Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրենք՝ ամսվա մեջ մի 5 անգամ գյուղից գալիս է իր ուսանող երեխային տեսնելու, ինչքա՞ն է վճարելու, տուրիստի գի՞ն». «Հրապարակ»

Փետրվար 09,2024 11:24

Երեւանում տրանսպորտից օգտվելու համար հանրահաշվի եւ երկրաչափության գիտելիքներ է պետք ունենալ, նաեւ՝ վազորդի որակներ, որ հետեւեն՝ 70 րոպեն չլրանա հանկարծ, ու հասցնեն հաջորդ տրանսպորտը նստել։
Երեւանի տրանսպորտի վարչության նախկին ղեկավար Հենրիկ Նավասարդյանը, որը 150 դրամի շրջանում էր աշխատում եւ դարձել էր հանրության թիրախը, որ 50 դրամով բարձրացնում են գինը, երեկ մեզ հետ զրույցում օրինակ բերեց՝ իսկ եթե գյուղացին գալիս է քաղաք՝ իր որդուն տեսնելու, նա ի՞նչ փաթեթ գնի։ «Այնքան մութ հարցեր կան, հենց այդպես խճճել են, որ ինչպես ուզենան, այդպես անեն․ ամսվա կեսից աբոնեմենտը բարձրացնենք, չգիտեմ՝ տուրիստի համար՝ առանձին․․․, խեղճ գյուղացին, որը գալիս է Երեւան՝ իր զավակին տեսնելու, ի՞նչ է անելու, նա, բնական է, ամսական կամ շաբաթական չի վերցնելու։ Ենթադրենք՝ ամսվա մեջ մի 5 անգամ գալիս է իր ուսանող երեխային տեսնելու, ինչքա՞ն է վճարելու, տուրիստի գի՞ն»,- ասաց Նավասարդյանը։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաեւ տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանի հետ՝ հարցրինք. ընդհանրապես, տրանսպորտը ե՞րբ են թանկացնում, ի՞նչ օբյեկտիվ պատճառ կարող է լինել թանկացման համար։ «Թանկացնում են այն ժամանակ, երբ ստացված շահույթն ավելի քիչ է, քան կատարած ծախսերը, արդարացման միակ միջոցը դա է։

Հիմա եթե ասում են՝ 160 դրամ, 180 դրամ եւ այլն, ապա առաջին հերթին պետք է ճիշտ հաշվարկ, եւ քաղաքացուն պետք է բացատրել, ասել՝ գիտեք ինչ, քեզ տեղափոխելն արժի 210 դրամ, բոլորս միասին փորձում ենք գտնել այդ 210 դրամը․ մի մասը քաղաքապետարանն է տալիս, մի մասը՝ կառավարությունը, մյուս մասն էլ դու ես վճարում։ Այդ մարդուն նաեւ պետք է բացատրել, թե իր վճարածով ինչ հարմարություն է ստեղծվում․ գործի գնալիս 10 րոպե շո՞ւտ է հասնում, կանգառում քի՞չ է կանգնում, նստա՞ծ է գնում եւ կանգնած չի գնում։ Այս ամենը պետք է բացատրել, իսկ եթե չկարողանաս բացատրել, մարդիկ, իհարկե, ընդվզելու են»,- ասաց Քոչինյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829