Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ թերագնահատել սննդակարգի դերը քաղցկեղի կանխարգելման հարցում

Փետրվար 09,2024 09:30

Հարվարդի Տ․ Չ․ Չանի անվան հանրային առողջապահության դպրոցի կողմից իրականացված հետազոտության տվյալներով, ԱՄՆ-ում քաղցկեղի 18 մլն դեպքերի  25%-ը կարելի է կանխարգելել՝ բարելավելով սննդակարգը։  ԱՄՆ քաղցկեղի միության տվյալներով, ավելորդ քաշն ու ճարպակալումը մեծացնում են քաղցկեղի մի քանի տեսակների (այդ թվում կրծքագեղձի, լյարդի ու հաստ աղիքի) զարգացման վտանգը։  

Հարվարդի փորձագետների կարծիքով, առողջ սննդակարգը կարող է հակաքաղցկեղային ազդեցություն ունենալ՝ նախ ճարպակալման ու քրոնիկ բորբոքման վտանգը նվազեցնելու հաշվին։ 

Սխալ սնվելու հետևանքով բորբոքման զարգացումը հանգեցնում է ինսուլինի մակարդակի կտրուկ բարձրացման, ինչը կարող է բերել IGF-1 ինսուլինանման աճի գործոնի ձևավորմանը, նշել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Ջովանուչչին։ Ինսուլինանման աճի այդ գործոնները «հայտնում են» բջիջներին, որ շուրջբոլորը բավականաչափ սննդանյութեր կան, և այդ բջիջները պետք է շարունակեն աճել։ 

«Հավանաբար, դա բջիջների ակտիվ բազմացման պատճառ է դառնում, և այդպիսի մեծաքանակ բաժանման հետևանքով մեծանում է մուտացիաների առաջացման հավանականությունը, ինչն էլ, ի վերջո, հանգեցնում է քաղցկեղի»,- ասել է Ջովանուչչին։ Սակայն քրոնիկ բորբոքումը (որը կարող է զարգանալ երկարատև սխալ սնվելու հետևանքով) չպետք է շփոթել սուր բորբոքման հետ, որը կարող է առաջանալ, ասենք ոտքի մատի վնասվածքի պատճառով։  

«Քրոնիկ բորբոքումը տևում է տարիներ, այդ ընթացքում բջիջները կորցնում են վերահսկողությունն ու մուտացվում են», -նշել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Թիմոթի Ռեբեկը։ «Դա բորբոքման այն տեսակն է, որի վրա, մեր կարծիքով, կարող է ազդել սննդակարգն ու այն ամենը, ինչը կարևոր է քաղցկեղի զարգացման համար»։

Փորձագետներն ուսումնասիրել են սննդամթերքների ու ըմպելիքների այն տեսակները, որոնք կարող են նվազեցնել քաղցկեղի զարգացման վտանգը, ինչպես նաև անդրադարձել քաղցկեղի ու սնուցման վերաբերյալ այն թյուրըմբռնումներին, որոնք տարածված են բնակչության շրջանում։ 

Սննդաբան Էլիզա Լեոնեի կարծիքով, բուսական ծագման սննդամթերքների վրա հիմնված դիետան սնուցման երկարաժամկետ պլանի հիանալի տարբերակ է, որը կարող է ծառայել ի նպաստ առողջության ամրապնդմանը։ Ընդ որում, այդ սննդակարգը չպետք է շփոթել բուսակերության հետ։ 

Նա որպես օրինակ բերել է «Առողջ սննդակարգի հարվարդյան ափսեն», որի դեպքում ափսեի 50%-ը պետք է հատկացվի մրգերին ու բանջարեղենին,  25%-ը՝ ամբողջահատիկներին, օսլային,  25%-ը` սպիտակուցներին։ Սպիտակուցները ներառում են ինչպես կենդանական ծագման (օրինակ՝ ձու, կաթնամթերք, միս), այնպես էլ բուսական ծագման (լոբազգիներ, ընդեղեն, տոֆու) աղբյուրները։  Զգուշությամբ է պետք օգտագործել վերամշակված մթերքները, մսամթերքը։

