Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ երրորդը մոտիկացավ, ուզում էի լուսամուտից քաշեմ, հանեմ, որ բռնեցի մայկան ճղվեց, ես այդպես էլ չկարողացա երրորդին փրկել». Եղիշե Հակոբյան

Փետրվար 09,2024 22:55

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում այսօր շարունակվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը։ Այսօր եւս հարցաքննվեց տուժող Լեւոն Խառատյանը:

Մեղադրող դատախազը նկատեց, որ արդեն չորրորդ դատական նիստն է, որի ընթացքում Խառատյանը հարցաքննվում է, բայց գործին վերաբերող մի շարք կարեւոր հանգամանքներ չի մտաբերում: Դատախազը միջնորդեց հրապարակել նրա բոլոր նախաքննական ցուցմունքները, քանի որ էական հանգամանքներին վերաբերող հակասություններ կան:

Միջնորդությանը միացավ նաեւ տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը: Նա ամենամեծ հակասությունը տեսնում էր Եղիշե Հակոբյանի եւ տուժող Լեւոն Խառատյանի առերես հարցաքննության ժամանակ կացարանում հրդեհի ժամանակ իրենց գործողությունների վերաբերող հայտնած տեղեկություններում:

Եղիշե Հակոբյանն ու նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը եւս միացան միջնորդությանը, ինչը բավարարեց նիստը նախագահող դատավորը:

Խառատյանի նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո ցուցմունք տվեց գործով մեղադրյալ, կացարանի սպա Եղիշե Հակոբյանը։

«Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը ներս  է մտել։ Որ բոցը տվել է դեմքիս, Լևոնը ներսում է եղել։ Շիշը որ շպրտել եմ դեպի դռան կողմը, դեպի վերև է բարձրացել, դեպի դրսի դուռն է կպել, դեպի առաստաղը։ Լևոնը գնացել է միջանցք, վերցրել բուշլատը, եկել կրակը հանգցնելու։ Ինքը 2 անգամ է մտել դուրս եկել, դրանից ինձնից շատ է այրվածք ստացել: Հրդեհն իմ սխալմունքով է եղել, բայց Լևոնն ինձնից շատ է գոռացել, բայց էդքանից հետո եթե ես իմանայի, որ էդ երեխեքը դուրս պիտի չգան այդ լուսամուտից, ես հաստատ դուրս չէի գա»,- պատմեց Հակոբյանը:

Նրա խոսքով, երբ կրակն էր հանգցնում, տղաների ձայներն է  լսել, որ գոռում էին՝ տղերք հրդեհ է, դուրս եկեք. «Ես մտածել եմ, որ արդեն իրենք դուրս են գալիս լուսամուտից։ Եթե իմանայի՝ իրենք դուրս չեն եկել, ես էլ դուրս չէի գա տնից։ Ես ձայներից զգացել եմ, թե իրենք լուսամուտից դուրս են գալիս։ Երբ տնից դուրս եմ եկել, մոտեցել եմ, տեսել եմ, որ ճաղավանդակը ծռել են, Գարուշն ու Ժիրայրն են դուրս եկել: Ինձ երրորդը մոտիկացավ, ուզում էի լուսամուտից քաշեմ, հանեմ, որ բռնեցի մայկան ճղվեց, ես այդպես էլ չկարողացա երրորդին փրկել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829