Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին

Փետրվար 10,2024 11:30

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով:

Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է.

«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը պատմության խորքից եկող, միևնույն ժամանակ արդիական, ամենասիրված ընտանեկան տոնն է Չինաստանում։ Թող այն առողջություն, նոր ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։

․Հայ-չինական ավանդական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և առանձնանում են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով: Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին՝ դիտարկելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բազմաբնույթ, այդ թվում նաև՝ տարածաշրջանային նախաձեռնություններում փոխգործակցության զարգացումն իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում:

Լիահույս եմ, որ առաջիկայում հնարավորություն կստեղծվի էլ ավելի ընդլայնել և խորացնել նախորդ տարիների ընթացքում ձեռք բերված գործընկերային հարաբերությունները, այդ թվում նաև՝ բարձրաստիճան այցերի ակտիվացման միջոցով:

Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Լի Ցյանին ուղղված ուղերձում ասված է.

«Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ։ Մաղթում եմ, որ այս գեղեցիկ տոնն իր մեջ ամփոփի բարեկամ չին ժողովրդի համազգային նպատակների և ձգտումների կյանքի կոչման նվիրական խորհուրդը։

Հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավան­դական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և վստահության վրա, կայուն զարգացել և ամրապնդվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր: Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը դրանք առավել խորացնելու համար։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, բարօրության, խաղաղության և ներդաշնակության իմ անկեղծ բարեմաղթանքները»։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829