Լրահոս
Օրվա լրահոսը

«2,5 ժամ երգել եմ, համերգն անցել է ակնթարթի նման». Մոնիկա Նազարյանն իր ամերիկյան մենահամերգի մասին

Փետրվար 09,2024 13:46

Երգչուհի Մոնիկա Նազարյանը, որ ունկնդրի սիրտը գրավել է ժողովրդական երգերի գեղեցիկ կատարումներով, փետրվարի 3-ին մենահամերգ է ունեցել Լոս Անջելեսում` Pasadena civic auditorium-ում: Բոլոր տոմսերը շատ արագ սպառվել են: Aravot.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ համերգից առաջ շատ հուզված է եղել, քանի որ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել առաջին մեծ մենահամերգին: «Հանդիսատեսը երկար ժամանակ սպասում էր այդ համերգին: Անընդհատ ինձ գրում էին, շատ էի ցանկանում, որ ամեն ինչ կատարյալ լինի, հանդիսատեսի սիրտը չկոտրեմ, հանդիսատեսը վայելի համերգը ու հաճույք ստանա: Եվ իսկապես՝ բոլոր սպասելիքներս արդարացան, համերգը պատկերացրածիցս լավ անցավ: Մարդիկ մոտենում, շնորհավորում էին, ասում էին՝ երկար ժամանակ նման համերգ չեն ունկնդրել»,-ասաց երգչուհին:

Նրա խոսքով, համերգը առանձնահատուկ էր նաեւ նրանով, որ ինտերակտիվ շփման մեջ է եղել ունկնդրի հետ. «Անմիջականություն կար, հաղորդավար չունեինք, ես եւ խոսում էի, եւ երգում էի, եւ հանդիսատեսի հետ հումոր էի անում: Երգու անգամ հանդիսատեսը խնդրեց իր ցանկացած երգը կատարեմ, չմերժեցի ու ակապելա կատարեցի: Դա շատ էր տպավորվել իրենց մոտ: 2,5 ժամ երգել եմ, սակայն համերգն անցել է ակնթարթի նման: Ընդամենը 10 րոպե ընդմիջում եմ ունեցել զգեստափոխվելու համար, որի ընթացքում պարել են, «Կարեն-Սեւակ» բենդն էլ գործիքային երաժշտություն է կատարել»,-ասաց նա:

Մոնիկա Նազարյանը տեղեկացրեց, որ համերգին կատարել է սիրված ժողովրդական, աշուղական երգեր, քաղաքային ֆոլկլոր, իրանահայերի խնդրանքով՝ երկու պարսկական երգ եւ երկու զուգերգ: Երգչուհին հայտնեց, որ ավելի քան 10 անգամ ելույթ է ունեցել ԱՄՆ-ում, բայց սա առաջին մեծ մենահամերգն էր, որը նվիրված էր իր բեմական գործունեության 10 եւ ծննդյան 30-ամյակին:

ԱՄՆ-ից առաջ Մոնիկա Նազարյանը համերգներ էր ունեցել Գյումրիում, Վանաձորում Երեւանում: Առաջիկայում եւս ծրագրեր ունի ինչպես Երեւանի, այնպես էլ Եվրոպայի տարբեր քաղաքների հետ կապված:

ԱՄՆ-ի համերգի մոսին խոսելի՝ երգչուհին փաստեց. «ԱՄՆ-ի համերգի կազմակերպիչը տեղի ARTN հեռուստաընկերության նախագահ եւ սեփականատեր Ռոբերտ Օղլաղչյանն էր: Սա կազմակերպչի 313-րդ համերգն էր: Պարոն Օղլաղչանն ասում էր, որ բոլոր համերգների ժամանակ ինքը որեւէ թերություն նկատել է, բայց սա միակ համերգն էր, որտեղ որեւէ թերություն չի տեսել, համերգն անցել է մեկ շնչով: 2000-ից ավել հանդիսատես կար դահլիճում: Կարելի է հաղթանակ համարել այն, որ ժողովրդական երգիչը կարողանում նման մեծ դահլիճ լցնել»:

Մոնիկա Նազարյանն ասաց, որ իրեն ամեն հարցում օգնել եւ աջակցել է ամուսինը՝ Դավիթը: Երգչուհին իր այցեքարտն է համարում «Մայրը սուրբ է» երգը: Նաեւ շատ է սիրում գուսան Աշոտի «Ինչ անեմ» երգը, որն առաջին անգամ կատարել է Նորայր Մնացականյանը, երկրորդ անգամ՝ ինքը: Նրա խոսքով, քամանչահար եւ երգիչ Մխիթար Քեցյանն է առաջարկել, որ ինքը կատարի «Ինչ անեմ»-ը, ասել է՝ կարծես քեզ համար գրված լինի: «Համերգներին դաշնամուրի նվագակցությամբ եմ երգում, ու դահլիճը պայթում է ծափահարություններից: Ես այդ երգը համարում եմ համերգների ծաղիկը»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Հավելենք, որ Մոնիկա Նազարյանին Գլենդելի քաղաքապետի կողմից շնորհակալագիր է հանձնվել՝ ժողովրդական, աշուղական երգը ներկայացնելու, տարածելու, պահպանելու համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829