Երեւանում հանդիսատեսը հնարավարություն ունի վայելելու կրկեսային ինքնատիպ ծրագիր՝ շոու-բալետային ձեւաչափով, որը կներկայացնեն հայտնի ուժային ակրոբատներ, Երեւանի «Վարդանյան եղբայրներ» կրկես-շապիտոյի սեփականատերեր, միջազգային մրցանակների դափնեկիր, բազմաթիվ հեռուստանախագծերի մասնակից Անդրանիկ եւ Գեւորգ Վարդանյանները։ Փետրվարի 17-ից Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ մեկնարկող ծրագիրը չափազանց տպավորիչ է։ Մարմնամարզուհի, որն ապշեցնում է հանդիսատեսին իր մազերի ուժով, որոնցով նա ասես ճախրում է մանեժի վրայով իրեն բնորոշ նրբագեղությամբ ու թեթեւությամբ։
«Կայմ» կոչվող համարը, որը հիացնում է իր ինքնատիպ կոնցեպտով եւ ակրոբատիկ հնարքներ կատարող արտիստի վարպետությամբ։ Լյուբով Կարսանովայի ղեկավարությամբ ընթացող «Կայսրուհի» բացառիկ համարը, որտեղ միախառնված են տարբեր ժանրերը, արտիստներն աշխատում են մեծ բարձրության վրա՝ միմյանց նետելով գուրզերը։ Կա նաեւ ոչ մեկին անտարբեր չթողնող ձեռնածուների խումբ։ Ուշագրավ է լարախաղացի ելույթը, որը զարմացնում է կրկեսի մեծ գմբեթի տակ սառնասրտորեն հավասարակշռություն պահպանելու իր ունակությամբ։ Երաժշտական վիրտուոզ ծաղրածուների «Սպարտակ եւ Նիկո» դուետ, որ ողջ շոուի ընթացքում դրական լիցքեր է հաղորդում, խինդ ու ծիծաղ է պարգեւում հանդիսատեսին։ Եվ, իհարկե, հենց իրենք՝ անզուգական Վարդանյան եղբայրները իրենց յուրահատուկ հնարքներով, որոնք կատարում են միմիայն իրենք եւ ուրիշ ոչ ոք։ Եվ այդ հնարքների հնարքը՝ դաշույններով համարը, որը հանդիսատեսը դիտում է շունչը պահած։
«Նոր շոուի համար մեր ծրագրում ընդգրկել ենք բարձրակարգ պրոֆեսիոնալ արտիստների եւ բալետի լավագույն պարողների, հրավիրել ենք միջազգային մրցույթների հաղթող, հիանալի ծաղրածու Արտակին։ Նաեւ ձեռք ենք բերել ժամանակակից լուսային սարքավորումներ, ապահովել ենք բարձրակարգ ձայն եւ լրացուցիչ հատուկ էֆեկտներ»,- ասում է Անդրանիկ Վարդանյանը։ «Այս ամենը զարմանալի մթնոլորտ կստեղծի «Վարդանյան եղբայրներ» նոր բալետային շոու ձեւաչափում՝ ամբողջությամբ ընկղմելով ձեզ «Կրկես» կոչվող առեղծվածային, կախարդական հեքիաթի մեջ»,- վստահեցնում է Գեւորգ Վարդանյանը։
Կարդացեք նաև
Սեփ. լր.