Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ գյուղի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով ցուցմունքներ են անտեսվել․ փաստաբան

Փետրվար 11,2024 11:30

«Ժողովուրդ» – 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված կացարանում զոհված 15 զինծառայողների գործով ինժեներասակրավորային վաշտում հակահրդեհային անվտանգության համապատասխան միջոցներ չձեռնարկելու, այդ թվում կրակմարիչներ չտեղադրելու համար մեղադրյալի աթոռին են նույն վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանը և զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետ Տիգրան Ղազարյանը։ Գործը դատարանում է եւ երեկ դատարանում վերջիններիս պաշտպան Արթուր Գոյունյանն ուշագրավ հայտարարություն արեց.

«Նախորդ դատական նիստի ընթացքում գործով անարդարացիորեն և թյուրիմացաբար տուժող ճանաչված Լևոն Խառատյանին իմ և պաշտպանյալիս՝ Տիգրան Ղազարյանի կողմից համապատասխան հարցադրումներ կատարելուց և վերջինիս պատասխաններն ունկնդրելուց, ինչպես նաև համոզված եմ քրեական վարույթի 12-րդ հատորի Վ/Է 250-258-ում զետեղված Տիգրան Ղազարյանի իմ մասնակցությամբ 03.04.2023թ. իրականացված հարցաքննության արձանագրությունն ուշադիր ընթերցելուց հետո, Ձեզ մոտ էլ պետք է, որ համոզմունք ձևավորված լինի, որ վերջինս դեռևս 03.04.2023թ. վարույթ իրականացնող մարմնին տվել է գործով օբյեկտիվ իրականության բացահայտման բանալին և դրել դրա անկյունաքարը։

Վերոհիշյալի կապակցությամբ Տիգրան Ղազարյանը քրեական գործից անջատված վարույթով ըստ էության որևէ նոր բան չունի ասելու, վերջինս շահագրգիռ լինելով ճշմարտության և իր զինակից ընկերների մահվան իրական հանգամանքների բացահայտման հարցում, իր իսկ նախաձեռնությամբ վարույթ իրականացնող մարմնին արդեն իսկ տեղեկություններ տրամադրել է իրեն հայտնի ողջ տվյալների մասին, որպիսիք առանց զլանալու հարկ եղած դեպքում կարող է պնդել և շարունակել օժանդակել քննությանը դեպքերի զարգացման հաջորդականության մանրամասները վեր հանելու, ողջ իրականությունը պարզելու, ինչպես նաև անորոշության առկայության պայմաններում զանազան հավանական և անհավանական վարկածները հերքելու և մինչ այժմ անտեսված՝ իր կողմից հնչեցված ու մեր պատկերացմամբ ողջամիտ վարկածին առավելություն տալու համար։

Չնայած այն հանգամանքին, որ Դատարանը դեռևս չի հարցաքննել Տիգրան Ղազարյանին և չեն հետազոտվել նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքները, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստին կատարված հարցադրումների բովանդակությունը թեև բխում էր վարույթի նյութերից, սակայն շատերի համար այնուամենայնիվ անակնկալ էր, ուստի, ինչպես նաև այն, որ այժմ հավանաբար բոլորն արդեն իսկ վերընթերցել և մանրամասն ծանոթացել են Տիգրան Ղազարյանի հիշյալ ցուցմունքին, թույլ տվեք անհամեստորեն փաստել, որ քրեական վարույթի ողջ նյութերում չկա դեպքերի զարգացման իրական հաջորդականության վերաբերյալ համոզիչ և փաստարկված այլ ցուցմունք, քան Տիգրան Ղազարյանինն է, իսկ թե ինչու այն չի կարևորվել՝ դարձվել քննության առարկա և ստուգվել, անհասկանալի է։

Հետևաբար, նկատի ունենելով, որ Դատարանում ապացույցների հետազոտման որոշված հերթականությամբ անձանց հարցաքննելու և այդ ամենի արդյունքում օբեկտիվ ճշմարտության բացահայտմանը հանգելու հարցում կարևորագույն նշանակություն կարող են ունենալ Տիգրան Ղազարյանի վերոհիշյալ հարցաքննության արձանագրության մեջ առկա անտեսված տեղեկությունները, պաշտպանության կողմը հարկ է համարում կողմերի ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռել նշված հանգամանքի վրա։

