«Նախ պետք է արձանագրել, որ միջազգային առնվազն երեք ձեւաչափերում ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության սկզբունքները համաձայնեցված են»,- բրիտանական The Telegraph-ի թղթակցի հարցին, թե որտե՞ղ եք հիմա Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում եւ ինչո՞ւ է ձգձգվում խաղաղության պայմանագիրը, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նույն հարցին շարունակելով պատասխանել՝ Նիկոլ Փաշինյանը հավելեց.
«… Ըստ էության, ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են: Նախորդ տարեվերջին մեզ թվում էր, որ շատ մոտ ենք վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, բայց սկզբից Ադրբեջանը երեք անգամ հրաժարվեց մասնակցել տարբեր ձեւաչափերով բանակցություններին, որից հետո նշանակվեցին Ադրբեջանում նախագահական ընտրություններ եւ, ըստ էության, այս կետի վրա ենք: Ենթադրում եմ, որ Ադրբեջանում ընտրություններից հետո այս կետերի շուրջ կկարողանանք հասնել իմպլիմենտացիայի, եթե քաղաքական կամք լինի: ՀՀ կառավարությունը, ինչպես նախկինում, ունի այդ քաղաքական կամքը մեր տարածաշրջանում գնալ խաղաղության:
Այն, որ այսքան ժամանակ ենք կորցրել, այդքան էլ դրական նշան չէ:
Կարդացեք նաև
Հունիսի մեկին Քիշնեւում տեղի ունեցավ հնգակողմ հանդիպում, որին մասնակցում էին Ֆրանսիայի, Գերմանիայի ներկայացուցիչները, Եվրամիության խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահն ու ես: Պայմանավորվածություն ձեռքբերվեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Գրանադայում 2023 թվականի աշնանը: Բայց Ադրբեջանը հրաժարվեց այդ հանդիպմանը մասնակցել: Դրանից հետո Բրյուսելի հանդիպմանը հրաժարվեց մասնակցել ու եթե գումարում ենք այն իրադարձությունները՝ ռազմական հարվածներ հասցվեցին Լեռնային Ղարաբաղին, հայաթափվեց էթնիկ զտումների հետեւանքով, պարզապես ես ձեր կոնկրետ հարցին պատասխանեցի՝ կենտրոնանալով ձեր հարցի բուն բովանդակության վրա, բայց ինչու ընդհատեցի ձեր հարցը դրական հնչելու կետի վրա: Երբ այս իրադարձություններն իրար կողքի ենք դնում, օրինակ ՀՀ-ում կան վերլուծաբաններ, որոնք կարծում են, որ այս ամեն ինչը նշանակում է, որ Ադրբեջանը քայլ առ քայլ հրաժարվում է միջազգային հարթակներում մեր միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