Դավիթ Հարությունյանի գործը ՍԴ-ում՝ ապրիլի 2-ին
Դիմողը լիազորությունները դադարեցնելու գործընթացի ժամանակ զրկվել է նաեւ դատավարական տեսակետի հրապարակային որեւէ եղանակով դատավարությունում ներկայացնելու հնարավորությունից: Նա Սահմանադրական դատարանից ակնկալում է, որ պետք է քննության առարկա դարձնի այն հարցը, թե որքանո՞վ է սահմանադրական այն իրավիճակը, կամ որքանով է համապատասխանում Սահմանադրությանը օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 90-րդ հոդվածի 6-րդ մասը եւ/կամ դրա իրավակիրառ պրակտիկայում առկա մեկնաբանությունը, ըստ որի, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը կարող է իրականացվել դռնփակ արդարդատության շահերի պաշտպանության նպատակով` դատավորի կողմից հնչեցրած` օրենսդրական եւ/կամ ԲԴԽ որոշումների ոչ օրինական լինելու, ընդհուպ, ինչպես ԲԴԽ-ն է գնահատել, դատական իշխանությունը հեղինակազրկելու վերաբերյալ ենթադրյալ խախտումների գործով:
Սահմանադրական դատարանը փետրվարի 6-ին աշխատակարգային որոշմամբ «Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի եւ դրա հետ փոխկապակցված նույն սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հաշվի առնելով նաեւ նշված դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը նշանակել է 2024 թվականի ապրիլի 2-ին: Զեկուցողն է դատավոր Է.Շաթիրյանը: Այն ընթանալու է գրավոր ընթացակարգով: Դիմումը 50 էջ է:
Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի( 2011-2023թթ. հանդիսացել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր-Ռ.Մ.) վերաբերյալ նախկինում երբեւ? կարգապահական վարույթներ չեն հարուցվել ու նա որեւէ պատասխանատվության չի ենթարկվել: 2023թ. փետրվարի 27-ին դատավորը քննադատություն է հնչեցրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ՝ ընդգծելով նաեւ իր մտահոգությունները ԶԼՄ-ների հետ դատավորների շփումը սահմանափակող կարգավորում նախատեսելու մասին։ Նա անդրադառնում է նաեւ 20-ից ավելի դատավորների լիազորությունների դադարեցման հարցին: Դիմումատուն իր խոսքում խնդրում է նաեւ իր գործընկերներին լծվել Խորհրդի դատավոր անդամների պաշտպանությանը` ընդգծելով, որ նրանք ունեն պաշտպանության ու օգնության կարիք։ 2023թ. ապրիլի 7-ին Հարությունյանը ԶԼՄ-ներին հետ հերթական զրույցի ընթացքում կրկին արտահայտել է իր տեսակետը Խորհրդի նախագահի եւ Նախարարի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Դիմումատուն, ի թիվս այլ հարցերի, ընդգծել է իր մտահոգությունն առ այն, որ վերջին վեց ամսվա ընթացքում դադարեցվել են 20-ից ավելի դատավորների պաշտոնավարում։ Նույն օրը՝ 10 րոպե տեւողությամբ հարցազրույցի ընթացքում, նա անդրադարձել էր նաեւ Խորհրդի նախագահի եւ Խորհրդի անդամներից մեկի հայտարարությանը, ըստ որի Խորհրդի ներսում բոլոր որոշումները կայացվում են «բացարձակ կոնսենսուսի» պայմաններում…
Կարդացեք նաև
2023թ. ապրիլի 20-ին Նախարարի պարտականությունները կատարողը կայացրել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին N 31-Ա որոշումը։ Կարգապահական վարույթի հարուցման հիմք է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարության մամլո խոսնակի կողմից կազմված եւ Նախարարին ներկայացված զեկուցագիրը, որում վերլուծության է ենթարկվել 2023թ. ապրիլի 7-ի Դ.Հարությունյանի հրապարակային խոսքը։ Կարգապահական վարույթը հարուցվել է դիմումատուի կողմից օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին, 6-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված դատավորի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտման հատկանիշներով: Մայիսի 12-ին եւ 19-ին դատավորի կողմից Նախարարություն է ներկայացվել երկու գրություն, որով վերջինս խնդրել է «տրամադրել ողջամիտ ժամկետ վարույթի ամբողջ նյութերին ծանոթանալու եւ իր պաշտպանությունը կազմակերպելու համար», ինչպես նաեւ խնդրել է պարզաբանել, թե «իր հրապարակային խոսքի որ հատվածն է դիտարկվել որպես դատավորի վարքագծի կանոնի խախտում»։ Ներկայացված միջնորդությունը բովանդակային առումով մերժվել է եւ նրան չի պարզաբանվել նրա խոսքի ազատության սահմանափակման տվյալ դրսեւորմամբ հետապնդվող իրավաչափ նպատակը։ Մայիսի 24-ին Նախարարությունը միջնորդություն է ներկայացրել Խորհուրդ` խնդրելով լուծել դիմումատուին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
