Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրան-Թուրքիա արդի հարաբերությունները նոր շահերի ու հին հակասությունների համատեքստում. Վահրամ Հովհաննիսյան

Փետրվար 09,2024 17:46

2024թ. հունվարի 24-ին Անկարայում Թուրքիայի և Իրանի միջև ստորագրվել են 10 համաձայնագրեր, որոնք ընդգրկում են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ: Երկու երկրների նախագահների՝ շուրջ երկու ժամ տևած առանձնազրույցի և Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստի արդյունքներով ստորագրված փաստաթղթերն են՝

1.Էլեկտրաէներգիայի վերաբերյալ, կնքվել է էլեկտրաէներգիայի մատակարարման թուրքական TEİAŞ և ցանցերի կառավարման իրանական IGMC ընկերությունների միջև համաձայնագիր,

2.Ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության մասին հուշագիր,

3.ԶԼՄ-ների և հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին հուշագիր,

4.Երկաթուղային տրանսպորտի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր,

5.Գիտական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր,

6.Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության և Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարության միջև համագործակցության մտադրության մասին հռչակագիր 2025թ. մշակույթի համատեղ տարի անցկացնելու մասին,

7.Թուրքիայի ոստիկանության ակադեմիայի նախագահության և Իրանի Ամին ոստիկանական համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր,

8.Ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր,

9.Թռիչքների անվտանգության ծառայության զինված աշխատակիցների տեղաբաշխման մասին միջկառավարական փոխըմբռնման հուշագիր,

10.Էներգետիկ բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Թուրքիա, ինչպես հայտնի է, հետաձգվել էր հունվարի 3-ին իրանական Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, չնայած՝ ակնհայտ է, որ երկու երկրների միջև քննարկվելիք նախանշված ծանրակշիռ հարցերի բովանդակությունը՝ Գազա, Իրաք, Սիրիա, Կովկաս, Աֆղանստան, Ուկրաինա, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների վիճակ, պիտի պահանջեր համապարփակ համաձայնեցում դեմ առ դեմ հանդիպումից առաջ:

Մինչ ստորագրված փաստաթղթերում տեղ գտած՝ ուշադրության արժանի ոլորտներին անդրադառնալը, նշենք, որ Իրանի և Թուրքիայի նախագահները հանդիպումից հետո հանդես են եկել նաև համատեղ հայտարարությամբ, որի առանցքային դրույթները վերաբերում են արտաքին քաղաքականության ընդհանուր սկզբունքներին: Այսպես՝ շեշտվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալն առավելագույնի հասցնելու անհրաժեշտությունը, հայտարարությամբ դատապարտվել են «սիոնիստական վարչակարգի» կողմից Գազայի խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունները՝ պահանջելով անհապաղ դադարեցնել իսրայելական հարձակումները և շրջափակումը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը բոլոր ոլորտներում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությանը:

Հայտարարությունը կարևոր շեշտադրում է կատարել տնտեսական հարաբերություններին, այդ թվում՝ էներգետիկ համագործակցության, փոխադարձ ներդրումների, մասնավոր հատվածի և առևտրային այլ ոլորտներում: Այստեղ կողմերն ընդգծել են իրենց աշխարհագրական բարենպաստ դիրքը, որպես Եվրոպան Ասիային կապող առանցքային հանգույց, ավտոմոբիլային, երկաթուղային և կոմբինացված տարանցման, այդ թվում՝ միջանցքների, սահմանամերձ առևտրի ոլորտներում համագործակցության և սահմանային նոր անցակետերի ստեղծման պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությանը, ջրային ռեսուրսների արդար և կայուն օգտագործմանը, մշակութային, արխիվային, երիտասարդական, սպորտային, կրթական և լրատվության ոլորտներում համատեղ աշխատանքներին: Նախագահները քննադատել են իսլամական սրբավայրերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, իսլամաֆոբիայի ուժգնացումը, իսլամի նկատմամբ ատելության տարածումը և կարևորել են կրոնական ոլորտում հետագա սերտ համագործակցությունը, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության և Իսլամական համագործակցության կազմակերպության հարթակներում:

