Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անցնող մի քանի տարիների ընթացքում հոգևոր, կրթական, մտավոր և ռազմական հարատև պայքարի մեջ ենք»

Փետրվար 08,2024 17:44

 Փետրվարի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Վարդանանց տոնը: Այս առիթով, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը:

Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձավ Սուրբ Վարդանանց տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Սիրելիներ, Վարդանանց հիշատակումն այսօր առավել քան արդիական է, որովհետև անցնող մի քանի տարիների ընթացքում հոգևոր, կրթական, մտավոր և ռազմական հարատև պայքարի մեջ ենք։ Եվ այդ պայքարը կարծես ոչ թե տանում է մեզ դեպի հաղթանակի, այլ միայն կորուստների։ Սակայն հենց այստեղ է, որ Վարդանանց խորհուրդը գալիս է մեզ պատգամելու, որ եթե մեր զորագլուխը Հիսուսն է, մեր բանակը խավարի մեջ ամենալուսավորն ու ամենաանմեղն է։ Ամեն պայքար կարող ենք հաջողությամբ պսակել, եթե մեր հայացքն ուղղված է մեր հավատքի զորագլխին»։

Հայր Շահեն նաև միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ:

Սուրբ Պատարագի ավարտից հետո, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Եկեղեցականաց դասն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության, պայծառացման և Նորին Սրբության կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության համար:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829