Այժմ, երբ Տիգրան Ղազարյանի հիշյալ ցուցմունքով մատնանշված հանգամանքներն այլևս Դատարանի և կողմերի ուշադրության տիրույթում են, վերոհիշյալի համատեքստում կարծես ակնհայտ է դառնում, թե ինչո՞ւ և ի՞նչ մտավախությամբ պայմանավորված է, որ Լևոն Խառատյանը հստակ չի կարողանում «հիշել», թե ի՞նչ պատճառաբանությամբ է, որ չի կարողացել բացել ննջարանի դուռը և տագնապով տարհանել անձնակազմին, կամ ինքն ու Եղիշե Հակոբյանը ինչի՞ց ելնելով է, որ չեն կարողացել գործուն միջոցներ ձեռնարկել բռնկված կրակը հենց հրդեհի սկզբնական փուլում մարելու համար, կամ ինչի՞ց ելնելով է, որ նա ըստ էության աղավաղում և չի մատնանշում իր՝ որպես օրապահի պարտականությոնները և հատկապես ինչի՞ց ելնելով է, որ նրա ստացած այրվածքային վնասվածքներն իրենց բնույթով առավել տարածական ու ծանր են, քան Եղիշե Հակոբյանինը։ Ակնհայտ է, որ պատասխանը մեկն է՝ նա չէ, որ ի սկզբանե հայտնաբերել է հրդեհ բռնկվելու փաստը, դեպքերի զարգացման հաջորդականության վերաբերյալ Լևոն Խառատյանի պարզաբանումները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նա դեպքի բուն վայրում է հայտնվել այն ժամանակ, երբ ինչպես ասում են բանը բանից անցած է եղել, իսկ վերջինիս նման դիրքորոշումը պայմանավորված է ինքնապաշտպանական բնազդով, հակառակ պարագայում ստիպված պետք է լիներ քրեական պատասխանատվություն կրել որպես օրապահ բռնկված հրդեհը ժամանակին անձամբ չհայտնաբերելու համար, մինչդեռ, եթե իր պարտականությունները կատարեր հավուր պատշաճի անձնակազմին տագնապով տարհանումը խնդրահարույց չէր լինի, հետևաբար նաև չէին արձանագրվի ողբերգական արդյունքները»:

Գործի հանգամանքների պարզաբանման առումով՝ Քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությամբ վարույթ իրականացրած մարմնի կողմից հիմք ընդունված վարկածի համաձայն դեպքի օրը պատասխանատու սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը կացարանի նախասրահում տեղադրված վառարանը թեժացնելու համար օգտագործել է բենզին, ապա ձեռքում բռնկված բենզինով լի տարան դեն է նետել, որից էլ կացարանում բռնկվել է հրդեհ։ Եղիշե Հակոբյանն ու այդ պահին սրահում հայտնված օրապահ Լևոն Խառատյանը փորձել են մարել այն, սակայն նրանց դա չի հաջողվել և արդյունքում զոհվել են 15 զինծառայողները։ Մինչդեռ, համաձայն Տիգրան Ղազարյանի կողմից դեռևս նախաքննության ընթացքում տրված ցուցմունքի, ինչը փաստացի անտեսվել է և չի արժանացել համապատասխան գնահատականի, երբ Տիգրան Ղազարյանը հրդեհից որոշ ժամանակ անց կանչով ժամանել է կացարանի տեղակայման վայր, դրսում եղած զինվորն է նրան հայտնել այն մասին, որ հրդեհ բռնկվելու հանգամանքն առաջինն ինքն է նկատել՝ գտնվելով կացարանից որոշ հեռավորության վրա և իր ահազանգից հետո է, որ մինչ այդ վառարանի անհաջող թեժացումից հետո կացարանից դուրս փախած Եղիշե Հակոբյանն ու կացարանում բռնկված հրդեհից անտեղյակ Լևոն Խառատյանը իրազեկվել են հրդեհի մասին, ապա նոր միայն փորձել ինչ-որ բան ձեռնարկել, սակայն այդ ամենը եղել է ժամանակավրեպ, քանի որ «բանը բանից անցած է եղել»։

Այս կապակցությամբ, նախորդ նիստին՝ 26.01.2024թ., Լևոն Խառատյանին համապատասխան հարցադրում ուղղեց Տիգրան Ղազարյանն՝ առաջարկելով հարգել զոհվածների հիշատակը և հորդորեց տալ իրականությանը համապատասխանող ցուցմունք և չաղավաղել դեպքերի զարգացման հաջորդականությունը, մինչդեռ Լևոն Խառատյանը՝ պաշտպանի վերոհիշյալ հայտարարության տրամաբանության համաձայն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու մտավախությունից ելնելով է, որ տվել է իր իսկ շահերից բխող համապատասխան ցուցմունք, հակառակ դեպքում կհայտնվեր մեղադրյալի աթոռին՝ օրապահի պարտականությունները հավուր պատշաճի չկատարելու, մասնավորապես՝ բռնկված հրդեհը ժամանակին չհայտնաբերելու և դրանից բխող համապատասխան գործողություններ չկատարելու համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829