Սիրիական հարցի վերաբերյալ կողմերը փոխադարձ կամք են արտահայտել Աստանայի գործընթացի շրջանակներում աջակցել Սիրիայի խաղաղությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Թուրքիայի և Իրանի նախագահները աջակցություն են հայտնել նաև Իրաքի տարածքային ամբողջականությանը, քաղաքական միասնականությանը և ինքնիշխանությանը՝ ակնկալելով, որ այդ երկիրը կպայքարի ահաբեկչության դեմ և կամրապնդի համագործակցությունն այդ ոլորտում: Տարածքային ամբողջականության մասին խոսելիս նախագահներն անդրադարձել են նաև Կովկասին. ընդգծելով այս տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ երկու նախագահները «3+3»-ը գնահատել են որպես «կառուցողական համագործակցության և խորհրդատվությունների համար նպատակահարմար հարթակ»: Համատեղ հայտարարությունում խոսվել է նաև Աֆղանստանում պատասխանատու կառավարություն ստեղծելու, ահաբեկչական բոլոր խմբավորումների դեմ համընդհանուր պայքարի, Եմենի տարածքային ամբողջականությանն աջակցելու, տարածաշրջանային և միջազգային ջրերում, այդ թվում՝ Կարմիր ծովում նավարկության անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին, կրկին շեշտվել է Գազային հատվածի նկատմամբ ագրեսիան դատապարտելու, ինչպես նաև՝ Ուկրաինայում կայուն խաղաղություն հաստատելու և դրա տարածաշրջանային ու համաշխարհային բացասական ազդեցությանը դիմակայելու անհրաժեշտության մասին:

Փաստաթղթերի ստորագրումից և համատեղ հայտարարությունից բացի՝ ուշադրության արժանի է նաև Ռ.Թ.Էրդողանի հայտարարությունն Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո: Այստեղ բերենք Թուրքիայի նախագահի խոսքի էական շեշտադրումները: Այսպես, Էրդողանը, իրանցի գործընկերոջը պարբերաբար «եղբայր» անվանելով, անդրադարձել է նախ՝ 170 մլն-անոց ընդհանուր շուկա ունենալուն, ապա՝ երկու երկրների աշխարհագրական փոխշահավետ դիրքերին («Թուրքիան՝ Իրանի համար դարպաս դեպի Եվրոպա, Իրանը՝ Թուրքիայի համար դարպաս դեպի Ասիա) և դրանց ընձեռած տնտեսական ընդարձակ հնարավորություններին: Թուրքիայի նախագահը նաև խոսել է «տարածաշրջանային պատասխանատվության» և անվտանգության ապահովման նպատակով փոխգործակցելու անհրաժեշտության մասին՝ դրանց կապելով տնտեսական համագործակցությունը՝ նպատակ դնելով առևտրաշրջանառությունը հասցնել 30 մլրդ դոլարի (նույն թվի մասին խոսել էր նաև Իրանի նախագահը՝ Անկարա ուղևորվելուց անմիջապես առաջ):

Թուրքիայի նախագահն իր խոսքում առանձնահատուկ կենտրոնացել է տնտեսական հարցերի վրա. հիշեցրել է, որ Թուրքիան չի միացել Իրանի դեմ պատժամիջոցներին և տնտեսական հարաբերությունները պահպանել է, թուրքական ընկերությունները չեն դադարեցրել իրենց գործունեությունն Իրանում: Ապա նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է նույն քաղաքականությունը՝ փորձելով նաև հաղթահարել այն խոչընդոտները, որոնք կապված են պատժամիջոցների հետևանքով հատկապես բանկային համակարգում առկա խնդիրների հետ: Էրդողանը շեշտել է, որ սահմանային թողունակությունը բարձրացնելու և սահմանակից շրջաններում տնտեսական գործունեությունը խթանելու համար կառուցվել է մեծ թողունակությամբ Գյուրբուլաք-Բազերգան անցակետը, որն արդիականացումից հետո կհանձնվի շահագործման, ինչից հետո Էսենդերե և Ջիլիջու անցակետերն էականորեն կբեռնաթափվեն: Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև այլ անցակետերի կառուցում և մերձսահմանային առևտրի կենտրոնների ստեղծում, փոխադրումների վառելիքի գների հավասարեցում, ինչպես նաև Թեհրան-Վան երկաթուղային ուղևորափոխադրումների վերսկսում: Տնտեսական հարցերի մասին խոսքը Թուրքիայի նախագահը եզրափակել է Իրանից զբոսաշրջային մեծ հոսքի ակնկալիքով և Իրանում նորանոր ներդրումների խոստմամբ՝ այդ երկրի նախագահին «հասկացնելով» աջակցել թուրք գործարարներին:

