«Ես փորձեցի նայել՝ որեւէ երկրում որեւէ ժամանակահատվածում, անգամ ամենաբռնապետական երկրում եղե՞լ է դեպք, երբ երկրի մասին խոսելիս ասի՝ «էս դուք Հայաստանի Հանրապետությո՞ւն եք համարում, սա հայրենիք չէ, հայրենիքի մնացորդ է»։ Երբեւէ, որեւէ անգամ չի եղել, որ մի երկրի ղեկավար իր երկիրը համարի հայրենիքի թերմացք, որովհետեւ մնացորդ բառի հոմանիշներից մեկն էլ թերմացքն է։ Սա ինձ մոտ նույն ասոցիացիան առաջացրեց, երբ ինքն Արցախը հանձնելուց առաջ Շուշին անվանեց «դժգույն ու դժբախտ քաղաք»»,- այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ հայրենիքը մնացորդ չի կարող լինել։ «Ես ապշած եմ, Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ զարհուրելի ձեւակերպումներ է արել իր պաշտոնավարման այս 5,5 տարվա ընթացքում։ Ասել է՝ եթե անկեղծ գայի, ասեի՝ նույն ելքը կունենայինք, բայց առանց զոհերի։ Այսինքն՝ ինքը 5000 զոհերը համարել է առոչինչ։ Ինչ ասես ասել է, բայց ինձ համար իր ասածներից ամենազարհուրելի ձեւակերպումն այն է, երբ երկրի ղեկավարն իր հայրենիքին կարող է ասել՝ «էս» եւ կարող է ասել՝ «մնացորդ»։ Այն, որ ասաց՝ «Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է», Արցախը հանձնեց, հիմա էլ զոհասեղանին դրված է Հայաստանի պետականությունը»,- ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ օրերս Տավուշի մարզի այն բնակավայրերում էին, որոնք շուտով պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Այն Ադրբեջանին, որի պատգամավորները հայտարարում են, որ «խաղաղության պայմանագրից» հետո անգամ շարունակելու են հայկական հետքը մաքրել Հարավային Կովկասից։ «Ես պատահական չեմ համարում Նիկոլ Փաշինյանի բանալի բառերը, որ՝ «էս հայրենիք չէ, հայրենիքի մնացորդ է»։ Նիկոլն այլեւս բարոյական, հոգեբանական վեճ ունի Հայաստանի երրորդ Հանրապետության հետ։ Եվ պատահական չէ, որ ինքը փորձում է կերտել Նիկոլ Փաշինյանի անվան չորրորդ Հանրապետություն։ Հիմա, եթե մենք բոլորս, ԱԺ-ում Նիկոլին հարցեր տվող ընդդիմությունը, հասարակությունը այդ ամենը թույլ է տալու, ուրեմն ես պետք է հիշեցնեմ մեր գործընկերներից մեկի ասածը՝ Նիկոլն ամենաարդար բանն էր, որ տեղի ունեցավ մեզ հետ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