Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջապես ո՞վ ենք մենք այս կառավարության համար, ո՞ւմ քաղաքացին ենք». Քաշաթաղի բնակիչ

Փետրվար 09,2024 14:40

Դեռևս 2020 թվականին` Արցախյան երկրորդ պատերազմից հետո, Արցախի Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններից տեղահանված բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են իրենց խնդիրները: Մասնավորապես, նրանք պահանջում են իրենց ապահովել բնակարանով եւ աշխատանքով: Տեղահանվածների խնդիրները լուծելու համար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, սակայն դժգոհությունները չեն դադարում: Կան խնդիրներ նաեւ նրանց կարգավիճակի հետ կապված, քանի որ Արցախի մյուս բնակիչների նման, նրանց միջազգային պաշտպանություն ենթադրող փախստականի կարգավիճակ չի տրվում:

«2020թ տեղահանումից հետո մենք խնդրել ենք ՀՀ կառավարությանը ուշադիր լինել Քաշաթաղի շրջանի բնակիչների խնդիրների հանդեպ, բայց, ցավոք, արձագանք չի եղել: Իհարկե, ես չեմ անտեսում կառավարության ձեռնարկած տարբեր միջոցառումները, սոցիալական աջակցության ծրագրերը, բայց բացթողումներն այնքան շատ են, որ հնարավոր չէ աչք փակել: Ու այս պահին, երբ Արցախն էլ դատարկվել է, մեր խնդիրները մնացել են երկրորդ պլանում»,- «Հոդված 3» ակումբում կայացած «Աշխատանք, բնակարան, կարգավիճակ. Քաշաթաղից եւ Քարվաճառից տեղահանվածների խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Քաշաթաղի շրջանի բնակիչ Մարիամ Հայրապետյանը:

Նա փաստեց, որ Քաշաթաղից տեղահանվածների կարգավիճակը տարբերվում է մյուս արցախցիների կարգավիճակից, իրենք գոնե ունեն հստակ կարգավիճակ: Մարիամ Հայրապետյանի ձեւակերպմամբ. «Քաշաթաղի բնակչության հանդեպ ի սկզբանե անարդար վերաբերմունք է եղել: Մեղքի մեծ բաժինը կառավարություններինն է ու Միգրացիայի ծառայությանը: Մեզ նախ տվեցին կարմիր անձնագրեր՝ 071 կոդով, հետո՝ 070 կոդով, եւ կապ չուներ, թե որ թվականին ես բնակություն հաստատել Քաշաթաղում, 070 կոդը՝ Արցախի բնակիչների հետ հավասար, հայտնվեց նաեւ մեր անձնագրերում»:

Տիկին Հայրապետյանի խոսքով, պարզ է, որ նման խնդիրները պետք է լուծվեն իրավական հարթությունում, սակայն, ինչ վերաբերվում է այսօրվա բողոքների մեծ մասին, դրանք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն են առնչվում: Նա ցանկանում է, որ նախարարությունը հստակ ձեւակերպի Քաշաթաղի, Քարվաճառի բնակիչների, Հադրութից 2020 թվականից հետո եկածներին վերաբերող խնդիրները եւ դրանց լուծումներ տա:

«Մենք միշտ կառավարության առաջ բարձրաձայնել ենք մի հարց՝ վերջապես ո՞վ ենք մենք այս կառավարության համար, ի վերջո ում քաղաքացին ենք: Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին եք, ուրեմն կառավարությունից խնդրում ենք, հարգելի կառավարություն, այն գումարները, որ պիտի որպես աջակցության ծրագիր տրամադրվի Քաշաթաղից տարհանվածներին, մի ուղարկեք Արցախ: Սակայն մեզ ժամանակին չլսեցին, եւ Արցախի ու ՀՀ կառավարությունները ծախսեցին այդ գումարները, ինչպես կարողացան: Ես նաեւ դեմ եմ եղել սերտիֆիկատով բնակարան տրամադրելուն: Տասը տարին պետք է լրանա, որպեսզի մարդիկ նոր ունենան սեփականության իրավունք այդ բնակարանի հանդեպ:

Ասենք, սրանով կառավարությունը փոքրիշատե թեթեւացրեց մեր բեռը, իսկ մեր մյուս փոխհատուցումներն ուր են: Չէ՞ որ մենք բնակարանից բացի այնտեղ շատ բան ենք թողել: Արցախի կառավարությունն այն ժամանակ մեզ ասել էր, որ երկրորդ ծրագրով կստանանք մեր գույքերի փոխհատուցումը: Այժմ Արցախի կառավարությունն այլեւս չկա, մեր գույքային փոխհատուցման հարցն ինչպե՞ս է լուծվելու»,-հարց է հնչեցնում Քաշաթաղի բնակիչը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829