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանային անվտանգության և կայունության թեմաներին՝ կարևորելով համագործակցությունը РКК/PYD/YPG և PJAK «ահաբեկչական խմբավորումների» դեմ: Իրանի նախագահն իր հերթին նույն ասուլիսի ժամանակ գոհունակություն է հայտնել Թուրքիային՝ Գազայի հատվածի ժողովրդի հանդեպ վերաբերմունքի համար՝ ընդգծելով երկու երկրների համերաշխությունը Պաղեստինի խնդրով:

Այժմ խոշորացույցի տակ առնենք վերոնշյալ տեղեկատվության առանցքային դրվագները, որոնց մեկնաբանումը թույլ կտա նաև տեսնել քողարկված կապեր ոչ միայն արտաքին գործոնների, այլև Հայաստանի անվտանգությանն առնչվող տարածաշրջանային հնարավոր զարգացումների հետ: Ինչպես տեսանք՝ մեծ ուշադրություն էր դարձվում առաջին հերթին երկկողմ տնտեսական հարցերին, ապա՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարին, և վերջում՝ երկու երկրների ընդհանուր մոտեցմանը տարածաշրջանային և արտատարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ իսրայելապաղեստինյան հակամարտության, կովկասյան «3+3»-ի և առանձին երկրների (Սիրիա, Իրաք) վերաբերյալ: Դատելով Իրանի արտաքին գործերի նախարար Աբդոլահիյանի գնահատականից, ըստ որի՝ Թուրքիայի նախագահի հրավերով Անկարա կատարած այցով, մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերություններում և տարածաշրջանային մակարդակում համագործակցության նոր գլուխ բացվեց, ապա հասկանալի է, որ այս հանդիպումը և դրա արդյունքներն Իրանին հեշտությամբ չեն տրվել, և հիշելով հանդիպման հետաձգումները՝ ակնհայտ է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պարզապես հերթապահ հաղորդագրություններ չեն, այլ՝ էական տեղաշարժեր ենթադրող:

Տնտեսական հարցերում Թուրքիայի և Իրանի միջև, փաստորեն, նշանակալից էին էներգետիկ և երկաթուղային ուղղությունների շուրջ պայմանավորվածությունները: Առաջին դեպքում ուշագրավ է երկու երկրների էլեկտրացանցերի միացման համաձայնությունը, ըստ որի՝ էլեկտրացանցերի կառավարումն իրականացնող ընկերությունները պետք է համատեղ շահագործեն Իրանի Խոյ քաղաքից դեպի Թուրքիայի Վան քաղաքը ձգվող 400կՎ լարմամբ HVDC-BtB և 600ՄՎտ հզորությամբ հաղորդման գծերը: Գործարքի առանձնահատկությունն այն է, որ Իրանն առաջին անգամ և հենց Թուրքիայի աջակցությամբ, փաստորեն, հասանելիություն կունենա ժամանակակից տեխնոլոգիայով հագեցած HVDC ցանցին՝ դրանով իսկ միանալով էլեկտրաէներգիայի միջազգային ենթակառուցվածքին: Այսկերպ իրանական էլեկտրաէներգիան Թուրքիայի տարածքով, նրա տեխնոլոգիական զարգացած ենթակառուցվածքներով կարող է արտահանվել նույնիսկ դեպի Եվրոպա, ինչի ակնկալիքով էլ համաձայնությունը կնքվել է:

