«Հայաստանի հարցված քաղաքացիների 67 տոկոսն է, որ չի վախեցել եւ բարձրաձայն խոսել է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը կեսի համար դավաճան է, մյուս կեսի համար՝ անընդունելի, երրորդների համար՝ անպատասխանատու, Հայաստանի համար որեւէ լավ բան անելու անընդունակ մեկը: Նրանք քաղաքացիների այն հատվածն են, որոնք չեն խուսափում սրա մասին խոսել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մարդիկ, որոնք շատ տարբեր պատճառներով հարցումների չեն մասնակցում կամ բարձրաձայնումներ չեն իրականացնում, նրանց թիվը շատ ավելի շատ է: Հայաստանի Հանրապետությունում մարդկանց 97 տոկոսը, որոնք պատասխանում են, որ Արցախն Ադրբեջանինը չեն համարում, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ 97 տոկոսն է, որը դավաճան Նիկոլին, որը Արցախը համարում է Ադրբեջանի մաս, համարում են անընդունելի եւ հայկական իրականության համար ուղղակի անհանդուրժելի մեկը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, որը եկել էր դատարան՝ սատարելու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Նա նշեց, որ մարդկանց մեծամասնությունը, որն այլեւս չի խուսափում բարձրաձայնումներից, պատրաստ են նաեւ պայքարելու Նիկոլի դեմ: «Սա վախեցնում է Նիկոլին այնպես, ինչպես որեւէ բան իրեն չի վախեցնում, որովհետեւ ինքը շատ լավ գիտի, թե այդ իշխանական աթոռից 1 սմ հեռանալն իր համար ինչ է նշանակում՝ բոլոր հնարավոր ոլորտային պատասխանատվություններով։ Բա ոստիկանապետություն ինչո՞ւ են սարքում, ինչո՞ւ է Ազգային ժողովի օրակարգը միայն դատախազի, քննիչի եւ դատավորի աշխատավարձ բարձրացնելու մասին: Ինչո՞ւ է ամբողջ օրն այս ձեւական կառավարությունը զբաղվում ոստիկանական ստորաբաժանումներն ավելացնելով, ամեն ամիս մի քանի միլիարդ դրամ ավել փող տալով, որ իրենց տարբեր գույնի բերետավորներին պարգեւավճարները կարողանան բավարարել։ Սրա մասի՞ն չէ արդյոք Հայաստանի իրականությունը, քաղաքական բանտարկյալները, լայքի եւ լայվի համար մարդկանց բանտարկելը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը մինչեւ հիմա երկարացնում են։ Մի 4-5 ամիս առաջ վերադաս դատական ատյանն ասել է՝ փողերի լվացման կասկածն անգամ բացակայում է եւ հիմնավորված չէ, բայց միեւնույն է, շարունակվում են կալանքի տակ պահել։ Իրավունքի եւ օրինականության որեւէ սկզբունք, նորմի պահպանություն իրենց համար չի կարող լինել ավելի բարձր, քան իրենց իշխանության պահպանությունն է»,- ասաց նա։
Աննա Մկրտչյանը հավելեց, որ Հայաստանը լի է քաղբանտարկյալներով՝ 50-ից ավելի մարդիկ, որոնք խոսել են իրականության մասին եւ Նիկոլի դեմ, քաղաքական պատիժ են կրում։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