2023թ. հունիսի 2-ին Դատավորների եվրոպական միությունը (EAJ) ընդունել է «Հայաստանում դատական անկախության վրա ազդեցություն ունեցող արդի խնդիրների վերաբերյալ» հայտարարությունը` արձանագրելով դատավորների անկախության, կարգապահական վարույթների, ազատ խոսքի իրավունքի, խորհրդի կազմի պայմաններում առաջացած մարտահրավերների մասին (անդրադարձ է կատարվել նաեւ Դ.Հարությունյանի գործին): ԲԴԽ նախագահի 12.06.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշմամբ կայացվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ հունիսի 19-ին նիստ նշանակելու մասին որոշում։
«2023թ. հունիսի 19-ին Խորհրդի բանավոր արձանագրային որոշմամբ վարույթի քննությունը շարունակվել է դռնփակ ռեժիմով։ Չի կայացվել պատճառաբանված որոշում, որով կարող էին հասանելի դարձվել հետապնդվող իրավաչափ նպատակի վերաբերյալ հիմնավորումները դատավարության կողմերի, ինչպես նաեւ հանրության համար։ Գործի քննությունը դռնփակ իրականացնելու պատճառաբանությունը զետեղվել է միայն վերջնական դատական ակտի պատճառաբանական մասում, դատական նիստի ընթացքում որեւէ պատճառաբանություն չի նշվել: Վերջնական ակտի պատճառաբանության համաձայն` վարույթի քննությունը դռնփակ ռեժիմով անցկացնելը հետապնդել է արդարադատության շահի պաշտպանության ապահովման նպատակ»,նշել էր ՍԴ ուղղված դիմումում:
Դավիթ Հարությունյանը երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց.« Խախտումների տեսականին, որը մատուցվեց իմ գործով ԲԴԽ վեցնյակի կողմից շատ բազմազան է ու բնականաբար, գայղթակղությունը մեծ էր դրանք վիճարկելու, սակայն մեծ մասը ենթակա է գնահատման ու վիճարկման այլ ատյաններում եւ ընթացակարգերով, իսկ Սահմանադրական դատարանի առջեւ բարձրացվել է ոլորտի միակ իրավակիրառողի` ԲԴԽ-ի կողմից նորմերին` իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանություների` Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ այն հարցերը, որոնք մեր տեսակետից առերեւույթ հակասահմանադրական են:
ա) Արդյոք կարելի է դատավորին հեռացնել դատական նիստերի դահլիճից.
Այն պայմաններում, երբ դատավարության բոլոր օրենսգրքերով արգելված է դատական նիստերի դահլիճից հեռացում դատական սանկցիայի կիրառումը դատավարության պրոֆեսիոնալ մասնակիցների` դատախազների, փաստաբանների նկատմամբ, եւ՝ կամ արգելվում է ցուցմունք տվող վկայի նկատմամբ, դեռ ավելին` այլ անձանց, մեղադրյալների նկատմամբ կիրառվելու դեպքում նախատեսվում է պարտադիր տեւողություն, պարտադիր արտահայտվելու հնարավորության ընձեռում, փաստաբանի պարտադիր մասնակցության ապահովում, ապա որքանով է սահմանադրական դրա կիրառումը դատավարության մասնակից դատավորների նկատմամբ (հատկապես, երբ չի ապահովվում փաստաբանի ներկայություն, դատավորը չի տվել բացատրություն, չի ներկայացրել նյութեր, չի մասնակցել ապացույցների հետազոտմանը, ելույթ չիունեցել եւ այլն):
բ) Արդյոք կարելի է իրականացնել դռնփակ դատավարություն բացառապես «արդարադատության շահի պաշտպանության» վկայակոչմամբ` դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելու պատրվակով, եթե առկա չեն օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների, շահերի (օրինակ` նախաքննական, դատավարության մասնակիցների անձնական, ընտանեկան գաղտնիքների, շահերի եւ այլն) պաշտպանության օբյեկտիվ անհրաժեշտություն կամ՝ նպատակ:
Սահմանադրական դատարանն ըստ էության նշված հարցերի վերաբերյալ դիմումն է վարույթ ընդունել: Իսկ մյուս հարցերը ենթակա են գնահատման ու վիճարկման այլ ատյաններում եւ ընթացակարգերով»:
Դիմումատուն ներկայացրել է ԲԴԽ նիստերի արձանաագրությունները, երբ, մասնավորապես, նախագահող Անդրեասյանը, նրան արգելելով իրականացնել դատական նիստի ձայնագրառում, ի թիվս այլնի սպառնացել է, որ դատական կարգադրիչները նրա նկատմամբ կարող են բռնություն գործադրել.
