Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի գործող իշխանությունները մաստեր կլաս են տալիս, թե ինչպես կարելի է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Արշակ Կարապետյան

Փետրվար 09,2024 13:08

Ադրբեջանը բոլորովին շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու։ Հարևան թշնամական պետության բարձրագույն ղեկավարության շուրթերից հնչող տարաբնույթ հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանը ընդհակառակը մտադիր է գնալ իրավիճակի սրման։ Օրեր առաջ տեղի է ունեցել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների հերթական 6-րդ նիստը։ Այդ նիստից հետո որևէ մանրամասն չի հաղորդվել ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական կողմից, ընդհակառակը, միայն մամուլով տեղեկություններ են տարածվել, որ հայկական կողմի վրա լուրջ ճնշումներն ավելացել են։ Ադրբեջանը շարունակաբար ավելի ու ավելի անիրատեսական պահանջներ է ներկայացնում հայկական կողմին՝ հասկացնելով, որ բնավ մտադիր չէ խաղաղության պայմանագիր կնքելու, այն էլ արևմտյան երկրների դրդմամբ։ Իրավիճակը, ըստ պաշտպանության նախկին նախարար «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի, նման է Չերչիլի ժամանակին արած մի արտահայտությանը. «Հակառակորդը, որ ուզում է ձեզ ոչնչացնել, նման է կոկորդիլոսի, երբ դու նրան կտոր-կտոր կերակրում ես՝ հույս ունենալով, որ այդ կոկորդիլոսը կամ կկշտանա, կամ էլ քեզ վերջում կուտի»։ Արդյունքում՝ Հայաստանն այսօր գտնվում է իր պատմության ամենախայտառակ փուլերից մեկում, իսկ գիշատիչ կենդանին էլ բացարձակապես մտադիր չէ կշտանալ։ «Ոչ ոք մեզ հետ չի ցանկանում կնքել խաղաղության պայմանագիր», ամենահնարավորը ըստ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի, կարող է լինել ռուսերեն բառով ասած «շրջանակային պայմանագիր», որը ոչինչ չի պարտադրելու ադրբեջանական կողմին։

«Ադրբեջանն ասում է՝ եկեք առանց միջնորդների նստենք պայմանավորվենք, դա պայմանավորվածություն չէ, ցանկացած պատերազմ վերջանում է ինչ-որ բանակցություններով, այդ բանակցություններում լինում են միջնորդներ։ Այսօր Ադրբեջանին այդ միջնորդները պետք չեն, որ վաղը իր քայլերում պատասխանատվություն չկրի։ Իսկ ինչ են անում Հայաստանի գործող իշխանությունները, կարծում եմ մաստեր կլաս են տալիս, թե ինչպես կարելի է երկու երկրների դարավոր բարեկամական հարաբերությունները փչացնել։ Ցավոք դա իրենց մոտ ստացվում է»,- նշում է Կարապետյանը, ավելին, փաստում, որ հենց նույն Ադրբեջանի շահերից է բխում, որ տարածաշրջանում լինի Ռուսաստանը, քանի որ Ռուսաստանի ներկայությունը հիմնական երաշխիքն է թուրքական և ադրբեջանական ազդեցության վերահսկման համար։

«Պատկերացրեք վաղը Ռուսաստանը տարածաշրջանից գնա, մի քանի ժամում Հայաստանը կհայտնվի քաոսի մեջ, անգամ այդ Եվրոպական երկրները և ԱՄՆ չեն հասցնի հեռախոսազանգ կատարել։ Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից բխում է միայն Ադրբեջանի և Թուրքայի շահերից, այստեղից հետևություն արեք` ինչու են մեր գործող իշխանությունները սրվում ռուսական կողմի հետ»,- նշել էր Արշակ Կարապետյանը։

Ըստ Կարապետյանի գործող իշխանությունը պետք է գնա, հրաժարականի դեպքում վերջիններս կարող են կրկին վերարտադրվել, իսկ այդ ժամանակ քաոսի անիվը կանգնեցնել ոչ ոքի չի հաջողվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829