Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան․ Սոցիալական խնդիրները ոչ թե պակասում են, այլ ավելի են խորանում և անլուծելի դառնում․ «Փաստ»

Փետրվար 10,2024 10:40

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները մոտ հինգ ամիս է, ինչ Հայաստանում են: Եթե առաջին օրերին առաջնահերթ էր կացարանի, սննդի և հագուստի հարցը, ապա հիմա առաջ են գալիս այլ խնդիրներ ևս: Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի նախագահ Մետաքսե Հակոբյանն ասում է՝ խնդիրները ոչ թե պակասել են, այլ տասնապատկվել:

«Խնդիրներն ավելին են, քան կարելի էր պատկերացնել: Մարդիկ բախվեցին այլ խնդիրների՝ սկսած բնակվարձերից, որոնք չեն կարողանում վճարել: Մարտից դադարեցվելու է 40 պլյուս 10 հազար դրամների տրամադրումը: Նույնիսկ գյուղական համայնքներում տուն վարձելու համար սա բավարար գումար չէ: Մյուս կողմից՝ աշխատանք գտնելն է անհնար, հատկապես մարզերում և գյուղերում մարդիկ աշխատելու հնարավորություն չունեն, որովհետև չունեն հնարավորություն անասնապահությամբ կամ հողագործությամբ զբաղվելու, քանի որ իրենց տներում չեն: Շատերն այլևս իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն փնտրում, բայց, միևնույնն է, աշխատանք գտնելը համարյա թե անհնարին է շատերի համար: Պետական հիմնարկներում աշխատելու հետ կապված՝ բոլորս գիտենք, թե որքան խոչընդոտներ կան: Սոցիալական խնդիրները ոչ թե պակասում են, այլ ավելի են խորանում և անլուծելի դառնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Պարբերաբար կարելի է հանդիպել նաև հրապարակումների, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները բախվում են տարաբնույթ խոչընդոտների, երբ դիմում են այս կամ այն պետական գերատեսչությանը՝ հերթեր են, անճշտություններ և այլն: Մեր զրուցակիցը նշում է, որ այս հարցում ունի անձնական փորձ, բացի դա, իրեն օրվա կտրվածքով տասնյակ քաղաքացիներ են դիմում նույն խնդիրներով:

«Օրինակ՝ տարբեր են անձնագրային կետերում ի հայտ եկող խնդիրները: Օրերս զրուցում էի քաղաքացու հետ, որը չի կարողանում իր ծնողին Աբովյան քաղաքում հաշվառել, հետևաբար՝ վերջինս չի կարողանում իր կենսաթոշակը ստանալ: Պատճառը կուտակումներն են: Նա հիմա գրանցվել է, բայց այս պահին մոտ 5000-ի հասնող հերթ կա: Եթե անձնագրայինում օրը 30 հոգու սպասարկեն, պատկերացրեք, թե երբ է քաղաքացին հաշվառվելու: Կան անձնագրային բաժանմունքներ, որտեղ մեկի փոխարեն երկու պատուհան է գործում, շաբաթ օրերն էլ են աշխատում, բայց դա էլի բավարար չէ խնդիրը լուծելու համար: Անընդհատ որոշումներ են փոխվում, մարդիկ խուսափում են նաև հաշվառվելուց: Քաղաքացիներն ինձ դիմում են, որ ժամանակին Հայաստանի Հանրապետության գրանցում են ունեցել, հիմա իրենց ստիպում են անձնագրերը փոխել, 070 կոդով անձնագրում հաշվառումն այլևս չեն անում, ինչպես նոյեմբերին էին անում: Սոցապ նախարարության հետ խնդիրներն անասելի շատ են: Փորձում եմ երկու ընտանիքի հետ կապված հարց լուծել, որն ուղղակի չի ստացվում:

Ընտանիքներից մեկը 2008 թ.-ից ապրել է Արցախում, բայց երեխաների գրանցումն Արցախում կատարել են 2021 թ.-ին: Երեխաները 2021 թ.-ից հաշվառված են Արցախում: Հիմա երեխաները դրամական աջակցություն չեն ստանում, քանի որ ծրագիրն ասում է, որ իրենց գրանցումը Հայաստանի Հանրապետությունում է, բայց փաստացի իրենք Արցախում են գրանցված եղել, փաստաթղթերով էլ է այդպես: Մյուսը ութ հոգանոց ընտանիք է, որը 2020 թ.-ին բռնի տեղահանվել է Հադրութից, մեկ տարի ապրել են Հայաստանում, 2021 թ.ին վերադարձել են Արցախ, 2023 թ.-ին՝ բռնի տեղահանվել Արցախից: Այդ ընտանիքն առհասարակ ո՛չ 100, ո՛չ 50 հազարական դրամական օգնությունները չի ստացել: Պատասխանն էլ այդ մարդկանց ամեն անգամ շատ կոպիտ է՝ չեք ապրել Արցախում, մեր բազայում այդպես է ցույց տալիս, և վերջ: Որևէ կարգավորում այդ առումով չի արվում, չգիտես, թե ում դիմել, որ բարձրացված հարցերին լուծում տրվեն: Քաղաքացին ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, այնտեղ կա փաստացի հաշվառումը, բայց կարող են ասել՝ դա մեզ հետաքրքիր չէ, ձեր անունը բազայում չկա: Չգիտեմ մի ընտանիք, որի բոլոր անդամներն աջակցություն են ստացել»,-ընդգծում է նա:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829