Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղմկահարույց նախագիծը քվեարկությամբ պարտվեց․ «Հայոց պատմությունը» հաղթեց «Հայաստանի պատմությանը»

Փետրվար 08,2024 20:15

«Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քվեարկության էր դրվել «ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու» նախագիծը, համաձայն որի առաջարկվում էր «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ։

Հասարակությանը ներկայացված հակիրճ բնութագրում նշված է հետևյալը․

«․33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն»  առարկան։

«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա  անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»:

Նախագիծը մեծ աղմուկ բարձրացրեց, հարուցեց շատերի զայրույթը, որոնք  e-draft.am-ի «Առաջարկության բովանդակություն» բաժնում ևս չեն թաքցրել այն, նույնիսկ տեղ են գտել վիրավորանքներ՝ ուղղված նախագծի հեղինակներին։

Քվեարկողներից ոմանք կոչ են արել՝ ջուր չլցնել թշնամու ջրաղացին ու չկատարել նրա ամեն մի պահանջը, մեկ ուրիշն առաջարկել է փակել կայքը, որովհետև անվստահելի է։

Նույնիսկ կան մարդիկ, որոնք քվեարկության ժամանակ պահանջել են կառավարության ողջ կազմի հրաժարականը, նախագիծը համարել են «ապազգային ու հակապետական»։

Իհարկե, հուզական կարծիքների կողքին տեղ են գտել բազմաթիվ հիմնավոր, մասնագիտական կարծիքներ,  թե ինչու չի կարելի «Հայոց պատմությունը» փոխարինել «Հայաստանի պատմությամբ»։

Նկատելի է, որ քվեարկությանն ակտիվորեն մասնակցել են նաև սփյուռքահայեր՝ հորդորելով չանել այնպիսի քայլ, որով «ցեղասպանությունից տուժած մեր քույրերի և եղբայրների տոհմի պատմությունը, բոլոր զրկանքներն ու տառապանքներն անտեսվեն դիլետանտ պատասխանատուների կամ իրենց գիտնական հռչակածների կողմից և դրանով նպաստել թուրք-ադրբեջանական պրոպագանդային»։

Ինչևէ, քվեարկությունն ավարտված է, քվեարկողների 51 տոկոսը դեմ է նախագծին,  49-ը՝ կողմ։

11510 մարդ  կողմ է քվեարկել, 11892-ը՝ դեմ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ Հովսեփյան says:

    Հարկ է անպայման նշել, որ քվեարկություն կոչվածն ակներևաբար անցել է «լցնումներով»` բնականաբար ի օգուտ «կողմ» ձայների։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829