Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև Ուկրաինայի դեպքերը դեռ կար չեզոք կարգավիճակ պահպանելու հնարավորություն, հիմա դա էլ է վերացել»․ Արմեն Գևորգյան

Փետրվար 09,2024 15:50

«Իմ խորը համոզմամբ, եթե խոսում ենք նոր որակի պետության մասին, իսկ ես կարծում եմ՝ բանավեճը դրա շուրջ պետք է լինի, ուրեմն պետք է խոսենք ընդհանրապես հինգերորդ, պայմանական եմ ասում, հանրապետության մասին»,- «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում անցկացված «Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Ըստ նրա՝ դժվար է լինելու այս իրավիճակում մեզ վերագտնելը հատկապես մեր տարածաշրջանում․ «Անկախ ամեն ինչից մենք ունենք կարևորագույն խնդիր․ մեր ընտրության խնդիրն է, որը պայմանավորելու է մեր ներքին զարգացումները։ Դա շատ դժվար, բայց կարևորագույն ընտրություն է լինելու, և այդ ընտրությունը ոչ թե Արևմուտք- արևելք պարզունակ ընտրության մասին է խոսքը, այլ ընդհանրապես այն անվտանգային համարժեքային կոորդինատների համակարգի ընտրության մասին, որի ներսում մեր ապագան է ձևավորվելու»։

Ընտրության հետ կապված խոսելով՝ Արմեն Գևորգյանը նշեց երկու խոշոր անվտանգային եռանկյունիներ․ «Նման եռանկյունի է՝ ՌԴ-Չինաստան-Իրան ազդեցության միջավայրը և ԱՄՆ-ԵՄ կամ ՆԱՏՕ և Թուրքիա։ Ուզենք, թե ոչ մենք պետք է հասկանանք՝ մեր ապագան որտեղ ենք տեսնում։ Մենք դարձել ենք ինչ-որ հնարավորություն տարբեր ձևաչափեր ձևավորելու, որտեղ մենք որոշիչ գործոն չենք։ Պետք է հասկանանք՝ այս դերակատարությունը մեզ շարունակելո՞ւ է բավարարել, թե՝ պետք է գտնենք այլ հնարավորություն»։

Ըստ Արմեն Գևորգյանի՝ ինչքան էլ ՌԴ-ին այսօր քննադատենք, բայց օբյեկտիվորեն կան հանգամանքներ, որոնցից մենք չենք կարողանալու ձերբազատվել, դրա անհրաժեշտությունն էլ չկա։ Ճիշտ հարաբերությունների դեպքում կարողանում ես նորմալ գործընկերային և ռազմավարական հարաբերություներ ունենալ։ Նույնը Իրանի հետ։ Այս ամենը չհասկանալ, տարօրինակ է։ Հույսները դնել ժողովրդավարական երկրների վրա, առնվազն ռեալիստիկ չէ։ Բայց, իհարկե, կարելի է իրենց հետ համագործակցել»։

Դիտարկելով իր նշած եռանկյունիների հետ ՀՀ-ի տնտեսական հարաբերությունները՝ Արմեն Գևորգյանն ասաց․ «Այսօր ՀՀ տնտեսությունն առնվազն ԵԱՏՄ-ի շրջանակներում ռուսական ուղղվածության շուկան է։ Ռուսական էլիտաներն էլ շատ երկար չեն հանդուրժելու կամ չեն հանդուրժում այն իրավիճակը, երբ մեր հաշվին փող եք աշխատում, բայց ուրիշների շահերը սպասարկում։ Մեկ այլ հեռանկար, որը հիմա բացվում է, ԵԱՏՄ-ի հետ խորը համագործակցության հեռանկարներն է Իրանի հետ։ Մեզ շատ են ասում, որ մենք անպայման Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է բարելավենք, բայց մեզ երբեք չեն ասել, որ մի մեծ նման շուկա էլ ներքում կա, որը Իրանն է, որին հիմա ԵԱՏՄ շրջանակներում կարելի է մեծ առավելություն տալ»։

Արմեն Գևորգյանի կարծիքով՝ միայն ՀՀ-ից է կախված լինելու, թե ինչ ժողովրդավարության ծավալ, որակ կարող է լինել մեր պետությունում․ «Մեր քաղաքական վերնախավերը ևս պետք է պատրաստ լինեն այն հանգամանքին, որ զարգացումներն աշխարհում գնում են նրան, որ ուզած-չուզած՝ դու պետք է ընտրություն կատարես։ Մինչև Ուկրաինայի դեպքերը դեռ կար չեզոք կարգավիճակ պահպանելու հնարավորություն, հիմա դա էլ է վերացել։ Այդ ընտրության համար կարևորագույն վստահության բաղադրիչը նվազել է։ Ե′վ այդ եռանկյունիում, և′ մյուսում գտնվող պետության ներկայացուցիչները մեր այսօրվա պահվածքը չեն ընկալում և չեն էլ տեսնում հստակություն՝ որ ուղղությամբ ենք գնալու և ուր ենք ուզում հասնել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829