Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրյուսելի հանդիպմանը պետք է գնալ բացառապես ՀՀ շահերից ելնելով»․ Սեյրան Օհանյան

Փետրվար 09,2024 12:17

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ հարցին, որ եթե Բրյուսելում հաջողվի կազմակերպել եռակողմ հանդիպում, Հայաստանն ի՞նչ օրակարգով պետք է գնա այդ հանդիպմանը։

«Ես կարծում եմ, որ ՀՀ համար արտաքին քաղաքականությունն այն ուղղություններից մեկն է, որը երաշխիք է ձեւավորում մեր անվտանգության համար։ Բացառապես ՀՀ շահերից ելնելով պետք է գնալ այդպիսի հանդիպումների։ Այսօրվա վիճակը, մանավանդ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, այն կարեւոր եւ գործուն կետերը, որոնք այսպես կոչված խաղաղության փաստաթղթի մեջ բացակայում են, հատկապես Արցախի հարցի նկատմամբ Արցախի վերաբերմունքը, այսինքն՝ հանցավոր կերպով ցեղասպանության իրականացումը կարծես թե հետին պլան են գցում խաղաղության ամբողջ գործընթացը եւ բերում այն եզրակացության, որ Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը Հայաստանի համար խաբկանք է հանդիսանում։ Բայց այնուամենայնիվ այդ հարթակների օգտագործման համար ՀՀ-ն կոնկրետ մեր շահերը պետք է օգտագործի եւ ոչ թե անընդհատ գտնվի պարտադրանքի ներքո եւ գնա զիջումների»,- ասաց Օհանյանը։

Սեյրան Օհանյանը հավելեց, որ բոլոր հարթակները պետք է օգտագործվեն, որպեսզի մենք ունենանք հաջողություններ։ Պետք է գնա՞լ Բրյուսել, թե՞ ոչ, հարցին նա պատասխանեց, որ այդ որոշումը պետք է իշխանություններն ընդունեն, որովհետեւ այդ իրենք են այդ ամբողջ գործընթացի ու Ադրբեջանի հետ կապի մեջ։ «Բայց, ինչպես տեսնում ենք, Ալիեւն իր գործունեությունն իր շահերի համար է օգտագործում։ Ինքն օգտագործում է եւ արևմտյան հարթակը, եւ հետխորհրդային հարթակը։ Այնտեղ, որտեղ իրեն ձեռնտու է, այնտեղ նա իր օրակարգն առաջ է տանում։ Մենք կարող ենք մասնակցել այնպիսի գործողությունների այնպիսի հարթակներում, որտեղ Հայաստանի Հանրապետության շահերն առաջ կտարվեն»,- նշեց նա։

Օհանյանը նաեւ ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրն է անցյալի դրական հենքի վրա կառուցել ապագան։ Այսօրվա իշխանություններն անընդհատ խոսում են անցյալի թերությունների մասին՝ առաջ չնայելով եւ նաեւ համապատասխան եզրակացություններ չանելով, որ անցյալի թերությունների զգալի մասը կրկնվում են նաեւ այսօր։

«Եթե այսօր ինչ-որ մի բան արվում է բանակում, եւ դա ես կարող եմ ասել, որ արվում է, հատկապես պաշտպանական բնագծերի ամրապնդման առումով, բայց արվում է ուշացումով։ Այդ ամենը ՀՀ իշխանությունները պետք է անեին մինչեւ պատերազմը, պատերազմից հետո՝ 2021, 2022, 2023 թվականներին։ Այնինչ, նրանց գործողությունների հաջորդականությունը բերել է նրան, որ իրենք անընդհատ գնացել են զիջումների եւ անընդհատ պարտվողական դիրքում են եղել։ Ոչ ոք չի ուրախանում այն ամենից, ինչ տեղի է ունեցել 2020 թվականին, բայց ընդդիմության ժամանակ Հայաստանն ու Արցախը միասնական անվտանգային համակարգ են եղել, ընդդիմության ղեկավարման տարիներին Արցախն անկախ է եղել, ՀՀ սահմաններին չեն եղել ադրբեջանական զորքեր։ Եվ այն պաշտպանական համակարգը, որը ձեւավորված է եղել, դա թույլ է տվել, որպեսզի իրականացնենք մեր ամբողջ պաշտպանությունը՝ ամբողջ երկրի խորությամբ։ Մինչեւ 2020 թվականը ձեւավորված է եղել պաշտպանության համակարգ»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829