«Կ.Ա.- Բոլորը հավաքեք, կարգադրիչներին խնդրում եմ ապահովեք…
Դիմումատու- Իմ անձնական գույքին որեւէ մեկը իրավունք չունի դիպչելու, կայացրեք համապատասխան որոշում: Կայացրեք համապատասխան որոշում իմ անձնական գույքը տնօրինելու հետ կապված:
Կ.Ա.-Մի բղավեք, ստիպված կլինենք խորհրդին առաջարկել սանկցիա կիրառել: Ձայնագրառման, գրառման որեւէ այլ տեխնիկա դահլիճում արգելվում է, կարգադրիչներին խնդրում եմ ուղղակի, եթե ֆիզիկական ուժ է պետք, կիրառեք եւ դուրս բերեք այդ ձայնագրող միջոցները:
Դիմումատու – Ու՞մ նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառեն:
Կ.Ա. – Տեխնիկական միջոցների:
Դիմումատու – Տեխնիկական միջոցների նկատմամբ ֆիզիկական ու՞ժ կիրառեն:
Կ.Ա. – Այո, ուժ կիրառեք, վերցրեք եւ դուրս բերեք»:
Այդ նիստից տարաաբնույթ խախտումներ ՍԴ ներկայացնելով՝ դիմումատու դատավորը նշել էր.« Միջնորդությունը հրապարակվել է, նախագահողը կողմերին վերապահել է հարցեր տալու իրավունք, որից հասցրել է օգտվել միայն Արշակ Վարդանյանը: Անմիջապես հետո Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ գնում են խորհրդակցական սենյակ: Դատավորը խնդրել է հնարավորություն տալ հայտարարությամբ հանդես գալ, միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնել, մինչդեռ Կարեն Անդրեասյանը նշել է, որ դատավորը կորցրել է կարծիք հայտնելու ժամանակը»: Մեկ այլ «դրվագով». «ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն առանց խորհրդի մյուս անդամների դիրքորոշումները լսելու, նրանց փոխարեն կայացրել է ու հրապարակել է որոշումներ»:
Ըստ Դ.Հարությունյանի. «Հարկ է նկատել նաեւ, որ թեեւ գործի ամբողջ քննությունը դռնփակ իրականացնելու մասին որոշումը ԲԴԽ-ն կայացրել է հենց սկզբում` առաջին իսկ դատական նիստում, սակայն դրա հիմնավորում նշվել է մասնավորապես նաեւ դատավորի եւ նրա ներկայացուցիչների «հակասոցիալական» պահվածքը հետագա նիստերի ընթացքում, այն ինչ ամբողջ դատավարության ընթացքում ԲԴԽ-ն դատական սանկցիա է կիրառել միայն ներկայացուցիչ, փաստաբան Լ.Մկրտչյանի նկատմամբ իրավունքների իրացման հնարավորություն չստանալու հարցի բարձրաձայնման համար եւ հունիսի 26-ի դատական նիստում դատավորի նկատմամբ, որի արդյունքում վերջինս հեռացվել է դատական նիստերի դահլիճից:
Պետք է փաստել, որ եթե վարույթը դռնբաց, հրապարակային լիներ, ապա կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորը հնարավորություն կունենար հրապարակայնորեն ապացուցելու, հերքելու իրականությանը չհամապատասխանող (թեկուզեւ ըստ ԲԴԽ-ի տեղի ունեցած) բարի համբավն արատավորող նման կեղծ տեղեկությունների արձանագրումը: Հակառակ դեպքում գործի քննության հրապարակայնության սկզբունքն ապահովվելու դեպքում միջամտություն տեղի չէր ունենա դիմողի արդար դատաքննության ու բարի համբավի, ինչպես նաեւ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքների նկատմամբ»:
Օրենքները, ըստ դիմումատուի, փաստորեն, նախատեսում են մի ընթացակարգ եւ/կամ առկա է օրենսդրական այնպիսի բաց եւ/կամ օրենքի իրավակիրառ պրակտիկայում այնպիսի մեկնաբանություն, որն իրավական (թե նաեւ ընդհանուր) տրամաբանությունից ակնհայտորեն դուրս է ու միջանտում է անձի Սահմանադրությամբ սահմանված հիմնարար իրավունքներին եւ/կամ վտանգում է անձի արդար դատաքննության իրավունքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.02.2024