Նույն կերպ, կարելի է ասել, թուրքական տեխնոլոգիաների օգնությամբ իրանական կողմը մտադիր է զարգացնել երկաթուղային տնտեսությունը, ինչին երկու նախագահների մեծ ուշադրությունն էլ ավելի աչքի է զարնվում ոչ միայն նրանց խոսույթից, այլև տեղեկատվության բովանդակային որոշ շեշտադրումներից ու հատկապես այս ոլորտում Թուրքիայի և Իրանի՝ ինչպես միասին, այնպես էլ անջատ մոտեցումների նախապատմությունից: Նախ՝ հիշենք, որ Իրանը մարդատար վագոններ չի արտադրում, իսկ բեռնատար լոկոմոտիվներ կարողանում է արտադրել սահմանափակ քանակությամբ. անհրաժեշտ քանակությունը ներմուծում է Թուրքիայից, Ռուսաստանից, Թուրքմենստանից: Երկաթուղային ցանցն ընդլայնելու մտադրություն ունենալով՝ իրանական երկաթուղային ընկերությունը դեռևս նախորդ տարիներին ծրագրել է մեծ քանակությամբ մարդատար վագոններ և բեռնատար լոկոմոտիվներ ձեռք բերել՝ դրա համար նախատեսելով ծախսել շուրջ 744 մլն դոլար: Իրանական արդյունաբերությունը «վարպետացած» է բեռնատար վագոնների արտադրության ոլորտում, որոնք նաև արտահանվում են: Ի դեպ՝ 2023թ. իրանական Mapna Group ընկերությունը 10-ամյա շրջանակային համաձայնություն է կնքել լեհական մետաղաձուլական ընկերության հետ՝ ավելի քան 2,5 հազար բեռնատար վագոն մատակարարելու վերաբերյալ: Սա դեպի Եվրոպա վագոնների արտահանման առաջին պայմանագիրն է, ինչը վկայում է ոլորտի շրջանակներում նաև եվրոպական ուղղության հետ աշխատանքի հետագա ընդլայնման մտադրության մասին՝ հաշվի առնելով նաև, որ դեպի Լեհաստան արտահանումը ենթադրում է ԵՄ հավաստագրում: Մինչ այդ իրանական ընկերությունը բեռնատար վագոններ է արտահանել Բանգլադեշ, Չինաստան, Սիրիա, Սուդան և Կուբա:

Փաստորեն, դիտարկման մեկ հարթությունում տեղադրելով Իրանի դեպքում՝ երկաթուղային տնտեսության զարգացման ծրագրերը, դեպի Եվրոպա ելքի այլընտրանքային ուղղություններ ունենալու հետևողական քայլերը (Հյուսիս-հարավ, Հայաստանի տարածքով երկաթուղի կառուցելու շուրջ քննարկումները, նախկինում կնքված հուշագրերը և այլն), Թուրքիայի դեպքում՝ տարանցիկ հանգույց դառնալու ծրագրերը (էներգետիկ ենթակառուցվածքներ, տրանսպորտային միջանցքներ), Թուրքիան շրջանցող ուղիների գործարկում թույլ չտալու ձգտումները, երկուսի դեպքում՝ տարածաշրջանում այլ դերակատարների ներկայությունը բացառելու, փոխշահավետ գործարքների գնով օտար ուժերին դուրս մղելու և սեփական տնտեսություններն ամրապնդելու հեռանկարները և երկու երկրների տարածքային ամբողջականության ընդհանուր սպառնալիքի առկայությունը (քրդական գործոն)՝ կարող ենք եզրակացնել, որ Թուրքիան և Իրանը, հանդիսանալով պատմական թշնամիներ, ներկայիս տնտեսական խնդիրների և հնարավորությունների համատեքստում փորձում են առաջին հերթին տնտեսական ծրագրերի միջոցով տարածաշրջանը պահել իրենց վերահսկողության ներքո, որպես իրենց հետագա գոյության, զարգացման ու համաշխարհային նոր դիրքի հասնելու իրատեսական քայլ:

