Հայաստանի ամենապահանջված ոճաբան, վարսահարդարներից Անի Ավդալյանի ինստագրամյան էջից տեղեկացանք, որ նա վերջերս Դուբայում հանդիպում է ունեցել ազգությամբ արաբ հայտնի գործարար, բյութի գուրու, Դուբայի ամենահեղինակավոր Lalogue գեղեցկության սրահների ու լաքշրի սպա ցանցի հիմնադիր Ռիմա Աբու Սամրայի հետ:
Aravot.am-ի հետ զրույցում, Անին հայտնեց, որ աշխատանքային հրավերի շրջանակում էր այդ հանդիպումը: Նա փաստեց, որ Lalogue-ի սրահներում սպասարկվում են համաշխարհային շոու բիզնեսի ատղերը, այդ թվում՝ Ջենիֆեր Լոպեսը, Նիկոլ Քիդմանը, Քլոյե Քարդաշյանը, Դոլլի Փարթոնը եւ ուրիշներ: Մեր զրուցակիցը հավելեց, որ բավականին հետաքրքիր համագործակցության առաջարկ է ստացել Ռիմա Աբու Սամրայի կողմից, ինչը, նրա ձեւակերպմամբ, պատվաբեր է եւ պարտավորեցնող:
Ոճաբան-վարսահարդարը, որ պարբերաբար իր թիմով մասնակցում է տարբեր իրադարձությունների ՝Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, այս անգամ Դուբայում հարսանեկան արարողության առիթով իր թիմով 5-6 ժամվա ընթացքում շուրջ 60 վարսահարդարում եւ դիմահարդարում է իրականացրել:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ տարբեր դիզայներների, այդ թվում՝ Արամ Նիկոլյանի, Արեւիկ Սիմոնյանի, Միկա Դանիելյանի հետ համագործակցությանը, Երեւանի նորաձեւության շաբաթին, որի շրջանակում 3 օրերի ընթացքում Անին իր թիմի հետ 695 սանրվածք էր արել: Խոսեցինք նաեւ անցյալ տարի Փարիզում կայացած Վարսահարդարների եւ դիմահարդարների աշխարհի առաջնությանը իր եւ իր թիմի մասնակցության մասին: Անին ասաց, որ ցանկացած առաջարկ, մրցանակ, հաջողություն պարտավորեցնող է, ինչին միշտ պատասխանատվությամբ է մոտենում: Նշեց, որ ամեն առաջարկ ստանալիս՝ ջանում է հավուր պատշաճի իրականացնել իրեն վստահված աշխատանքը՝ անկախ վարսահարդարման տեխնիկայի բարդություններից եւ ժամանակի սահմանափակ լինելուց: Ինչ վերաբերվում է Երեւանի նորաձեւության շաբաթին, նշեց, որ ամեն սանրվածքի համար ընդամենը րոպեներ են ունեցել:
Անի Ավդալյանը տեղեկացրեց, որ Փարիզում կայացած Վարսահարդարների եւ դիմահարդարների աշխարհի առաջնությանը ինքը հանդես է եկել մարզիչի կարգավիճակով, իսկ իր թիմը գրավել է 5-րդ հորիզոնականը՝ 50 եւ ավելի մասնակիցների թվում: Նա որոշ փակագծեր բացեց նշելով, որ այս տարի եւս տարբեր առաջարկներ է ստացել, որոնց վերաբերյալ առայժմ ձեռնպահ կմնա մանրամասներ հայտնելուց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.02.2024