Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է՝ ինքը չէ, որ ի սկզբանե հայտնաբերել է հրդեհի բռնկման փաստը. ընթանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատաքննությունը

Փետրվար 09,2024 14:15

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում այսօր շարունակվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը։ Այսօր եւս հարցաքննվեց տուժող Լեւոն Խառատյանը:

Մինչ նրա հարցաքննությունը` տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ արձանագրելով, որ դժվար է գնահատել տուժողի հարցաքննության բովանդակությունը, որովհետեւ էական հակասություններ կան նախաքննության եւ դատաքննության փուլում նրա տված ցուցմունքների միջեւ: Նա նաեւ նկատեց, որ քանի որ դատաքննության այս փուլում Խառատյանին հարցեր տալու իրավունքը վերապահված է գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանին ու նրա պաշտպանին, ապա ինքը հույս ունի, որ նրանց հարցերի տրամաբանությունն այնպիսին կլինի, որ որոշակիություն կբերի այս գործընթացում:

Գործով մեղադրյալ Տիգրան Ղազարյանի պաշտպանը եւս հայտարարությամբ հանդես եկավ: Ըստ նրա՝ իր պաշտպանյալը նախաքննության փուլում հարցաքննության ժամանակ վարույթ իրականացնող մարմնին տվել է օբյեկտիվ իրականության բացահայտման բանալին ու անկյունաքարը, իր իսկ նախաձեռնությամբ վարույթ իրականացնող մարմին հայտնել է իրեն հայտնի բոլոր տվյալները. «Դատարանը չի հարցաքննել պաշտպանյալիս, չեն հետազոտվել նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքները, բայց թույլ տվեք անհամեստորեն փաստել, որ քրեական վարույթի ողջ նյութերում չկան դեպքերի զարգացման իրական հաջորդականության վերաբերյալ համոզիչ ու փաստարկված այլ ցուցմունքներ, քան Տիգրան Ղազարյանինն է: Իսկ թե ինչու այն չի կարեւորվել, չի դարձել քննության առարկա, անհասկանալի է: Այնժամ, երբ Տիգրան Ղազարյանի ցուցմունքով մատնանշված հանգամանքները դատարանի ու կողմերի ուշադրության տիրույթում են, ակնհայտ է դառնում, թե ինչու ու ինչ մտավախությամբ պայմանավորված է, որ Լեւոն Խառատյանը հստակ չի կարողանում հիշել, թե ինչ պատճառաբանությամբ չի կարողացել բացել ննջարանի դուռն ու տագնապով տարհանել անձնակազմին: Կամ ինքն ու Եղիշե Հակոբյանը ինչից ելնելով է, որ չեն կարողացել գործուն քայլեր ձեռնարկել բռնկված հրդեհը հենց սկզբնական փուլում մարելու ուղղությամբ: Եվ ինչու են Խառատյանի ստացած այրվածքային վնասվածքներն ավելի տարածական ու ծանր, քան Եղիշե Հակոբյանինը: Ակնհայտ է՝ ինքը չէ, որ  ի սկզբանե հայտնաբերել է հրդեհի բռնկման փաստը: Դեպքերի զարգացման հաջորդականության վերաբերյալ Լեւոն Խառատյանի պարզաբանումները չեն համընկնում իրականությանը, որովհետեւ դեպքի բուն վայրում է հայտնվել այն ժամանակ, երբ բանը բանից անցած է եղել»:

Փաստաբանը նկատեց, որ Լեւոն Խառատյանի նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ վերջինս, լինելով օրապահ, ինքնապաշտպանական բնազդով է շարժվում, հակառակ պարագայում պետք է ստիպված լիներ քրեական պատասխանատվություն կրել, որ որպես օրապահ՝ բռնկված հրդեհը անձամբ չի հայտնաբերել: Մինչդեռ, ըստ փաստաբանի, եթե իր պարտականությունները կատարեր հավուր պատշաճի, անձնակազմին տագնապով տարհանելը խնդիր չէր լինի, չէին լինի այդքան զոհեր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829