Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Հայաստանում այդքան տարածված վահանաձև գեղձի հիվանդությունները․ մասնագետի հորդորը՝ քաղաքացիներին

Փետրվար 10,2024 14:29

Հայաստանում, դժբախտաբար, լայն տարածում ունեն վահանաձև գեղձի (ՎԳ) տարատեսակ հիվանդությունները, քանզի մեր երկիրը համարվում է յոդի պակասի էնդեմիկ գոտի։ Օրգանիզմում այս կարևորագույն տարրի սակավության հետևանքով առաջացող և հանրության շրջանում առավելապես խպիպ (զոբ) անվանմամբ  հայտնի հիվանդության կանխարգելման, դրա տարածման  ռիսկերի նվազեցման և բազում այլ հարցերի վերաբերյալ զրուցել ենք բժիշկ-էնդոկրին-վիրաբույժ Րաֆֆի Շահբազյանի հետ։

«Կան վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման տարբեր տեսակներ․ այս հիվանդության ռիսկային հիմնական խմբում գենետիկ նախատրամադրվածությունն է (ժառանգականությունը),  ուստի սրանով պայմանավորված՝ առողջական խնդիրների վաղ փուլում հայտնաբերման տեսանկյունից շատ կարևոր է տարին առնվազն մեկ անգամ անցնել սոնոգրաֆիկ և հորմոնալ պրոֆիլակտիկ հետազոտություններ»- ընդգծում է Րաֆֆի Շահբազյանը։

Բժշկի խոսքով՝ սույն հիվանդության առաջացման պատճառները տարբեր են, սակայն գլխավորն այն է, որ Հայաստանը յոդի պակասի էնդեմիկ օջախ է՝ հարուստ լեռնային կլիմայով, ինչպես նաև մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում յոդով հարուստ սննդամթերքի և դրա օգտագործման սակավությունը:

«Վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում գանգատներ կարող են և չլինել, եթե չկա հորմոնալ խանգարում»,- տեղեկացնում է բժիշկն ու այս համատեքստում մանրամասնեց․ «Հորմոնալ խանգարման առկայության դեպքում՝ կախված պացիենտի մոտ առկա է գերֆունկցիա/թերֆունկցիա (հիպոթիրեոզ/ հիպերթիրեոզ) կլինիկական առաջին դրսևորումներն են՝  մարմնի ընդհանուր թուլությունը, մաշկի չորությունը, մազաթափությունը, քաշի ավելացում/նվազեցումը, քնկոտությունը, հոգնածությունը, ձեռքերի դողը, քրտնարտադրությունը, նյարդային համակարգի խանգարումը։  Իսկ պարանոցի արտաքին մակերեսին նկատելի որևէ փոփոխություն կարող է նաև չլինել․ այն դրսևորվում է միայն հանգույցների չափից դուրս մեծացման դեպքում»։

Հարցին, թե ժամանակին ախտորոշելու շնորհիվ հնարավո՞ր է արդյոք խուսափել բարդություններից կամ ենթադրվող վիրահատությունից, բուժման  ինչպիսի՞ մեթոդներ են կիրառվում, բժիշկը մանրամասնում է․ «Նախ և առաջ կատարվում  է հորմոնալ հետազոտություն և պարանոցի  սոնոգրաֆիա: Կասկածելի հանգույցների հայտնաբերման պարագայում կատարվում է բարակ ասեղային բիոպսիա, որից հետո  որոշվում է գոյացության տեսակը՝ բարորակ կամ չարորակ, որից հետո նոր միայն որոշվում է հետագա բուժման եղանակը։ Բարորակ գոյացություններն առհասարակ բուժման կարիք չեն ունենում, եթե չափերով շատ մեծ չեն և չեն անհանգստացնում պացիենտին: Չարորակ գոյացության դեպքում բուժման միակ մեթոդը վիրահատությունն է»:

«Հետվիրահատական հիմնական բարդություններն առաջիկա 24 ժամվա ընթացքում արյունահոսությունն է, իսկ բուն վիրահատության ժամանակ՝ կոկորդային նյարդի վնասումը, հարվահանաձև գեղձերի վնասումը, որը պատասխանատու է արյան մեջ կալցիումի կարգավորման համար»,- նշում է բժիշկ Շահբազյանը։

Մասնագետների դիտարկմամբ՝ հայաստանյան հասարակության ճնշող մեծամասնությունն՝ անկախ սեռից՝ կյանքի որևէ փուլում ունենում է վահանաձև գեղձի հետ կապված բազմաբնույթ խնդիրներ։ Նրա, որպես նեղ մասնագետի, խորհուրդը կամ հորդորը՝ մեր քաղաքացիներին․ «Այն մարդիկ, որոնք ունեն վերը թվարկված գանգատները կամ նրանց մոտ արդեն ախտորոշվել է հիվանդությունը, ապա առաջնահերթ կարևոր է չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ ժամանակին դիմել ճիշտ մասնագետներին»։

«Տարիներ շարունակ բազում հիվանդների առողջ ապագան վստահված է էնդոկրին-վիրաբույժ Լևոն Մաքսիմի Մխիթարյանին՝ իմ ուսուցչին, որը իրապես տիրապետում է վիրահատման տեխնիկայի հմտություններին, բուժման մեթոդներին և պացիենտների հետ աշխատանքի էթիկային, ինչն էլ չափից դուրս պարտավորեցնող է, որի համար շնորհակալ եմ: Ցանկացած խնդրի լուծման համար ամենակարևորը դրա ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումն է, հետևաբար նույնիսկ գանգատներ չունենալու պարագայում, այնուամենայնիվ, հաճախակի անցնել բուժզննություն՝ ընտրելով ճիշտ և բանիմաց մասնագետների»,-  հորդորում է էնդոկրին-վիրաբույժը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ես մի անգամ,հարուստ ժամանակներս,հետաքրքրության համար ստուգել եմ վահանաձև գեղձի։ Մենակ ստուգելը ինձ վրա 100 000 դրամ արժեցավ։
    Սոնոգրաֆիա կոնսուլտացիա և հորմոնների անալիզ։
    Եթե ամեն օրգանը տարին մեկ պրոֆիլակտիկ ստուգեմ,առնվազն 3 միլիոն դրամ է պետք լինելու,էդ բժիշկները,որ էդպես խորհուրդներ են տալիս,ինչով են մտածում։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829