Սրանք են, ըստ էության, այն նոր շահերը, որոնց շուրջ Թուրքիայի և Իրանի նախագահները կարողացել են ընդհանուր համաձայնության գալ: Սակայն, մի քանի կարևոր հանգամանք նույն «երկաթուղային» հարցի համատեքստում լրացուցիչ ուշադրություն են պահանջում հատկապես Հայաստանի նկատմամբ երկու երկրների հնարավոր մոտեցումների տեսանկյունից: Այսպես, Իրան-Թուրքիա երկաթուղին, որպես Ասիան Եվրոպային կապող կարևոր ուղի, տնտեսապես արդյունավետ չի կարող լինել. նախ՝ այն ընդհատվում է Վանա լճի ափերին, իսկ լճում տեղափոխումն իրականացվում է լաստանավերի միջոցով, ինչն էականորեն նվազեցնում է թողունակությունը: Ուստի նոր համաձայնությունը պիտի ենթադրի կամ նոր երկաթուղու կառուցում, կամ, որ ավելի իրատեսական է, Ջուլֆա-Նախիջևան-Գյումրի-Կարս ուղղության համատեղ շահագործում:

Հիշելով վերևում բերված և այլ աղբյուրներում Թուրքիայի ղեկավարության կողմից հնչեցված «միջանցքների» մասին խոսույթը, այդ թվում՝ «ոչ մի միջանցք չպետք է շրջանցի Թուրքիան» ձևակերպումը՝ հասկանում ենք, որ Թուրքիան և Իրանը Հայաստանի տարածքով անցնելիք «միջանցքների» ցանկացած ուղղության գործարկումը «յուրացնելու» համաձայնություն են կնքել՝ այլ թեմաների միջոցով փորձելով դուրս մղել օտար ուժերին: Հաշվի առնելով իրանական նախկին ծրագրերը՝ Իրաքի և Սիրիայի տարածքով դեպի Միջերկրական ծով երկաթուղային ելքի վերաբերյալ, որոնք տապալվեցին Թուրքիայի կողմից այդ տարածքներ ներխուժմամբ, կարող ենք պնդել, որ թուրքական կողմը փակեց իրանական ճանապարհը՝ դրան և համաշխարհային տնտեսական ուղիներից անմասն չմնալու նպատակով, ինչը, փաստորեն, հաջողեց: Սրան ավելացնելով Անկարայում նախագաների հանդիպման օրը Ղազախստանում Սիրիայի հարցով Աստանային ձևաչափով եռակողմ հանդիպման (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) արդյունքներով հրապարակված հայտարարությունը՝ առավել ակնհայտ է դառնում տարածաշրջանից այլ ուժերի դուրսմղման ուղղությամբ հետագա համատեղ ջանքերի հնարավորությունը, այդ թվում՝ Ռուսաստանի մասնակցությամբ՝ տարածաշրջանն ազդեցության երեք հիմնական գոտիների բաժանելու միջոցով, որտեղ յուրաքանչյուրն իր մասնաբաժինը պիտի ունենա խոշոր ծրագրերում:

