Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ զարմանա, որ մի օր էլ Փաշինյանն ասի՝ պետք է այբուբենը փոխենք, դրա հեղինակը ծնվել է Թուրքիայի տարածքում, իրավունք չուներ մեր այբուբենը գրեր». Արամ Պետրոսյան

Փետրվար 09,2024 21:44

«Նոր Սահմանադրության դեմ շարժումը, որի մասին մենք հայտարարել էինք, արդեն եռուն պրոցեսում է, բազմաթիվ հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ են միացել: Ինչու ենք սկսել շարժումը, որովհետեւ ուզում ենք մնալ Հայաստանի Հանրապետություն: Այն, ինչ գործող իշխանությունները հայտարարում են, ընդ որում, ոչ թե մի անգամ պատահական լեզվի սայթաքումով, այլ տարբեր առիթներով հայտարարում են, մենք հասկանում ենք, որ կա՛մ չենք ունենալու ՀՀ, կա՛մ ունենալու ենք ինչ-որ միավորում, որն այն չի, ինչ հիմա մենք ունենք, առնվազն նշաձողի իջեցում է լինելու: Որ հայտարարում են՝ Անկախության հռչակագիրը խոչընդոտում է, դրա վառ ապացույցն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանը:

Հարցին՝ ԱԺ-ում վարչապետ Փաշինյանն ասաց՝ «Ես եկել եմ եզրակացության, որ շատ կարեւոր է, որ Սահմանադրությունը ժողովուրդը իրենը համարի՝ իր ձայնով ընդունված», դուք այս Սահմանադրությունը ձերը չե՞ք համարում՝ Արամ Պետրոսյանը պատասխանեց. «Բնականաբար, իմն եմ համարում: Նույնիսկ տարրական գիտելիքներ ունեցող մարդը կհասկանա, թե ինքը ինչ է հայտարարում, առնվազն դրանով հայտարարեց, որ ինքը լեգիտիմ ղեկավար չէ, որովհետեւ եթե լեգիտիմ Սահմանադրությամբ չես ղեկավարում, դու լեգիտիմ չես: Դրա մասին նշեց նույնիսկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ ասելով, որ եթե ես այդ փաստը ընդունեմ, ուրեմն պետք է ընդունեմ, որ ես ոչ լեգիտիմ եմ այստեղ աշխատում: Հետեւաբար թե Փաշինյանն ինչ է ասում ու դա ինչքանով է իրավական, էլ չեմ ասում խելքին մոտ, թողնում եմ հանդիսատեսի դատին»:

Արդեն տեւական ժամանակ է՝ հայ հասարակությանը «եփում են», թե՝ մեր օրհներգը լավը չի, Փաշինյանն ասաց՝ մեջը թշնամի բառը կա, ասում են՝ զինանշանում սուրը շղթայված է, պիտի փոխվի, Սահմանադրությունը պիտի փոխվի, Անկախության հռչակագրից հրաժարվում են, ի՞նչ նպատակ է այս ամենը հետապնդում, մեզ ո՞ւր են տանում՝ Արամ Պետրոսյանը պատասխանեց. «Կարծում եմ, այդ հարցի պատասխանը այս պահին նույնիսկ Փաշինյանը չունի: Դա Ալիեւն ու Էրդողանն ունեն: Իրեն փոքր չափաբաժիններով տալիս են, ինքն էլ կատարում է հանձնարարականները: Եթե օրինակ հրաժարվում ես Անկախության հռչակագրից, ապա դու ի՞նչ ես: Իրենց գործունեությունը վերլուծելով՝ կարծում եմ, մեզ ուզում են մեր հայկական ինքնությունից կտրեն բոլոր հնարավոր տարբերակներով: Չեմ զարմանա, որ մի օր էլ Փաշինյանն ասի՝ պետք է այբուբենը փոխենք, որովհետեւ օրինակի համար դրա հեղինակը ծնվել է Թուրքիայի տարածքում, հետեւաբար նա իրավունք չուներ մեր այբուբենը գրեր: Փոխարենը՝ կարող է նա առաջարկի թուրքական տառերն օգտագործել: Կարծում եմ, այդ օրն էլ հեռու չի, որովհետեւ եթե գերբը մերը չի, վրայի թագավորությունները մեր հետ ի՞նչ կապ ունեն, Հայաստանում առյուծ չկա եւ մնացած իր անհեթեթ բացատրությունները, որոնք որեւէ քննադատության չեն դիմանում եւ բնորոշ են հենց Փաշինյանին, բնականաբար, իրենցից ամեն ինչ պետք է սպասենք: Մենք՝ որպես արժանապատիվ հայեր, պետք է պայքարենք մեր պետականության համար: Ցավոք, եթե 5 տարի առաջ ունեինք մի ճակատ պայքարելու, պաշտպանելու, հիմա նաեւ ներքին թշնամու դեմ պետք է պայքարենք»:

