Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը
Երևան քաղաքում համատարած կերպով տեղադրված ապօրինի, բնակչության կյանքի ու առողջության համար վտանգավոր բետոնհանգույցներն ապամոնտաժելու փոխարեն ՀՀ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքնակամ շինությունների օրինականացման համար այլևս չպետք է ընդառաջել քաղաքացիներին, այսինքն քանդելու ակնարկ արեց։
Այդ դեպքում երկրի ղեկավարն ու Երևանի քաղաքապետարանը ինչպե՞ս կպարզաբանեն Երևան քաղաքի տարբեր շինհրապարակներում ապօրինի տեղադրված այդ բետոնհանգույցների խնդիրը, որոնց շահագործման արդյունքում ողջ քաղաքը փոշու մեջ կորած է, բնապահպանական, առողջապահական լուրջ խնդիրներ են առաջանում, դրան գումարած նաև շինարարական անվտանգության նորմերի հնարավոր անտեսումը։ Շինարարներն իրենց գերշահույթի համար թիրախ են դարձրել հանրության առողջությունն ու կյանքը, իսկ իրավասու կառույցները դեռ լռում են, ինչը բացահայտ կոռուպցիոն ռիսկ է պարունակում։
Ո՞վ է այսպիսի անօրինական, բնակչության համար վտանգավոր «դաբռոն» տվել, ինչի՞ արդյունքում։ Բետոնհանգույցները, լինելով բարձր աստիճանի (IV) ռիսկայնություն դասակարգում ունեցող արտադրական օբյեկտներ, ոչ միայն չունեն առանձին շինթույլտվություն, տեղադրված են ոչ արտադրական նշանակության հողամասերի վրա, այլև դրանք ներառված չեն տվյալ շենքի շինարարության թույլտվության մեջ՝ որպես տեխնոլոգիական հանգույց, գոնե դրա նախագծային փաստաթղթերի լրակազմում չեն անցել որևէ տեսակի, ներառյալ ՇՄԱԳ փորձաքննություն, դրանց ողջ քիմիական արտանետումներն ու արգասիքները, այդ թվում՝ հեղուկի տեսքով, դուրս են գալիս արտաքին միջավայր՝ քաղաքի տարբեր թաղամասերում։
Կարդացեք նաև
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի ուժով ինքնակամ շինություն համարվող այդպիսի վտանգավոր արտադրական օբյեկտների՝ բետոնհանգույցների թիվը Երևան քաղաքում մի քանի տասնյակի է հասնում, իսկ կոռուպցիայի դեմ «պայքարող» պարոնայք իշխանավորները խոսում են քաղաքացիների, իրենց հորինած «հպարտ» քաղաքացիների կողմից դեռևս տարիներ առաջ կառուցված՝ թեկուզ անօրինական, բայց անվնաս, փոքր շինությունները քանդելու մասին։
Հ.Գ. Լուսանկարում նման բետոնհանգույցների ընդամենը յոթ տեղակայումներ են պատկերված, որոնցից երկուսի ապօրինի, ինքնակամ լինելն արդեն իսկ հաստատվել է ՀՀ քաղաքաշինության տեսչական մարմնի կողմից, որոնք ապամոնտաժելու (հետևանքները վերացնելու) կապակցությանբ համապատասխան գրություններ են ուղարկվել Երևանի քաղաքապետին։