Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ անունից հիմնական բանակցողը զբաղված է Ադրբեջանի ուլտիմատումների կատարմամբ, ինքը բանակցող չէ, լսող-ստորագրող է»․ Հայկ Մամիջանյան

Փետրվար 09,2024 13:04

«Իմ կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների օրակարգը Փաշինյանի խմբակի կողմից նետված կեղծ օրակարգ է։ Ես չեմ կարծում, որ իրենք այդ գործընթացը կհասցնեն ավարտին»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Սահմանադրության իրենց թեզերին Հանրապետականը, բնականաբար, խիստ դեմ է, բայց ես չեմ կարծում, որ դա այս պահին պիտի լինի Հայաստանի միակ քաղաքական դիսկուրսը։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ըստ դրա՝ «Ոչ»-ի շտաբի եւ այլ դրսեւորումների մասին հավելյալ կհայտարարենք։ Բայց այս պահին դա չի կարող լինել Հայաստանի միակ ու կարեւորագույն օրակարգը։ Հայաստանի կարեւորագույն օրակարգը, կարծում եմ, այն է, որ Հայաստանի անունից հիմնական բանակցողն այս պահի դրությամբ զբաղված է բացառապես Ադրբեջանի ուլտիմատումների կատարմամբ։ Դրա ամենանոր օրինակը այն է, որ վերջերս նկատվում են հրապարակային եւ ոչ հրապարակային գործողություններ, որոնցից կարելի է ենթադրել, որ Փաշինյանը կարծես ուզում է համաձայնել առանց միջնորդի ու առանց երաշխավորի բանակցությունների, որն ուղղակի ինքնասպանություն է»,- ասաց նա։

Ըստ Մամիջանյանի՝ իշխանափոխությունը ոչ միայն ՀՀԿ օրակարգն է, այլ դա նաեւ փրկության միակ տարբերակն է։ «Եթե տեսնենք, թե ինչ ուղղությամբ են զարգանում բանակցությունները, ինչ ականներ են այս վեց տարվա ընթացքում դրվել այս գործընթացի տակ եւ շարունակվում են դրվել, կհասկանանք, որ ՀՀ անվտանգությունն այլընտրանք չունի, քան Փաշինյանի հեռացումը։ Այդ մարդը երկիրն ուզում է պահել՝ կառավարության շենքում ռեմոնտ անելով, Արագածը պատին նկարելով։ Ինքը համարում է, որ մեր երկրի միակ պրոբլեմները զինանշանը, դրոշն ու օրհներգն են։ Այդպիսի օդաչուով նման տուրբուլենտության մեջ կարելի՞ է մտնել։ Ոչ միայն անփորձ է, ոչ միայն կրթություն ու սթափություն չունի, այլ նաեւ իր սխալներն ընկալելու ունակություն չունի»,- հայտարարեց Մամիջանյանը։

«Հինգ հազար մարդ է զոհվել, ասում է՝ զինանշանն էր մեղավոր»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ի՞նչ օրակարգով պետք է մասնակցի Բրյուսելի հնարավոր հանդիպմանը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ պետք է լինի երաշխավորների ու միջնորդների ինստիտուտ։ «Ինչ վերաբերում է Հայաստանի կարմիր գծերին, ես չեմ կարծում, որ մարդը, որը կարմիր գծեր ասելով՝ հասկանում է միայն Երեւանում կայանատեղիների կարմիր գծերը, ինքը դրանք կիրականացնի։ Մասնավորապես, դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում Ադրբեջանի պատասխանը հետեւյալն է՝ մենք զորքը հետ չենք քաշելու ՀՀ սուվերեն տարածքից։ Սկսենք դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթաց, եթե հանկարծ պարզվի, որ Ջերմուկից մեկ կմ այն կողմ Հայաստան է, մենք հետքաշում կանենք։ Բայց Հայաստանը կարծես շարունակում է բանակցել այդ պայմաներում, այսինքն՝ նույնիսկ այդ կարմիր գիծը չկա՝ ՀՀ սուվերեն տարածքից դուրս եկեք, նոր խոսենք։ Ընդ որում, եթե մենք խոսում ենք բրյուսելյան հարթակից, ապա պիտի ֆիքսենք, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ երեւի ամենաազդեցիկ ու կարեւոր միջազգային փաստաթուղթը ԵԱՀԿ-ի հրապարակած ուղեցույցն է, որտեղ կարմիր գծով անցնում է, որ անհնար է դեմարկացիա-դելիմիտացիա իրականացնել ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում։ Ի՞նչ կապ ունի, թե որ քաղաքում են իրենք բանակցում, եթե հայկական կողմը ներկայացնող չարչիական դիվանագիտության մասնագետները դա չեն անում»,- հավելեց Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ ԱԳՆ-ն ոչինչ չի անում Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների վերադարձի համար։ Չի քննարկվում հայերի բռնի տեղահանման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը, անգամ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո։ «Իհարկե, Հայաստանը պետք է փորձի մասնակցել ցանկացած բանակցային ֆորմատի։ Բայց միաժամանակ այդ բանակցություններում ՀՀ-ն ներկայացնող մարդ պիտի լինի, այլ ոչ թե Ադրբեջանի շահերը ներկայացնող երկու հիմնական բանակցող։ Հիմա դա այդպես է։ Ինքը բանակցող չէ, լսող ստորագրող է»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829