«Բորբոքումը, ինսուլինն ու ճարպակալումը կարծես ձեռք ձեռքի են քայլում քաղցկեղի հետ, իսկ ռաֆինացված ածխաջրերով հարուստ վերամշակված մթերքները (օրինակ՝ սպիտակ հացը), հագեցած ճարպերը կարևոր դեր են խաղում այդ միության մեջ»,-ասել է Ջովանուչչին։ 

Քաղցկեղն ու ալկոհոլը

Հետազոտություններ են եղել, որոնք փաստել են, որ օրական մեկ կամ երկու գավաթ կարմիր գինու օգտագործումը նպաստում է սիրտ-անոթային համակարգի առողջության ամրապնդմանը։ 

Որոշ փորձագետներ այժմ հերքում են այդ պնդումը, հատկապես երբ խոսք է գնում քաղցկեղի վտանգի մասին, քանի որ, ինչպես հավաստիացնում են նրանք, չկա ոգելից խմիչքի լիովին «անվնաս» տեսակ։ Իսկ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության տվյալներով, ալկոհոլը 1-ին կարգի քաղցկեղածին է համարվում։ Ինչպես նշել է Ռեբեկը, գուցե դժվար է հրաժարվել երեկոյան ընկերների հետ մեկ գավաթ գինի կամ գարեջուր խմելու գայթակղությունից, սակայն այս դեպքում կարևոր է խելամիտ ընտրություն կատարելն ու գոնե ալկոհոլային ըմպելիքների օգտագործման հաճախականությունը կրճատելը։ 

Սննդային հավելումներն ու քաղցկեղը

Կարևոր է հիշել, որ հավելումներն ու վիտամինները պետք է լրացնեն, այլ ոչ թե փոխարինեն առողջ սննդակարգը, քանի որ օրգանիզմը շատ ավելի արդյունավետորեն է յուրացնում սննդից ստացվող սննդանյութերը, քան հավելումներից։

Ինչպես նշել է Ջովանուչչին, վիտամինների ու հավելումների օգտագործմանը պետք է զգուշորեն մոտենալ, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ սննդանյութերի, օրինակ՝ ցինկի ու սելենի բարձր չափաբաժինները կարող են մեծացնել քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման վտանգը։ 

Հակաքաղցկեղային ազդեցություն ունեն կալցիումը, մի շարք վիտամիններ, այդ թվում՝ վիտամին D-ն։ Հարվարդի համալսարանի հետազոտություններից մեկի համաձայն՝ վիտամին D-ի՝ օրական 2000 ՄՄ չափաբաժինը 6 տարի անց նշանակալիորեն նվազեցնում է քաղցկեղից մահվան վտանգը։ Ջովանուչչին նշել է, որ այլ հետազոտություններ էլ ցույց են տվել, որ կալցիումը հաստ աղիքի քաղցկեղը կանխարգելող միջոց կարող է լինել։  

Ամեն ինչ միանշանակ պետք չէ ընդունել

Ռեբեկի խոսքով, սոցիալական ցանցերում տարածվող «դիետիկ խորհուրդները» պետք է լրջորեն ուսումնասիրվեն ու վերահսկվեն, քանի որ մոլորեցնող և վտանգավոր հայտարարություններ են պարունակում ծանր հիվանդությունների, դրանց բուժման ու կանխարգելման վերաբերյալ։ Նրա խոսքով, այժմ տարածված վնասակար պնդումներից մեկն այն է, որ որոշ վիտամիններ ու հանքանյութեր կարող են կիրառվել կենսականորեն անհրաժեշտ քիմիաթերապևտիկ դեղամիջոցների ու պատվաստանյութերի փոխարեն։ Շատ վտանգավոր են նմանատիպ բովանդակությամբ նյութերը, որոնք կոչ են անում խմել այս կամ այն հաբը կամ ուտել այս կամ այն բանջարեղենն ու մոռանալ քիմիաթերապիայի մասին։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր Harvard Health, WebMD

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829