Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումը, արդի մարտահրավերներին դիմակայունության և նորարարություններին ադապտացման նպատակով, վերափոխման գործընթացում է

Փետրվար 08,2024 19:11

Փետրվարի 6-ին «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում կայացել է «Երեխաների դիմակայունության ամրապնդում և պաշտպանություն կազմակերպված կիբերհանցավորությունից և առցանց վնասներից» ծրագրի մեկնարկի միջոցառումը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը

Մասնակցում էին նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ, երիտասարդական կենտրոնի անդամներ։

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ողջունելով ներկաներին՝ շնորհավորել է ծրագրի մեկնարկի կապակցությամբ:

Նա իր խոսքում նշել է, որ աշխարհը, այդ թվում՝ նաև Հայաստանը, հետևողականորեն քայլեր է ձեռնարկում երեխաների համար առցանց անվտանգ միջավայր ապահովելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, երեխաների ներգրավմամբ լուծումներ նախանշելու ուղղությամբ դեռևս շատ անելիքներ կան: Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են շատ արագ, զուգահեռ զարգանում են նաև համացանցից օգուտ քաղելու, միաժամանակ՝ պոտենցիալ ռիսկերի ենթարկվելու հնարավորությունները: Փոխնախարարը ռիսկերի գնահատման և անվտանգ առցանց միջավայր ստեղծելու հարցում կարևորել է բոլոր շահագրգիռ մարմինների համագործակցությունը:

Նա նաև ընդգծել է, որ ՆԳ նախարարության կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումը, արդի մարտահրավերներին դիմակայունության և նորարարություններին ադապտացման նպատակով, վերափոխման գործընթացում է:

Արփինե Սարգսյանը բոլոր գործընկերների հետ աշխատելու պատրաստակամություն է հայտնել՝ թեմատիկ քննարկումներում ներգրավելով նաև երեխաներին, որպեսզի հանրային վարքագիծը համահունչ լինի նրանց համար թվային անվտանգ միջավայր ունենալու տեսլականին։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդն իր խոսքում նշել է, որ աշխարհում 15-ից 24 տարեկան երիտասարդների 71 տոկոսն օգտվում է համացանցից, ուստի կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ, հատկապես դեռահասներն ու երիտասարդները, ունենան թվային հմտություններ՝ համացանցի հնարավորություններից առավելագույնս օգտվելու և համացանցում լավագույնս պաշտպանված լինելու համար:

Իր խոսքում Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը նշել է, որ երեխաներին առցանց պաշտպանելու արդյունավետ համակարգ ունենալու համար պետք է համոզվել, որ օրենսդրական շրջանակը, այն վերահսկելու կարողությունները, ինչպես նաև երեխաների շրջանում իրազեկության բարձրացման արշավները ծրագրի մաս են կազմում:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծված CoMedia նախագծի վերաբերյալ մանրամասներ: Երիտասարդները ներկայացրել են մեդիագրագիտության հավելվածը և սեղանի խաղը, որոնց միջոցով դեռահասները և երիտասարդները կարող են ավելին իմանալ մեդիագրագրագիտության և համացանցում տարածված սխալների մասին:

Չորս երիտասարդները, համախմբվելով մեդիագրագիտության մասին գաղափարի շուրջ, ձևավորել են «Մեդիալոգ» թիմը, որը մասնակցել է «Սերունդ առանց սահմանների» միջազգային մրցույթին՝ հաղթել և հնարավորություն ստացել կյանքի կոչելու իրենց մեծ գաղափարը։

MeDialog-ի թիմն այդ խաղով փորձում է դեռահասների և երիտասարդների շրջանում համակարգված տարածել ու զարգացնել մեդիագրագիտությանն անհրաժեշտ հմտություններ, կրթել մեդիագրագետ հասարակություն՝ սովորեցնելով մեդիայի ընդհանուր տիրույթում գրագետ նավարկել։

Միջոցառման ավարտին նախագծի հեղինակները ներկաների հետ անցկացրել են Քոմեդիա «CoMedia» խաղը. խաղ, որն իր անվան մեջ ներառում է ժամանցը և գիտելիքը՝ մեդիան։

«Երեխաների դիմակայունության ամրապնդում և պաշտպանություն կազմակերպված կիբերհանցավորությունից և առցանց վնասներից» ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ։

ՆԳ նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829