Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մանասյան. «Ասել, թե լինելու է խաղաղություն ու դա սերմանել թեկուզ կենացների, թեկուզ ղեկավարության մակարդակով, նշանակում է՝ տանել պարտության»

Փետրվար 10,2024 21:01

Հայաստանում զենքի մշակույթի ձեւավորմանը նպաստող «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպության համագումարը, որտեղ ամփոփվեցին 2023 թվականին կատարված աշխատանքները, ներկայացվեց առաջիկա հինգ տարիների ռազմավարությունն ու 2024 թվականին նախատեսվող ծրագրերը, մեկնարկեց կյանքից վաղաժամ հեռացած Արցախյան ազատամարտի մարտիկ, «Կարին» համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանի հիշատակին նվիրված Կարնո քոչարիով:

Համագումարի մեկնարկից առաջ «Ազատազէն» ՀԿ նախագահ Հրանտ Մանասյանը նախ մեկնաբանեց կառույցի անվան խորհուրդը. ազատ մարդ՝ հոգով եւ զինված՝ ֆիզիկական առումով:

«Ազատազէնը» 44-օրյա պատերազմի մասնակից ընկերներով հիմնադրել ենք երկու տարի առաջ: Պատճառներից մեկն այն էր, որ 2020 թվականի պատերազմում  հասկացել էինք, որ զենքի հանդեպ վերաբերմունքը անլրջացել է: Այսինքն, ժամանակակից պատերազմներում սովորական հրաձգային զենքը, իբր, իմաստը կորցրել է: Այս միֆը կոտրելու կարիք կար: Երկրորդ պատճառն այն էր, որ մենք իրականում դա էինք պարտության պատճառներից մեկը համարում:

Չկային քաղաքացիական հրաձգարաններ, երբ նման իրավիճակում գտնվող մի շարք երկրներ, օրինակ, Ֆինլանդիան, հարյուրավոր հրաձգարաններ ունի: Կարելի է ասել՝ ամեն գյուղ իր հրաձգարանն ունի: Հետեւաբար, համապարփակ պաշտպանության կոնտեքստում անհրաժեշտ է, որ հրաձգարաններ լինեն: Մեր գործունեության երկու տարվա ընթացքում արդեն հիմնել ենք չորս հրաձգարան՝ Երեւանում եւ մարզերում ու արդեն արձանագրել ենք ավելի քան 100 հազար այցելություն»,- ասաց Հրանտ Մանասյանը՝ նշելով նաեւ, որ «Ազատազէնը» իր պրոֆեսիոնալ հրահանգիչներով, որոնք ծառայել, կրթություն ստացել են  Հայոց բանակում եւ այլ երկրներում»:

Հրանտ Մանասյանը այսօրվա իշխանության կողմից իրականացվող խաղաղության քարոզի պայմաններում վստահ է, որ մարդիկ պետք է կարողանան զենքի հետ ճիշտ վարվել: «Անկախ նրանից, թե իշխանությունները բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում ինչ են ասում, ի վերջո պատերազմները լինում են: Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք համաշխարհային պատերազմի թոհուբոհի մեջ: Եվ որեւէ խոսք ու խոսույթ, որն ասվում է զինաթափելու, մարդկանց հիասթափեցնելու, պայքարելու մղումից զրկելու նպատակով, անխուսափելիորեն բերում է պարտության:

Սա հասարակական շարժում է եւ հասարակությունը սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ իրավունք ումի լինել պատրաստված, լինել զինված եւ իր երկրի պաշտպանության մեջ ունենա իր դերը:: Մենք փորձում ենք այդ իրավունքն իրականացնել եւ հուսով ենք, որ դա ի վերջո կբերի երկրի ուժեղացմանը»:

Մեր զրուցակիցն ասաց, որ ՊՆ-ն տեղյակ է իրենց գործունեության մասին, սակայն այս պահին ստորագրված համագործակցության պայմանագիր չկա:

«Պատերազմներում վիրավորների եւ զոհվածների հարաբերակցությունը նորմալ երկրներում 1-ին 10 է: Հայաստանում՝ 1-ին 2 է: Դա շատ վատ արդյունք։ Այսինքն, մարդիկ բուժօգնություն չգիտեն, զենքի հետ վարվելու կանոնները չգիտեն եւ պետք է սովորեն: Կրկնեմ, միեւնույն է, պատերազմ լինում է եւ դու պետք է պատրաստ լինես, իմանաս քո անելիքը ու ի վերջո հաղթում ես:

Առանց զենքի չկա արժանապատիվ խաղաղություն: Առանց զենքի կա մորթվել, պարտվել, ամեն ինչ, բացի խաղաղությունից: Լսել ենք չէ՞ հիբրիդային պատերազմի մասին: Այսինքն, հիմա էլ պատերազմի մեջ ենք: Իսկ եթե չես գիտակցում, որ պատերազմի մեջ ես, ուրեմն դու արդեն պարտված ես: Այնպես որ, ասել, թե լինելու է խաղաղություն ու դա սերմանել՝ թեկուզ կենացների, թեկուզ ղեկավարության մակարդակով, նշանակում է՝ տանել պարտության»:

Aravot.am-ի հարցին, թե սահմանամերձ մարզերում եւ հատկապես բնակավայրերում գործունեություն ծավալելո՞ւ են, 44-օրյա պատերազմի մասնակիցը դրական պատասխանեց, ասելով, որ այս տարի եւս երեք քաղաքացիական հրաձգարան են ստեղծելու մարզերում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829