Իրավական օգնություն ստանալու նպատակով մեր՝ «Հոգեբանների եւ իրավաբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպություն է դիմել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչուհի Լիլիթ Բաբայանը եւ հայտնել, որ ինքը խաբեության զոհ է դարձել, 2022 թվականին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններ, հայտնելով, որ իրեն խաբել են եւ խաբեությամբ իրեն պատկանող բնակարանը նվիրատվության պայմանագրով խլել են իրենից:
Ըստ դիմումատուի պատմածի, իր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրան նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն որոշ ժամանակ անց ՀՀ ՔԿ Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Պարույր Մադոյանի կողմից որոշում է կայացվել գործի վարույթը կարճել, ինչ հիմքով, ինքը չգիտի:
Պարզեցինք, որ գործով նախկին քննիչը այլեւս չի աշխատում համակարգում, գործի հետագա ընթացքը պարզելու նպատակով դիմել ենք ՀՀ ՔԿ նախագահին: Պատասխան գրությամբ Նոր Նորքի քննչական բաժնի պետի կողմից 27.12.2023 թ. գրությամբ մեզ տեղեկացվել է, որ գործի վարութը շարունակվում է, Լիլիթ Բաբայանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է թիվ 17164323 քրեական վարույթը, որի ընթացքում տուժող է ճանաչվել Լիլիթ Բաբայանը եւ հարցաքննվել: Տեւական ժամանակ է, ինչ սույն քրեական գործով որեւէ քննչական գործողություն չի ձեռնարկվում: Նախաքննության գաղտնիության պահանջներից ելնելով անուններ չեմ հրապարակում, բայց կատարող անձինք նույնպես նախաքննությանը հայտնի են, բայց թե ինչու սայլը տեղից չի շարժվում, մնում է հարց:
Ես վերահսկող դատախազին բանավոր կերպով հայտնել եմ սույն գործի որոշ առանձնահատկությունների մասին, տեղեկացրել եմ, որ ժամանակի ավելորդ վատնումը տուժողի շահերի ու նրա անվտանգության վրա կարող է բացասաբար անդրադառնալ, նա միայնակ հիվանդ կին է, չունի որեւէ հարազատ եւ բարեկամ: Միայնակությունը եւ առողջական որոշ խնդիրներ, դրան գումարած նաեւ տեւական ժամանակ քրեական գործի առկախված լինելը եւ անորոշությունը, մտավախությունը, որ իրեն վնաս կտան, նրան մղել էին հոգեբանական ծանր վիճակի:
Կարդացեք նաև
Այս առումով դրական կարելի է գնահատել մեր փոխադարձ այցելությունները եւ ընկերական- մասնագիտական զրույցները Լիլիթի հետ, մեր ընտանիք նրան հրավիրելը: Այդ ամենն ուղղված էր վստահության բարձրացմանը, կասկածների եւ վախերի հաղթահարմանն ու լքվածության զգացողության վերացմանը:
Դրական արդյունքի գնահատումը պայմանավորված կարելի է համարել Լիլիթի՝ մեր ընտանիքին ուղղված հաղորդագրության վերջին տոողերով, որն ուզում եմ մեջբերել իր խնդրանքով. «…Ինչ լավ է, որ ձեզ ճանաչեցի, առանց ձեզ այլեւս ինձ չեմ պատկերացնում: Դուք իմ հարազատներն եք, որ Աստծուց ինձ տրվեց, ձեր ընտանիքում ամեն լավ բան կա, կուզենամ ձեր ընտանիքի անդամ դառնալ: Ինչ ճանաչել եմ Ձեզ ու Ձեր տիկնոջը, շփվել եմ ձեր ընտանիքի ու երեխաների հետ, բոլորին ասում եմ՝ եթե ուզում եք ընտանիք տեսնել, գնացեք Շենգավիթ, գնացեք Խաչատուր Մարոզյանի ընտանիք»:
Ես էլ եմ շատ շնորհակալ Լիլիթ ջան, որ ձեր նման մարդիկ կան մեր հասարակության մեջ: Մենք մի մեծ ընտանիք ենք, ուզում եմ, որ քո օրինակով, մարդիկ պարզ ու հասարակ լինեն, օգնեն միմյանց ու շնորհակալ սիրտ ունենան: Ուզում եմ, որ մեր ողջ հասարակությունը կառուցված լինի սիրո, բարության եւ կամեցողության աստվածային սկզբունքների վրա, միասնական օգնականներ ու միայնությունից տառապողներ մեզանում չլինեն: Աստված պահապան մեզ բոլորիս:
Խաչիկ ՄԱՐՈԶՅԱՆ
«Հոգեբանների եւ իրավաբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան
կազմակերպության նախագահ
«Առավոտ» օրաթերթ
08.02.2024