Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունում տոտալ անպատժելիություն է․ բռնություն գործադրված հանցագործություններում հաճախ հենց տուժողների նկատմամբ է քրգործ հարուցվում»․ քննարկում ոստիկանական բարեփոխումների մասին

Փետրվար 09,2024 14:33

Ոստիկանության հանրահռչակված բարեփոխումները չեն կենսագործվել, նախորդող տարիներին հանրային հնչեղություն ստացած դեպքերով, երբ արձանագրվել են ոստիկանության ծառայողների կողմից գործադրված բռնություններ, այդ դեպքեր մեծ մասին իրավական գնահատական չի տրվել, որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել, ուստի կարելի է ասել, որ ոստիկանության բարեփոխումները տապալվել են։ Այս մասին այսօր «Մարդու իրավունքների վիճակը Ոստիկանության բարեփոխումների համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Նուշիկ Տեր-Մովսիսյանը։

Նրա ներկայացմամբ՝ ոստիկանության բարեփոխությունների հիմքում դրված է բարեվարք ոստիկանը, սակայն իրականում իրավիճակն այլ է։ ։

Տեր-Մովսիսյանը հիշեցրեց մի քանի հնչեղ դեպքեր, երբ ոստիկանները թույլ են տվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ իրենց ծառայության ժամանակ եւ պատասխանատվության չեն ենթարկվել․ «2021-ին Լոռու մարզի Մարց գյուղում տեղի էր ունեցել ավտովթար՝ ոստիկանական մեքենայի հետապնդման հետեւանքով։ Զոհվել էր երկու անձ, դրանից հետո հրկիզվեց ոստիկանության ավտոմեքենան։ Հետո սկսվեցին Մարց գյուղի ու հարակից գյուղի տղամարդկանց մասսայական բերման ենթարկման դեպքերը։ Մեր կազմակերպությունը զբաղվել է այս գործով։ Տասնյակ քաղաքացիների ու տուժողների պաշտպանությամբ, մի շարք ապացույցներ, տեսագրություններ, ձայնագրություններ ունենք, թե դիմակավորված ոստիկաններն ինչպես են մուտք գործում անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներ, առանց բացատրության բերման ենթարկում արական սեռի ներկայացուցիչներին։ Բժշկափորձագիտական եզրակացություններով հաստատվեցին, թե իրականում այդ անձինք ինչպիսի ֆիզիկական եւ հոգեբանական բռնության են ենթարկվել ոստիկանության համապատասխան բաժանմունքներում։ Ընդ որում, քրեական գործը կասեցվել է, մենք բողոքարկել ենք, հիմա էլ այն անորոշ ժամկետով գտնվում է քննության փուլում»։

2022 թվականին նույնպես արձանագրվել են մարդու իրավունքների խախտումներ ոստիկանության ծառայողների կողմից։

«2022 թվականը «նշանավորվեց» խաղաղ ցուցարարների նկատմամբ աննախադեպ բռնություններով։ Այդ տարի այս միտումը գագաթնակետին հասավ Եռաբլուրում, երբ սեպտեմբերի 21-ին ոստիկանները մասսայական բերման ենթարկեցին խաղաղ ցույցի մասնակիցներին, որոնց թվում էին նաեւ որդեկորույս ծնողներ։ 2023-ին ոստիկանական ապօրինություններ կրկին արձանագրվեցին՝ անհամաչափ ուժի կիրառում, անձի առողջությունը վնասելու, անձանց խոշտանգելու աննախադեպ դեպքեր»։

Տեր-Մովսիսյանը հիշեցրեց ոստիկանական բաժանմունքներում փաստաբանների նկատմամբ գործադրված խոշտանգման եւ բռնության դեպքերը, ինչպես նաեւ ոստիկանության «ռեյդերը» մի քանի ակումբներում․ «Դրանք ուղեկցվել են տասնյակ անձանց նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական բռնության դեպքերով։ Տեսախցիկի առկայության պարագայում ակումբի անդամներին ֆիզիկական բռնության էին ենթարկում։ Նրանք հետագայում տուժողի կարգավիճակ ստացան մեր նախաձեռնած քրեական վարույթների շրջանակում, այդ անձանց վկայություններով՝ նույն բռնությունները շարունակվել են ոստիկանական բաժանմունքներում, այդ մասին կա նաեւ բժշական փորձաքննության եզրակացություններ»։

Քննարկման մեկ այլ մասնակից, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հկ-ի նախագահ Արաքս Մելքոնյանն էլ նշեց՝ ոստիկանությունում տիրում է տոտալ անպատժելիություն, հատկապես բռնությամբ գործադրված հանցագործություններում շատ հաճախ հենց տուժողների նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվում։