«Օտարների» դուրսմղմանն էին ուղղված, ըստ էության, Էրդողանի և Ռայիսիի խոսքերում Արևմուտքին դատապարտող ձևակերպումները (ուշագրավ է հատկապես Թուրքիայի նախագահի արտահայտությունը. խոսելով Գազայի հատվածում տեղի ունեցող գործընթացների մասին, նա ասել էր. «Այստեղ մենք տեսանք այն երկրների իրական դեմքը, որոնք տասնամյակներ շարունակ աշխարհին մարդու իրավունքների ու ժողովրդավարության քարոզ էին կարդում»): Երկու երկրների նախագահները համամիտ էին նաև ՄԱԿ-ի վերափոխման անհրաժեշտության հարցում: Նախկինում ևս բազմիցս պահանջել են փոխել, ընդլայնել Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմը, իսկ այժմ վերահաստատել են, որ այդ կառույցը կորցրել է իր երբեմնի նշանակությունը: Ուստի այսօրինակ ձևակերպումները պետք է հասկանալ երկու համատեքստում. առաջին՝ Թուրքիան և Իրանը հայտ են ներկայացրել միջազգային ասպարեզում առավել ազդեցիկ դերակատարման (Թուրքիան՝ իր ռազմական և տարանցիկ կարողություններով, Իրանը՝ միջուկային տերության վերածման հեռանկարով), և երկրորդ՝ երկուսն էլ ակնհայտորեն մտադիր չեն անմիջական ներգրավվածություն ունենալ մերձավորարևելյան հակամարտություններին, բայց և չեն ցանկանում անմասն մնալ տեղի ունեցող գործընթացներին՝ պահանջելով իրենց հասանելիք բաժինը: Սրա վկայություն կարող ենք համարել մի կողմից՝ իսրայելական գործողությունների դատապարտումը, մյուս կողմից՝ Գազայի հատվածի ժողովրդի համար «աղոթքով» բավարարվելու և Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները պահպանելու թուրքական մոտեցումը և իրանական զգուշավորությունը:

Շահերի ընդհանրության և տարածաշրջանային համագործակցության համատեքստում է նաև հակաահաբեկչական, իրականում՝ հակաքրդական դիրքորոշումը, որտեղ Թուրքիայի և Իրանի մոտեցումները պայմանավորված են երկու երկրների տարածքային ամբողջականության մտավախությամբ: Ուստի արտաքին դերակատարներին և Իսրայելին (հասկանանք՝ Քրդստան պետության ստեղծման կողմնակիցներին) դատապարտող ձևակերպումներն ուղղված են հենց քրդական կազմակերպություններին աջակցության ցուցաբերմանը՝ փորձելով իրենց հնարավորությունները և այդ հարցում համատեղ գործելու պատրաստակամությունը հակադրել քրդական տարրի ակտիվացմանը: Իրանն, իրականում, այս հարցում ավելի քիչ անհանգստություն ունի, և հաշվի առնելով Սիրիայում քրդական միավորների հետ որոշակիորեն հաջողված համագործակցությունը՝ կարող է և խիստ չանհանգստանալ մոտ ապագայում, սակայն սա առիթ է Թուրքիային աջակցություն հայտնելու՝ նրան քրդական հարցում միայնակ թողնելու սպառնալիքով, հատկապես որ այստեղ Անկարան շատ դաշնակիցներ չունի: Իսկ տարածքային ամբողջականության մասին բարձրաձայնումները, իրականում, տարածաշրջանային մյուս երկրներին չեն վերաբերում, այլ՝ բացառապես այս երկուսին: Այնպես որ՝ նման հայտարարությունները հիմք համարել, օրինակ, Հայաստանի տարածքի նկատմամբ նույն մոտեցման հարցում, տեղին չէ: Ի վերջո՝ տարածքային ամբողջականության մասին է խոսում առնվազն երեք պետության (Կիպրոս, Սիրիա, Իրաք) տարածք օկուպացրած Թուրքիայի ղեկավարը: Սա, ավելի շուտ, ենթադրում է «ոչ մի տարածք՝ առանց մեզ», կամ «ոչ մի ազատ (իրենց ազդեցությունից դուրս) տարածք», և կամ «այլ ուժերի ներկայությունը բացառող ամբողջականություն» մոտեցում:

Համախմբելով Թուրքիայի և Իրանի միջև համաձայնեցված ընդհանուր շահերն ու գոյություն ունեցող հակասությունները, դրանք համադրելով վերոշարադրյալ փաստաթղթերի նշանակության, հայտարարությունների և անջատ ծրագրերի ամբողջության հետ՝ եզրակացնենք հետևյալը.

