Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչները, որոնք երկու օր առաջ բողոքի ցույց էին կազմակերպել՝ փակելով Գյումրի-Արմավիր մայրուղու՝ Գետքի գյուղի սկզբնամասը ու պահանջելով պարզաբանում տալ, թե ինչո՞ւ են հարկադրել իրենց վարչական ղեկավար Աշոտ Շաբոյանին առանց պատճառի աշխատանքից ազատման դիմում ներկայացնել, Aravot.am-ի խմբագրություն են ուղարկել բաց նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Բաց նամակում նրանք վարչապետին են դիմել խնդրանքով՝ անձամբ զբաղվել կատարված պաշտոնաթողությամբ ու լույս սփռել ստեղծված կասկածելի իրադրության վրա։
Նամակը ներկայացնում ենք ստորև՝
Կարդացեք նաև
«Պարո՛ն վարչապետ, Ձեզ են դիմում Գետք գյուղի բնակիչները՝ որոնելով ստեղծված կացությունից ելքեր։
Մեր գյուղում կատարվել են կադրային մտահոգիչ փոփոխություններ, որոնք մենք համարում ենք կամայական՝ անձնական ընտրությամբ պայմանավորված և ոչ ի շահ մեր գյուղի բնակիչների։ Պաշտոնանկ է արվել Գետք գյուղի գյուղապետ Աշոտ Շաբոյանը, և նրա փոխարեն նշանակվել է Նարինե Հարությունյանը։
Իմանալով մեր համոզմամբ անարդարացի կադրային այս փոփոխության մասին՝ փորձեցինք մարզպետից և համայնքի ղեկավարից տեղեկանալ, թե ինչն էր պատճառը, որ գյուղի հարգված գյուղապետին փոխարինում են մինչ այս դրական որևէ հատկանիշով աչքի չընկած թեկնածուով։
Սպառիչ պատասխան չստանալով՝ դիմում ենք Ձեզ՝ հուսալով, որ Դուք կկարողանաք լույս սփռել ստեղծված կասկածելի իրադրության վրա, վստահելով Ձեր անաչառությանը և ժողովրդի հանդեպ ունեցած Ձեր՝ անկասկածելի դրական վերաբերմունքին։
Որպես գիտակից և սրտացավ քաղաքացի՝ խնդրում ենք զբաղվել կատարված պաշտոնափոխությամբ՝ պարզաբանումներ մտցնելով ստեղծված իրադրության մեջ»։