Մելքոնյանն էլ հիշեցրեց 2015-2016 թվականներին զանգվածային հավաքները, ՊՊԾ գնդի գրավման շրջանում տեղի ունեցած դեպքերը, զանգվածային ցույցերը․ «Սարի թաղի դեպքերը 2008-ի մարտի 1-ից հետո ամենածանր դրվագն էր, երբ հատուկ միջոցներ կիրառվեցին խիտ ցույցի ժամանակ, մարդիկ լուրջ վնասվածքներ ստացան։ Հատուկ միջոցների գործադրման այս շարունակականությունը դեռ կա»։

Նրա ներկայացմամբ՝ ոստիկանության ծառայողները այդպես էլ չսովորեցին հավաքների կառավարում կամ հսկողություն, հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանություն։

«Խաղաղ հավաքների պայմաններում ոստիկանությունն ուղղակիորեն ուժ է գործադրում, մենք տեսել ենք դրվագներ, երբ ոստիկանությունը երկար ժամանակ որեւէ միջամտություն չի ունեցել, բայց երբ միջամտում է, դա արվում է շատ խիստ անհամաչափ ուժի գործադրմամբ եւ բռնությամբ, ոչ իրավաչափ բերման ենթարկելով, ազատության իրավունքի սահմանափակումներով, պրոցեդուրալ իրավունքները որեւէ ձեւով չպահպանելով։ Իրավաչափ կամ օրինական պահանջ չկատարելը դարձրել են դրոշակ։ Այսինքն, այստեղ նաեւ դա է շատ խիստ գնահատման ենթակա, թե ինչ հրամաններ են տրվում, որոնք անձինք չեն կատարում, որովհետեւ խաղաղ հավաքը չպետք միջամտվի, այլ հակառակը՝ պետք է ապահովվի դրա իրականացումը։ Մեզ մոտ հակառակն է»,-ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ մարդու իրավունքների խախտումների աճ է գրանցվում խաղաղ հավաքների ժամանակ, եւ նույնիսկ տեսախցիկներով ու ուղիղ եթերներով արձանագրված ոստիկանների խախտումներն ու բռնություններն անպատիժ են մնում, այդ ոստիկաններ չեն նույնականացվում․ «Բայց եթե որեւէ իրավախախտում անի ցույցի մասնակիցը, շատ հեշտ նույնականացվում է ու պատասխանատվության ենթարկվում»։

Մելքոնյանի կարծիքով՝ եթե անգամ խաղաղ հավաքի ժամանակ որոշ անձինք խախտումներ են կատարում կամ բռնություն գործադրում, հավաքն ինքնին չի դառնում ոչ խաղաղ, ոստիկանությունը պարտավոր է այդ անձանց մեկուսացնել հավաքից, բայց փորձը ցույց է տալիս, որ տուժում են ու բերման են ենթարկվում խաղաղ ցուցարարները․ «Սա փաստում է, որ դրանք ներդրված անձինք են ոստիկանության կողմից։ 2016, 2022 թվականների դեպքերի ուսումնասիրությունը փաստում է, թե ինչ է իրականում տեղի ունենում, այդ ներդրվածությունը, քաղաքացիական հագուստով անձինք ուղղորդում են ոստիկաններին, հրամաններ են տալիս»։

Մելքոնյանն էլ հիշեցրեց Եռաբլուրի դեպքը, ասաց քրեական վարույթ էր նախաձեռնվել, քննչական կոմիտեն որոշում էր կայացրել ոստիկանների նկատմամբ հանրային քրեական մեղադրանք չներկայացնել ու կարճեց վարույթը․ «Մենք բողոքարկել ենք, դատարանում է  բողոքը։ Պետք է նշել, որ քննչական կոմիտեի կողմից տեղի է ունենում միակողմանի քննություն՝ հիմնավորելու կամ ապացուցելու ոստիկանության գործողությունների իրավաչափությունը, բայց ոչ երբեք հակառակը։ Անպատժելիությունը համակարգային է, որովհետև ոստիկանության ու ոստիկանության ծառայողների ընկալումն այն չէ, որ իրենք հասարակությանն են ծառայում, իրենց ընկալմամբ՝ իրենք ծառայում են իշխանություններին, դա հատկապես երեւում է հավաքների ժամանակ եւ որքան պահանջը քաղաքական է, այնքան դա ընկալվում է, որպես իշխանության պահպանման հարց կա, եւ ամբողջ ոստիկանության գործողությունները դրան են միտված»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829