– Թուրքիան և Իրանը փոփոխվող աշխարհակարգի պայմաններում միմյանց կարիքն ունեն՝ առաջին հերթին տնտեսական համագործակցության առումով և առնվազն տնտեսապես չտուժելու համար, իսկ առավելագույնը՝ տնտեսական հնարավորությունների գործադրմամբ յուրաքանչյուրն իր ազդեցության գոտին, աշխարհաքաղաքական դիրքը պահելու, ընդլայնելու հեռանկարով: Այստեղ նրանք նաև այլընտրանք չունեն, քանի որ Իրանի համար դեպի Եվրոպա բոլոր ճանապարհները «փակ» են թուրքական ներկայությամբ ու սպառնալիքով, և Իրանն այս հանգամանքը չի կարող շրջանցել, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ»-ի հարցում՝ դրա դիմաց ստանալով «գրավիչ առաջարկներ» (այս շարքում՝ տեխնոլոգիաներ և երաշխավորված տարանցում) և, ըստ էության, համաձայնելով դրանց,

– Թուրքիան և Իրանը փորձում են խուսափել այլ՝ արտաքին շահառուների դրդմամբ և սեփական շահերի նպատակով միմյանց հակադրվելուց և դա անմիջական բախման վերածելուց, և նախորդ շրջանում միմյանց «ատամներ ցույց տալուց» հետո (Էրդողանի արտասանությունն Արաքսի մասին Բաքվում՝ 2020թ. Արցախի դեմ պատերազմից հետո, «Զանգեզուրի միջանցքի» հարցը և «Կարմիր գծերը», իրանական հրթիռային հարվածներն Իրաքի և Պակիստանի ուղղությամբ, թուրքական ռազմական գործողությունների վերսկսումը Սիրիայում և Իրաքում, Ադրբեջանին աջակցելու նոր խոստումները և բազմաթիվ այլ նույնատիպ դրվագներ) կողմերը մեկը մյուսի հնարավորություններին ու իրական «կարմիր գծերին» ծանոթ են, ուստի շարունակությունը երկու կողմին էլ ձեռնտու չէ, և փորձ է արվում համադրել առնվազն իրատեսական շահերը՝ տարածաշրջանի «երրորդների» հաշվին,

– Բազմաթիվ հարցերում շարունակվող և դեռևս անլուծելի հակասությունները մեղմելու նպատակով Թուրքիան և Իրանն առաջիկայում կխուսափեն առավել կարևոր ուղղություններում միմյանց նկատմամբ կտրուկ գործողություններից, բայց և մեծ է հավանականությունը, որ բազմաթիվ հարցերում, օրինակ՝ «միջանցքների», տարածաշրջանային գերիշխանության և «ՆԱՏՕ-ի դաշնակցային պարտավորությունների կատարման, Թուրքիան, որը շարունակում է վառելիք տրամադրել Իսրայելին կամ իր տարածքը տրամադրել Իրանի դաշնակից Եմենի ուղղությամբ անգլոամերիկյան հարվածների համար, կփորձի պատեհ առիթով օգտվել իրանական ցանկացած թուլությունից, այդ թվում՝ նրա տարածքի թյուրքական գործոնից, Հայաստանի դեմ ռուս-ադրբեջանական հնարավոր գործողություններում Ռուսաստանին մերժելու՝ Իրանի անկարողությունից և Արևմուտքի հետ ուղիղ առճակատման մեջ մտնելու մտավախությունից:

Համաձայն բերված եզրահանգումների ու դրանց հիմքերի՝ պիտի կանխատեսենք, որ թուրք-իրանական համաձայնությունները բնավ տարածաշրջանային խաղաղության ու համերաշխության մասին չէին, այլ՝ զուտ երկու խոշոր դերակատարների միջև ազդեցության գոտիները վերագծելու և հետագա ռազմական կամ քաղաքական բախումները վերահսկողության ներքո պահելու: Շահերի համադրման և բազմաթիվ հարցերում համատեղ գործելու պատրաստակամությունը պարզապես միջոց է՝ որոշակիորեն զսպելու միմյանց հաշվին նախատեսվող ծրագրերը, և մրցակցությունն ու առճակատումը «երրորդ» տարածքներում շարունակելու պարտավորություն:

Վահրամ Հովհաննիսյան
ՄԱՀՀԻ տարածաշրջանային հարցերով կրտսեր փորձագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829