Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական բուրգի ներսից քայքայման գործընթաց է սկսվել․ «Հայացք Երևանից»

Փետրվար 11,2024 11:10

Որքան էլ առաջին հայացքից կուռ ու անսասան թվա ճակատագրերով միմյանց կապված համախոհների թիմը, որոնք միասին որոշակի ճանապարհ են կտրել-անցել՝ հայտնվելով իշխանության բաղձալի կատարին, միեւնույն է, միշտ գալիս է մի ժամանակ, երբ խլրտումն ընկնում է զինակիցների շարքերը, ինչպես ժանգը՝ խոնավ երկաթեղենի: Պատճառները կարող են տարբեր լինել, բայց արդյունքը դրանից չի փոխվում. ոմանց ակնկալիքներն են մնացել չբավարարված, ոմանցից բախտն է ուղղակի երես թեքել, իսկ շատերն էլ դարձել են իրենց իսկ չափազանցված ինքնագնահատանքի զոհը: Հաջողությունը հատուկենտ երջանիկների է բաժին հասել:

Ահա եւ առաջացել է այն իրավիճակը, որի մասին ասում են՝ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»: Ամենայն հավանականությամբ՝ «Քաղպայմանագրի» համար հենց այդ ժամանակն է եկել՝ խթանելով ներթիմային խմորումների սկզբնավորումը, որոնցից ոչ մի իշխանություն՝ համենայն դեպս հետանկախական Հայաստանում, ապահովագրված չի եղել: Թե որոնք են կամ ինչով են արտահայտվում ներքին խժդժությունների հիմքերն ու նախանշանները իշխանական ճամբարում, կփորձենք ցույց տալ վերջին օրերի աղմկոտ իրադարձությունների խորապատկերին, որոնցից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ իշխանական բուրգը ճաքեր է տալիս:

Հունվարի 31-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց խոշոր կոռուպցիոն հանցագործությունների մասին, որոնք տեղ են գտել Էկոնոմիկայի նախարարությունում եւ վերջինիս հետ փոխկապակցված «Սիներջի» ընկերությունում, որը IT ոլորտի ամենից հայտնի կառույցներից է: Հարուցված երկու քրգործերով ձերբակալվել էին տասնյակի չափ անձինք՝ Էկոնոմնախարարության փոխնախագահ Անի Իսպիրյանը, վարչությունների պետերից մեկը, ինչպես նաեւ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանն ու մի խումբ աշխատակիցներ, այդ թվում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կիրառվել էր երկամսյա կալանք:

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ մեծ աղմուկ հանած ձերբակալությունների հաջորդ օրերին սոցցանցերը ողողվել էին Ալեն Սիմոնյանի, նրա եղբոր ու եղբոր կնոջ լուսանկարներով՝ բոլորը ժպտադեմ: Ալենը կանգնած է մեջտեղում, աջ ձեռքով փարված եղբոր վզին, ձախով՝ եղբոր կնոջը՝ հավանաբար հասկացնելով, որ նրանք իր պաշտպանության տակ են: Եվս մեկ հատկանշական ուղերձ. նույն փետրվարի 2-ին Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» թեմայով համաժողովի իր բացման խոսքը ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նվիրեց Աշոտ Հովհաննիսյանի ու նրա աշխատանքի փառաբանմանը՝ ներկաներին խորհուրդ տալով կարդալ նրա «Վերելք» գիրքը, որը ելույթի ընթացքում ցուցադրում էր ամբիոնից:

Հովհաննիսյանը ԱԺ փոխխոսնակի մտերիմներից է, որն այսօր նեղ վիճակում է հայտնվել: Արշակյանն իր խոսքում բարձրաձայն՝ ոչ այնքան ի լուր դահլիճում նստածների, ընդգծեց, որ «Սիներջի» ընկերությունը, որի հիմնադիր-տնօրենը Հովհաննիսյանն է, ներգրավված է ՀՀ-ում խոշոր հարկատուների ցանկում եւ հարյուրավոր աշխատակիցներ պահող կազմակերպություն է: Եվ կոչ արեց ծափերով ողջունել նրան՝ գրեթե որպես օրվա հերոսի: Մարդիկ բռնվել են խոշոր յուրացումների մեջ՝ այն էլ պետական բյուջեից, իսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաները՝ փոխանակ թուք ու ամոթանք տալու, իրենց թեւերի տակ են առնում մեղադրյալներին՝ մեկն իր եղբոր տիկնոջը, մյուսն՝ իր մտերիմ ընկերոջը:

Սա ոչ միայն պետական մտածողության իսպառ բացակայության վկայություն է, այլեւ հաստատագրումն այն փաստի, որ իշխանական բուրգի ներսից քայքայման գործընթաց է սկսվել կամ, ինչպես սիրում են ասել կատակասերները, Նիկոլի «տունը» կռիվ է ընկել: ԱԺ նախագահի ու փոխնախագահի քայլերն ակնհայտ մարտահրավեր են՝ ուղղված ՔՊ-ական իշխանության դատաիրավական հատվածին եւ անձամբ այդ բնագավառը համադրող հայտնի անձնավորությանը, որի ենթակայության տակ են քննչական եւ հակակոռուպցիոն մարմինները: Մեծ հաշվով՝ դա օրենսդիր իշխանության բարձրագույն ղեկավարների ապտակն էր գործադիրի ղեկավարին, ինչը, կարծես թե, անպատասխան մնաց:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829