«Հրապարակի» զրուցակիցը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն է:
-Փետրվարի 7-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեցիք կառավարությանը՝ առաջարկելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցն առանձնացնել այդ փաթեթից և ներկայացնել առանձին, որպեսզի նրանց ազատ արձակման հարցն ավելի արագ լուծվի: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ գերիների, պատանդների ու պահվող անձանց խնդիրը շարունակում է մնալ իշխանության հանդիպումների օրակարգում, մշտապես անդրադառնում են դրան։ Ինչ վերաբերում է իրավական խնդիրներին, ապա ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրն ընդհանուր փաթեթից առանձնացնելու հարցին նա չի կարող պատասխանել, քանի որ իրավական վերլուծության կարիք կա։ Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանին գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների ճակատագիրն այնքան էլ հետաքրքիր չէ: Ի՞նչ տպավորություն ստացաք Դուք Փաշինյանի պատասխանից:
-Բացառիկ զգայուն թեմա է։ Իրավական գործընթացներին զուգահեռ, Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների, այլ անձանց և ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը քաղաքական և դիվանագիտական ջանքերի գերլարում և սևեռում է պահանջում, ամենօրյա աշխատանք։ Իմ խորին համոզմամբ՝ դա բանակցային գործընթացի առանցքային հարցերից մեկը պիտի լինի։ Ցավով եմ բարձրաձայնում, բայց ես այդ նախանձախնդրությունը չեմ տեսնում, մինչդեռ սա մեր՝ իբրև պետություն և ժողովրդի, արժանապատվության հարցն է։ Բայց արժանապատվություն է մնացել։ Հայաստանի կամազուրկ, պարտված իշխանությունները Բաքվի խոսափողն են դարձել՝ լեգիտիմացնելով նրանց պահանջները, վերաձևելով ու հարցականի տակ դնելով Հայաստանի ապագան։ Հիշո՞ւմ եք՝ «գերիները կարող են մի երկու ամիս մնալ Բաքվի բանտերում» խոսույթը։
Ի վերջո, այս ողբերգական իրականությունը այս քաղաքական ուժի վարած արտաքին և ներքին քաղաքականությունների հետևանքն է, Արցախն ուրանալու հետևանքը։ Քաղաքագիտական անքննելի ճշմարտություն է՝ պարտվողից կորզում են ամեն բան, մանավանդ եթե պարտվողը շարունակում է մնալ բանակցողը։ Ադրբեջանը հակամարտությունը լուծված և փակված է համարում ռազմական ագրեսայի, ուժի և ցեղասպանության ճանապարհով, նա բացահայտորեն մերժել և անտեսել է Մարդու իրավունքների, Արդարադատության միջազգային դատարանների որոշումները։ Հայաստանը Եվրոպական դատարանում միջպետական 4-րդ գանգատն է ներկայացրել, ուր ներառված են համալիր հարցեր՝ Լաչինի ապաշրջափակում, փախստականների իրավունքներ, մշակութային ժառանգության պաշտպանության, ներառյալ գերիների և պատանդառված Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հարցը։ Բացառիկորեն գնահատում եմ Եղիշե Կիրակոսյանի գործունեությունը, բայց կրկնվեմ՝ խնդիրը ոչ միայն միջազգային իրավական, այլ հատկապես քաղաքական և դիվանագիտական ջանքերի համադրում է պահանջում։ Դա պիտի լինի ՀՀ օրակարգային առաջնահերթություն։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում