
  • անկանոն դաշտան,
  • կրծքագեղձի չափսի փոքրացում,
  • մկանային զանգվածի մեծացում և այլն։

Տեստոստերոնի շատ բարձր մակարդակը կարող է չբերության պատճառ դառնալ։

Կնոջ օրգանիզմում տեստոստերոնի բարձր մակարդակի հետ կապվող խնդիրները

Կանանց օրգանիզմում տեստոստերոնի բարձր մակարդակը, սովորաբար, պայմանավորված է որևէ հիվանդության առկայությամբ, այդ թվում՝

Մակերիկամների բնածին հիպերպլազիա

Այս տերմինով ընդհանուր առմամբ նկարագրվում է մակերիկամներն ախտահարող ժառանգական հիվանդությունների խումբը։
Մակերիկամներն արտադրում են կորտիզոլ և ալդոստերոն հորմոնները, որոնք կարևոր դեր ունեն նյութափոխանակության և զարկերակային ճնշման կարգավորման հարցում։ Մակերիկամների կողմից արտադրվում են նաև տեստոստերոն և դեհիդրոէպիանդրոստերոն հորմոնները։

Մակերիկամների բնածին հիպերպլազիա ունեցող մարդկանց մոտ բացակայում է ֆերմենտներից մեկը, որն անհրաժեշտ է այդ հորմոնների արտադրությունը կարգավորելու համար, այդ պատճառով արտադրվում է չափազանց քիչ կորտիզոլ և չափից շատ տեստոստերոն։ Հիվանդությունը կարող է լինել ինչպես թեթև (ոչ դասական), այնպես էլ ծանր (դասական) տիպի։

Հիվանդությունը կանանց մոտ դրսևորվում է այսպիսի ախտանշաններով՝

  • ձայնի կոպտություն,
  • դեմքի, մարմնի մազակալում,
  • անկանոն դաշտան կամ դաշտանի բացակայություն,
  • ծանր ակնե,
  • ավելի ցածր հասակ և այլն։

Թեև հիվանդությունը բուժում չունի, սակայն մարդիկ կարող են ստանալ սիմպտոմատիկ բուժում, ինչը նշանակալիորեն բարելավում է իրենց կյանքի որակը։

Հիրսուտիզմ

Հիրսուտիզմը մազերի անցանկալի աճն է, որը հորմոնալ բնույթի խնդիր է և կապվում է ժառանգականության հետ։
Հիրսուտիզմը կանանց մոտ դրսևորվում է մուգ և կոպիտ մազածածկույթով, մասնավորապես մեջքի ներքևի հատվածում, կրծքագեղձերի, դեմքի վրա։

Տեստոստերոնի չափից դուրս բարձր մակարդակի դեպքում զուգահեռ կարող են առաջանալ նաև ակնե, ճաղատություն, ձայնի խռպոտություն, մկանային զանգվածի ավելացում և կրծքագեղձերի չափսի փոքրացում։

Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ

Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը հորմոնալ հիվանդություն է, որը բավականին տարածված է վերարտադրողական տարիքում գտնվող կանանց շրջանում։

Հիվանդության ախտանշաններն են՝

  • քաշի ավելացում,
  • հղիանալու հետ կապված խնդիրներ,
  • ճարպոտ, պզուկոտ մաշկ,
  • մազակալում և այլն։

Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը կարող է մի շարք բարդություններ առաջացնել, այդ թվում՝

  • դեպրեսիա,
  • սրտային հիվանդություններ,
  • չբերություն,
  • վիժում,
  • ճարպակալում,
  • քնի ապնոէ,
  • 2-րդ տիպի դիաբետ։

Ձվարանների պոլիկիստոզի առաջացման պատճառները լիովին բացահայտված չեն, սակայն մասնագետներն առանձնացնում են ինսուլինի և ժառանգականության ռիսկի գործոնները։

Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակն ախտորոշվում է ֆիզիկական զննմամբ, արյան անալիզի, ուլտրաձայնային հետազոտության միջոցով։

Տեստոստերոնի բարձր մակարդակի բուժումը կախված է առաջնային խնդրից։ Դեղորայքային բուժումից զատ բժիշկը կարող է խորհուրդ տալ կենսակերպի որոշ փոփոխություններ, որոնք կարող են նպաստել խնդրի թեթևացմանը, օրինակ՝

Քաշի կարգավորում․ որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ավելորդ քաշի նվազեցման արդյունքում մեծանում են հղիանալու, դաշտանային ցիկլի կարգավորման հնարավորությունները։

Առողջ, հագեցած սննդակարգ, որում սահմանափակվում է շաքարով, ռաֆինացված ածխաջրերով հարուստ վերամշակված մթերքների օգտագործումը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829