Փաշինյանը հեգնեց, թե ի՞նչ է նշանակում ինքնությունից հրաժարվում ենք, կորցնում ենք կապը պատմության հետ, ասաց. «Մեր Սահմանադրության մեջ ի՞նչ է գրված, որ պահպանում է կապը պատմության հետ: Մենք պետք է ունենանք այնպիսի Սահմանադրություն, որ չկորցնենք կապը մեր ապագայի հետ: Ո՞նց ենք կապը կորցնելու մեր պատմության հետ, մի հատ բացատրեք»: Արամ Պետրոսյանի դիտարկմամբ՝ «Փաշինյանը 5 տարի է՝ իշխանության է, բացարձակ հակապետական, հակաազգային ծրագրեր է իրականացնում. «Անում է հայտարարություններ, որ միգուցե մոտակա ոչ թե տասնամյակներում, այլ հարյուրամյակներում էլ դրա տակից դուրս չգանք. Հետեւաբար մեզ մնում է մի բան՝ պայքարենք, իրեն հնարավորինս շուտ հեռացնենք իշխանությունից»:

Ինչպե՞ս է «Հայաքվեն» նախատեսում պայքարել նոր Սահմանադրության դեմ՝ Արամ Պետրոսյանը բացատրեց. «Սահմանադրության փոփոխությունը մի քանի փուլերից է բաղկացած. առաջին փուլում պետք է հանրային լսումներ կազմակերպվեն, մենք այդ փուլում կփորձենք հանրությանը ներկայացնենք իրենց ցանկությունները, եթե չհաջողվի, հաջորդ փուլը ԱԺ-ն է: Սահմանադրական մեծամասնություն չունեն իրենք, դա 72 պատգամավորն է, իրենք ունեն 71: Չեմ հիշում մի դեպք, որ իրենք կարողացել են 71 պատգամավորի բերել ԱԺ դահլիճ: Այն ազդակները, շփումները, որ մենք ունենք, իսկ ես անձամբ մի քանիսի հետ ուղիղ կապի մեջ եմ, շատ ճնշված են, շատ ազդված են, երբ առանձնազրույց ենք ունենում, ընդունում են հետեւանքները, հասկանում են ինչ է: Կարծում եմ, իրենց մեջ ամեն դեպքում ինչ-որ տոկոսը կհասկանա, որ ինքը չպետք է Ֆրանգյուլի դերը կատարի ու չպետք է Հայաստանի պետականության վերացման գործիքներից մեկը դառնա: Հուսով եմ, այդպես չի լինի: Հաջորդ փուլը ՍԴ-ն է, որ պետք է որոշում ընդունի, որ դա հակասահմանադրական չի, նոր դրվի: Եթե այդ փուլում էլ չկարողանանք օրինակ ՍԴ-ի վրա ազդել, ուրեմն հանրաքվեի փուլն է, որը շատ բարդ է, ես չեմ պատկերացնում ինչ միջոցներով  կարող են շուրջ 650 հազար (թիվը կարող է 10 հազարով փոխվել՝ կախված այդ պահին ընտրողների թվից) հայի կարող են խաբել, զոմբիացնել, պարտադրել, բերել այդ «այո»-ին: Կարծում եմ, եղանակներից մեկը կլինի իր հրաժարականը, որպեսզի նույն օրը անցկացնի, բայց չենք ուզում հասնի այդ օրվան, իսկ եթե լինի, դա կլինի իրեն վստահություն հայտնելու քվե»:

Հարցին՝ «Հայաքվեի» նախաձեռնությունը եթե տապալեցին ԱԺ-ում, չքննարկեցին անգամ լիագումար նիստում, կարծում եք հիմա ՔՊ պատգամավորները պետք է գաղափարապես շո՞ւռ գան ու դե՞մ գնան իրենց «շեֆին»՝ նա պատասխանեց. «Հայաքվեն գիտեք ինչ փուլերով անցավ, ինչպիսի ապօրինություններով, մենք 4-5 հաղորդում ներկայացրեցինք գլխավոր դատախազություն, այդ թվում՝ այն ժամանակ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարի դեմ, նույնիսկ գրավոր պատասխան չենք ստացել: Բայց պետք է ձեզ զարմացնեմ, լավ լուր ասեմ՝ «Հայաքվեի» նախաձեռնությանը առնվազն մեկ ՔՊ-ական պատգամավոր «կողմ» է քվեարկել այդ օրը եւ երկուսը «ձեռնպահ» են քվեարկել: Ամեն դեպքում իրենց ժողովրդավարության բաստիոն համարող ուժը ուղիղ ժողովրդավարությանը պատասխանեց ամենաավտորիտար ձեւով: Բայց 650 հազար մարդ բերել ու ասես՝ գնա քվեարկիր ու կվերացնես Հայաստանի Հանրապետությունը, գոնե ես՝ որպես հայ, առնվազն վստահ եմ, որ դա չի լինի որեւիցե պայմաններում, եթե նույնիսկ ռազմական ինտերվենցիա լինի Հայաստանի տարածքում, միեւնույն է, չեմ հավատում, որ կգտնվի այդ քանակը, որ կգնա ինչ-որ նոր Հայաստանի հետեւից»:

 

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829