Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ներկայացրել է այն մարզիկներին, որոնք փետրվարի 12-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կմասնակցեն ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս կգան և Եվրոպայի չեմպիոնության համար կպայքարեն Արսեն Հարությունյանը (57 կգ), Մեջլում Մեջլումյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):

Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ Եվրոպայի առաջնությունն իրենց համար մնում է կարևոր մրցաշարերից մեկը, թեև վարկանիշային չէ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար. «Եվրոպայի առաջնությունը մեզ համար փորձնական մրցաշար չէ: Այն մեզ համար մնում է կարևոր մրցաշարերից մեկը: Միշտ եմ կարևորում Եվրոպայի առաջնությունը»:

Կուրղինյանի խոսքով` մարզիկներից շատերն այս շրջանում նաև միջազգային մրցաշարերի կմասնակցեն: Մարզիչը հուսով է՝ մյուս քաշային կարգերում ևս կկարողանան մի քանի ուղեգիր ապահովել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Մանվել Խաչատրյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Աշոտ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Կարեն Խաչատրյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Դավիթ Օվասապյան (130 կգ):

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեդալային գոտեմարտերը կցուցադրի Առաջին ալիքը:

Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում իրենց մասնակցությունը դեռևս ապահովել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը և Արսեն Հարությունյանը:

ԿԳՄՍՆ