Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս-թուրքական մեղրամիսը չի սկսվել այսօր և երեկ, այլ սկսվել է վաղուց»․ Ռուբեն Կարապետյան

Փետրվար 09,2024 22:15

«Պետք է հասկանանք, որ ՀՀ-ի, մեր պետականության գոյատևման համար անհրաժեշտ է տեսիլը, տեսիլ բերող մարդիկ, որոնք կարող են այս խորքային ճգնաժամից հանել երկիրը։ Տեսիլի բացակայությունն ավելի շատ գալիս է մեր մտածելակերպից, քան գիտելիքի պակասից»,-«Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում անցկացված «Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը։

Նա փաստեց՝ խոսում ենք աշխարհաքաղաքականությունից, խոսում ենք տարբեր մետ-ություններից, Եվրոպա, Արևմուտք և այլն, բայց այդտեղ չկա Հայաստանը, հայությունը, հայկական պետությունը, հայկական շահը․ «Հարցը հայկական պետության ձևավորման, վերածննդի, հարցը չորրորդ հանրապետության մեջ չէ, հարցը նոր, այն Հայաստանի մեջ է, որը կկարողանա իր մեջ ուժ գտնել, սառը դատելով, առանց որևէ կուսակցական շահերի նայել իր անցած ճանապարհին։ Քաղաքականության մեջ սեր չկա, կա հստակ հաշվարկ։ Ասում են, չէ՝ արտաքին քաղաքականությունը սկսվում է  տանը։ ՀՀ-ի դեպքում փոխկապակցվածությունն ակնհայտ է, ակնհայտ է եղել միշտ»։

Ռուբեն Կարապետյանը կարևորեց, թե մենք ինչպես կարող ենք արտաքին քաղաքականության մեջ ձերբազատվել մետ-ություններից․ «Առաջին հերթին փորձելով  մաքրել մեր տունը․ ուրիշ ճանապարհ չկա։ Այդ տունը մաքրելու նախաձեռնությունը պետք է վերցնել»։

Արտակարգ և լիազոր դեսպանը կարևորեց, թե ինչ ռազմավարության և ինչ տեսիլի, ազգային գաղափարախոսության հիման վրա ենք մաքրում մեր տունը։

Ըստ նրա՝ ռուս-թուրքական մեղրամիսը չի սկսվել այսօր և երեկ, այլ վաղուց․ «Այլ հարց է, որ մենք չէինք կարողանում գիտակցել, որ Վրաստանում հեղափոխությունից հետո շատ բան է փոխվել, որ 2008-ի օգոստոսի պատերազմից հետո առավել ևս շատ բան փոխվեց, չէինք կարողանում հասկանալ, որ երբ մեծ տերություններն ու աշխարհն ասում են՝ ստատուս քվոն անընդունելի է, ու դու չես լուծում դա, լինում է պատերազմ, որն ունեցանք 2016-ին և արագ տեմպերով 2020-ին։ Սա էն մասն է, որը մեզնից կախված չէ, բայց մենք կարող էինք գիտակցել, համապատասխան քայլեր անել, գոնե նախապատրաստվել այդ պատերազմին։ Բայց այսօր էլ չենք կարողանում պատկերացնել։ Փոթորկալից իրավիճակի մեջ է աշխարհը․ նոր աշխարհակարգ է  ձևավորվում։ Որևէ մեկը չի կարող ասել, թե վերջնական ինչ տեսք կունենա։ Սովորաբար փոթորկալից ծովում նավը խարիսխ չի նետում, շարունակում է ընթացքը, ու հարցը նա չէ, թե լավ է՝ Արևե՞լք, թե՝ Արևմուտք, ԵԱՏՄ, թե ԵՄ։ Նայեք՝ մեր հարևանն ինչպես գործեց՝ խարիսխ չնետելով կարողացավ լուծել իր առաջ դրված պետական ու ազգային խնդիրը։ Պետք չէ ընկնել մետ-ությունների հետևից։ Մեզ համար մի ընտրություն կա․ դա ՀՀ պետությունն է և հայ ժողովուրդը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829