Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ական երեսփոխանները, դատավորներն ու դատախազները վերջապես հասկացել են, որ Փաշինյանն իրենց փրկելու պլաններ չունի, բոլորին փուռն է տալու»

Փետրվար 09,2024 16:33

«ՔՊ-ական երեսփոխանները, մարդիկ, որոնք պատրաստ էին կատարել Փաշինյանի հանձնարարականները՝ լինի դա դատավոր, թե դատախազ, վերջապես հասկացել են, որ Փաշինյանն իրենց փրկելու պլաններ չունի։ Բոլորին փուռն է տալու՝ մենակ թե իր կաշին ու իր աթոռը փրկի։ Լավ է ուշ, քան երբեք, որ իրենք դա հասկանում են։ Հուսամ՝ այդ հասկանալուն կհետեւեն հստակ գործողություններ, մարդիկ կսկսեն հրապարակավ խոսել, թե ինչ անօրինական, հակապետական, հակահայկական հրամաններ են իրենց իջեցրել վերջին 6 տարիների ընթացքում»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ հայ հասարակությունը, ըստ սոցհարցումների, համաձայն է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Միջազգային կառույցները նույնպես արձանագրում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ «Մնացել են ոնց որ փաշինյանենք, որոնք չեն ուզում ընդունել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Բայց այդ հարցն այլեւս քննարկման հարց չէ, շատ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, ներառյալ ԵԺԿ-ն, որը Եվրոպայի հիմնական երկրներում իշխանություն է, եւ Կենտրոնական դեմոկրատների միությունը հայտարարել են եւ բանաձեւեր են ընդունել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ պահանջել են Արմեն Աշոտյանի եւ մյուս քաղբանտարկյալների ազատ արձակումը»,- ասաց նա։

Մամիջանյանը հավելեց, որ Փաշինյանի վարկանիշը նվազում է․ «Բայց սոցհարցումների տեսանկյունից ես մի թիվ ունեմ, որը միշտ մեջբերում եմ։ Հայաստանի Հանրապետության բնակչության ամեն չորրորդը, իսկ ըստ որոշ հարցումների՝ նաեւ ամեն երրորդը Փաշինյանին համարում է դավաճան։ Դրանից դենը էլ ի՞նչ»։

Մամիջանյանը նշեց, որ ՀՀԿ-ն ու նաեւ անձամբ ինքը համարում են, որ այս իշխանություններին հնարավոր է հեռացնել բացառապես փողոցային պայքարով։ «Այո, մեզ համար փողոցային պայքարին երբեւէ այլընտրանք չի եղել, եւ Հանրապետականի ցանկացած գործողություն միտված է այդ պայքարին նպաստելուն կամ այդ պայքարում հաջողության հասնելուն»,- նշեց նա։

Հարցին, թե ինչո՞ւ իշխանափոխության օրակարգով փողոցային պայքար չեն ծավալում, Մամիջանյանը պատասխանեց․ «Ինչ վերաբերում է լայնամասշտաբ ակցիաներին, կարծում եմ, որ մենք այդքան շատ հնարավորություններ չունենք օդ կրակոցների։ Հաջորդ փողոցային պայքարը պետք է լինի շեշտակի եւ հասցնի հաջողության»։

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829