Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ գյուղի կացարանի հրդեհի դեպքով տուժողը պնդում է, որ կապիտան Հակոբյանը թմրանյութի հետ սեր է ունեցել

Փետրվար 09,2024 17:14

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում այսօր շարունակվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը։ Այսօր եւս հարցաքննվեց տուժող Լեւոն Խառատյանը:

Նա, ինչպես նախորդ դատական նիստերին, այս անգամ էլ դեպքի մի շարք կարեւոր հանգամանքներ չհիշեց:

Ասաց՝ դեպքի օրն իրեն քնից հանել է հերթապահը, ինքն անցել է իր պարտականություններին: Նա եղել է օրվա միակ օրապահը, իրենից բացի եղել է նաեւ հերթապահ:

Թե հրդեհը որ ժամին է բռնկվել, տուժող Խառատյանն ասաց՝ չի հիշում: Պաշտպաններից մեկի հարցին՝ ինքը կացարանի որ հատվածում է քնել, նա պատասխանեց՝ կացարանի դռնից ներս մտնելիս աջ հատվածում: Հարցին՝ քանի մահճակալ կար կացարանում, հազիվ մտաբերեց՝ 22:

Հետո հարցեր հնչեցին, թե դեպքի օրվա առավոտյան ուր եք գնացել, ինչ եք արել: Տուժողը հիշեց, որ առավոտյան չի հիշում ՝ կոնկրետ որ ժամին վեր են կացել, գնացել ականները տեղափոխելու, կոնկրետ անուններ էլ չմտաբերեց, թե ովքեր են հետը եղել: Կացարան վերադառնալու ժամն էլ չմտաբերեց: Մինչեւ կացարան վերադառնալը հաց կերե՞լ են հարցին էլ պատասխանեց՝ այո, բայց չհիշեց՝ կոնկրետ ինչ:

Տուժողը չհիշեց նաեւ, թե արդյոք բոլորո՞վ միասին են վերադարձել, թե առանձին-առանձին: Իսկ վերադարձին կացարանում մարդ եղե՞լ է, թե՝ ոչ, տուժողը կմկմաց ու կոնկրետ դժվարացավ ոչ հա ասել, ոչ էլ ոչ:

Այդ օրը գործով անցնող մեղադրյալներից Տիգրան Ղազարյանին տեսե՞լ եք հարցին, պատասխանեց՝ զորամասում ոնց որ թե տեսել է, իսկ կոնկրետ որ ժամին, չհիշեց: Արդյոք տեսել է վաշտի հրամանատարին, դասակի հրամանատարին, այս հարցերին էլ կոնկրետ ոչինչ չպատասխանեց:

-Իսկ ինչ եք ընդհանրապես հիշում, կարո՞ղ եք ասել,- հարցրեց փաստաբաններից մեկը:

-Ձեր հարցերը շարունակեք տալ, ինչ կհիշեմ, կպատասխանեմ,- արձագանքեց տուժող Խառատյանը:

Տուժողը չկարողացավ մտաբերել նաեւ, թե իր՝ օրապահի պարտականությունները ստանձնելուց որքան ժամանակ անց է հրդեհը բռնկվել, հրդեհը որ պահին է տեսել, պատասխանեց՝ ներս մտնելիս:

Մինչեւ հրդեհը որտեղ էիք՝ հարցին, տուժողը պատասխանեց՝ դրսում է եղել, չի հիշում՝ կոնկրետ որ հատվածում:

Ձայներ, գոռոցներ լսե՞լ է հարցին էլ, պատասխանեց՝ չեմ հիշում:

Ներսում ո՞ւմ է տեսել, Եղիշե Հակոբյանին տեսե՞լ է՝ հարցին էլ, տուժողը պատասխանեց՝ սենյակում է տեսել, ձեռքը վառվում էր, ցավից գոռում էր: Այլ մարդ կա՞ր՝ հարցին, պատասխանեց՝ չէ:

Փաստաբաններից մեկը վկայակոչեց գործով անցնող մեղադրյալներից Տիգրան Ղազարյանի հայտարարությունը, թե իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ Եղիշե Հակոբյանը վառվել է ու դուրս է եկել, տուժողը հակադարձեց՝ ինչ տեսել եմ, այն եմ ասում:

Դուք վատ հարաբերություններ որեւէ մեկի հետ ունեցե՞լ եք, վաշտի, դասակի հրամանատարի հետ, տուժողը պատասխանեց՝ ոչ:

Միայն մինչեւ հրդեհի դեպքը Գոռ Մարգարյանի հետ խոսակցություն է եղել, բայց դա հարթվել է:

Դեպքից առաջ Ռազմական ոստիկանությունից աշխատակիցներ եղե՞լ են վաշտում, տուժողը դրական պատասխան տվեց: Նա պատմեց, որ Մուշեղի ծննդյան օրն են եկել: Ինչ-որ բան հայտնաբերվե՞լ է , պատասխանեց՝ օղի, հեռախոսներ: Ինչ-որ մեկին կասկածո՞ւմ էին թմրամիջոց, օղի օգտագործելու մեջ, տուժողը պատասխանեց՝ այդ օրը ծնունդ էր կարող է՝ օգտագործել էին:

Նա չմտաբերեց՝ Եղիշե Հակոբյանը ռազմական ոստիկանության աշխատակիցների գալու օրը այդտե՞ղ է եղել, թե՝ ոչ:

-Մի պահ մոռացեք քրեական գործը, էստեղի միջավայրը, դեպքից մեկ տարի է անցել, դուք ձեզ համար պարզեցի՞ք, ոնց եղավ, որ 15 հոգի մահացան,- հետաքրքրվեց փաստաբաններից մեկը:

-Այդ հարցն ինձ էլ է տանջում: Ես էլ 15 ընկեր եմ կորցրել, ինձ համար թեթեւ բան չէր, որ հիմա ինչ-որ բան պահեի: Հանկարծ որեւէ մեկը չմտածի, թե ես ինչ-որ բան կարող եմ թաքցնել կամ պահել,- պատասխանեց տուժող Խառատյանը:

-Ինչու 15 տղաները չկարողացան դուրս գալ,- իր հարցը շարունակեց փաստաբանը:

-Չգիտեմ, այդ հարցն ինձ էլ է տանջում,- պատասխանեց տուժողը:

Հետո կրկին անդրադառնալով թմրամիջոցի թեմային, տուժողը նկատեց, որ Եղիշե Հակոբյանը (կացարանի սպան էր, կապիտան) սեր է ունեցել թմրանյութ օգտագործելու հետ:

Որտեղից այս տեղեկությունն իրեն` հարցին, տուժողը պատասխանեց՝ լսել է, այդպիսի խոսակցություններ են իր մեջ տպավորվել:

-Երբեւէ տեսե՞լ եք Եղիշեին ոչ ադեկվատ վիճակում,- հարցրեց փաստաբանը:

Ի պատասխան տուժողն ասաց՝ չի հիշում նման դեպք:

Իսկ Եղիշե Հակոբյանը որեւէ մեկի հետ միջանձնային հարաբերություններում խնդիր ունեցե՞լ է հարցին, տուժողը պատասխանեց՝ Նարեկի հետ խնդիր է ունեցել, բայց ժամանակը չի հիշում:

-Խփել չեմ հիշում, գոռոց եմ հիշում, Եղիշը, որ գոռացել է, դա եմ հիշում,- բացատրեց տուժողը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829