Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զբաղվածության պետական աջակցության ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից: Երեքն էլ ունեն վճարումների սահմանված չափեր»

Փետրվար 09,2024 17:33

Շարունակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության ծրագրերը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ:

Ռաֆայել Գևորգյանի ներկայացմամբ, դեռևս ամիսների առաջ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ քննարկումների հիման վրա նախանշվել են մի քանի ուղղություններ նրանց զբաղվածության ապահովման հետ կապված: Ըստ այդմ՝ դեռևս անցյալ տարի Կառավարության որոշմամբ, մշակող արդյունաբերության ոլորտի այն գործատուները, որոնք Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներին կտրամադրեն աշխատանք, կստանան որոշակի աջակցություն: Աջակցության տրամաբանությունը կայանում է նրանում, որ մշակող արդյունաբերության ոլորտի գործատուին կտրամադրվի փոխհատուցում վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով այն աշխատակիցների համար, ովքեր նոր են ոլորտում և մեկ տարի անընդմեջ աշխատել են այնտեղ: «Մեկ աշխատակցի համար կա որոշակի սահմանափակում, այն է՝ 500 000 դրամ տարեկան: Մեր հաշվարկներով սա բավարար է, որպեսզի աշխատողը վարձատրվի մինչև 250 000 դրամ աշխատավարձով և գործատուն ստանա համապատասխան փոխհատուցումը տարեվերջին: Մեկ տարի ժամկետն ընտրված է այն տեսանկյունից, որ մեր կարծիքով, առնվազն վեց ամիս է պետք, որպեսզի ոլորտում չաշխատած աշխատակիցը ստանա բավարար գիտելիքներ և հմտություններ և ևս վեց ամիս պետք է, որպեսզի նա դառնա ընդհանուր թիմի մաս»,-ասել է Ռաֆայել Գևորգյանը: Նախարարի տեղակալը հավելել է, որ աշխատանքներ են տարվում նաև փոքր և միջին բիզնեսի աջակցության ուղղությամբ, և ծրագրեր են մշակվում:

Ռաֆայել Գևորգյանը նաև ներկայացրել է, թե մշակող արդյունաբերության ոլորտի գործատուները ինչպես կարող են մասնակցել այս ծրագրին: Ըստ այդմ՝ նրանք պետք է Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան դիմումի միջոցով դառնան տվյալ ծրագրի շահառու իրենց աշխատանքի համար դիմած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշխատակիցների հետ միասին: Ծրագիրը գործելու է մինչև 2026 թվականի ավարտը:

Զարուհի Մանուչարյանը հավելել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս շարունակում է աշխատանքները զբաղվածության ապահովման հարցի լուծման ուղղությամբ: Ըստ այդմ՝ զբաղվածության պետական աջակցության ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից. առաջին բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցում և աշխատանք, երկրորդ բաղադրիչը՝ աշխատանքային պրակտիկա և աշխատանք և երրորդ բաղադրիչը՝ վերոնշյալ երկու բաղադրիչները միասին և աշխատանք: Բոլոր երեքն էլ ունեն վճարումների սահմանված որոշակի չափեր: Ուսուցման ժամանակահատվածում տրամադրվում է կրթաթոշակ 50 000 դրամի չափով և մինչև 50 000 դրամ փոխհատուցվելու է ուսման վարձը: Պրակտիկայի պարագայում երեք ամիս 165 000 դրամ գործատուին է տրվելու, որը ներառելու է հարկեր, այսինքն՝ այն գումարն է, որը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձը կստանա որպես աշխատավարձ, որից հետո հավելյալ հարկերի փոխհատուցում է տրվելու: Իսկ եթե ուսուցում, պրակտիկա բաղադրիչի մասին է խոսքը գնում, վճարվելու է և՛ կրթաթոշակը, և՛ ուսման վարձը, և՛ երեք ամսվա պրակտիկայի գումարն ու հարկերի փոխհատուցումը: Զարուհի Մանուչարյանը հիշեցրել է, որ ցանկացած բաղադրիչից օգտվելու համար, անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն: Մանրամասների համար Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված անձինք կարող են զանգահարել 114 թեժ գծին:

Ինչ վերաբերում է սոցիալական աջակցության ծրագրերին, Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ այս շաբաթ 40 000+10 000 դրամ վարձավճարների և կոմունալ վճարների համար նախատեսված գումարները վճարվել է 96 821 հայրենակցի հունվարի ամսվա համար: Նա ընդգծել է, որ նախորդ ամիսների համար դեռևս չստացված գումարները նույնպես կփոխանցվեն: 100 000 դրամ միանվագ աջակցությունը ստացել է 112 765 հայրենակից, 40 000+10 000 դրամ աջակցությունը հոկտեմբեր ամսվա համար ստացել է 108 857 հայրենակից, նոյեմբեր ամսվա համար 87 568 հայրենակից, դեկտեմբեր ամսվա համար 93 788 հայրենակից: Ծրագիրը վեց ամսյա է: Ինչ վերաբերում է 50 000 + 50 000 առաջնային սպառողական ծախսերի նպատակով տրամադրվող աջակցությանը, նոյեմբեր ամսվա համար վճարում իրականացվել է 77 409 հայրենակցի, դեկտեմբեր ամսվա համար 83 601 հայրենակցի: Կենսաթոշակների մասով, ներկայացվել է, որ այս շաբաթ վճարում և նշանակում իրականացվել է 22 164 հայրենակցի: Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուներին թոշակը նախատեսված է վճարել հստակ գրաֆիկով՝ մինչև տվյալ 6-րդ աշխատանքային օրը: Իրականացվել է նաև մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակում և վճարում, որի թիվը կազմում է 1131:

Զարուհի Մանուչարյանը վերջում տեղեկացրել է, որ այսուհետ www.dimum.ssa.am հարթակի միջոցով՝ հավաքելով անուն, ազգանուն և անձը հաստատող փաստաթղթի տվյալ, հնարավոր է տեսնել, թե որ ամիսների համար է վճարում իրականացվել որ ամսաթվով և որ բանկերում է գումարը հասանելի:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829