Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնազավթված Արցախում շարունակվում է հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման ադրբեջանական պետական քաղաքականությունը

Փետրվար 11,2024 22:19

Հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման ադրբեջանական պետական քաղաքականությունը բռնազավթված Արցախում շարունակում է երկրաչափական պրոգրեսիայով աճել:

Ադրբեջանական «REAL TV» ալիքն իր յութուբյան հարթակում փետրվարի 4-ին հրապարակեց տեսանյութ՝ օկուպացված Ստեփանակերտից: Տեսանյութի նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցու խաչը հանված է։ Տեսանյութում բացակայում է նաև բակում գտնվող խաչքարը: Հետագայում այլ տեղեկատվության պարագայում հանդես կգանք հավելյալ հրապարկմամբ: Եկեղեցու հիմքերը դրվել են 2005 թվականի սեպտեմբերին, իսկ կառուցման աշխատանքները տևել են շուրջ 1,5 տարի՝ մինչև 2007 թ.-ի մայիսի 6-ը:

Փետրվարի 6-ին ֆեյսբուքյան օգտատեր Մխիթար Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան օգտատեր Ռաֆիկ Մեխտիևն իր էջում բռնազավթված Ստեփանակերտից հրապարակակել է հերթական տեսանյութը, որում բացակայում էր Ադմիրալ Իսակովի կիսանդրին: Մ. Կարապետյանը հավելեց, որ այդ մասին նաև հրապարակվել է տելեգրամյան ալիքում: Համապատասխան մշտադիտարկումներից պարզեցինք, որ նշված տեսանյութը Ռաֆիկ Մեխտիևը հրապարակել է հունվարի 30-ին:

Այդ տեսանյութում ակնհայտ երևում է, որ Ստեփանակերտի Ադմիրալ Իսակովի փողոցում տեղադրված հերոսի կիսանդրին ևս դարձավ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության զոհ: Ադմիրալ Իսակովի կիսանդրին տեղադրվել է նրա անունը կրող փողոցում 2018 թվականին: Կիսանդրու հեղինակը քանդակագործ Ալբերտ Հարությունյանն է:

Ստեփանակերտում տեղի ունեցած հերթական վանդալիզմի մասին ահազանգեց Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով ադրբեջանցիների կողմից քանդված Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի լուսանկարները:

Փետրվարի 9-ին «Արարատ» տելեգրամյան ալիքը հրապարակեց բռնազավթված Հադրութում տեղի ունեցած հերթական սրբապղծության լուսանկար: Արցախի Հադրութի՝ պատմական Դիզակի տարածքում գտնվող ադրբեջանական օկուպացիոն զորքերի օկուպանտի կողմից պղծվել է Հադրութի Սբ․ Հարություն եկեղեցու բակում գտնվող վանականներից մեկի տապանաքարը:

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը:

ՀԱՅՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829