Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարծում եմ՝ առաջին անգամ այս տարի մեզ հաջողվեց Սևանա լճում սիգի ձվադրման ժամկետում առնվազն 95 և ավելի տոկոսով բացառել սիգի որսը. Փաշինյան

Փետրվար 08,2024 17:31

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը կանոնակարգելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը, ինչպես նաև ձկնորսության գործընթացները իրավական դաշտ բերելուն և լիազոր մարմնի հետ կնքած օգտագործման պայմանագրերի հիման վրա ձկնորսության գործընթաց իրականացնելուն, ինչպես նաև պարենային անվտանգության օբյեկտ հանդիսացող ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը: Ըստ այդմ՝ հաստատվել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը։

Ինչպես նշել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, չափաքանակը հաստատվում է՝ հիմնվելով Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ուսումնասիրությունների վրա։ «2023 թ. դեկտեմբերին ստացել ենք տվյալները, որոնց համաձայն՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականացնելու համար։ Տեղեկացնեմ, որ 2020 թ.-ից ենք սկսել քվոտայի տրամադրումը։ 2020-2021 թթ. եղել է 300, 2022 և 2023 թթ. եղել է 600 տոննայի շրջանակում։ 2024 թ. հուլիսին ԳԱԱ նոր ուսումնասիրություն կիրականացնի՝ հասկանալու համար նոր քվոտայի հնարավորություն ունե՞նք, թե՞ ոչ։ Որոշումը ընդունելուց հետո ձկնորսները կարող են դիմել օրինական որսի քվոտա ստանալու համար»,- ասել է նախարարը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սիգի անօրինական որսին և նշել. «Կարծում եմ՝ առաջին անգամ այս տարի մեզ հաջողվեց Սևանա լճում սիգի ձվադրման ժամկետում առնվազն 95 և ավելի տոկոսով բացառել սիգի որսը։ Այդ արգելքի շրջանում մեկ-երկու դեպք էլ բացահայտվեց, որ որս է իրականացվում։ Ըստ էության, երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում, որ իրականում այդ արգելքը գործադրվում է։ Սա տեղի է ունեցել պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ և օգնությամբ: Սա այն դեպքերից է, երբ ասում են, որ կան իրավիճակներ, որ միայն քաղաքական կամքը բավարար չէ։ Սրանից առաջ էլ մենք քաղաքական կամք ունեցել ենք, որ սիգի ձվադրման շրջանում արգելենք որսը, իրոք, ցանկացել ենք դա անել, բայց քաղաքական կամքը բավարար չէր. սրա համար պետք էր ունենալ գործիքներ: Այդ գործիքը ստեղծվեց, Սևանա լճի ջրային պարեկային ծառայությունը և առափնյա ծառայությունը, որի բացումը մենք արեցինք»:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է նաև , Սևանա լճի ջրային պարեկային ոստիկանությունը պետբյուջեի միջոցներով 2024 թ. կհամալրվի նոր տեխնիկայով՝ 2 մոտորանավակով, որոնք գտնվում են ՀՀ ճանապարհին։

Վարչապետն ընդգծել է, որ այս ամենն առաջին հերթին արվում է այն մարդկանց համար, որոնք իրենց ընտանիքի կարիքները հոգում են Սևանա լճում ձկնորսություն իրականացնելով. «Այսինքն՝ այս ամեն ինչն արվում է Սևանա լճում ձկնապաշարը, վերարտադրությունը և բազմացումն ապահովելու համար: Իհարկե, դա ազգային, պետական հարստություն է, բայց, մեծ հաշվով, Սևանում ձկնապաշարի նորմալ վերարտադրության և բազմացման առաջին շահառուները հենց Սևանի ավազանում ապրող մեր այն հայրենակիցներն են, ովքեր փորձում են ընդդիմանալ կամ բողոքում էին այդ սահմանափակումների կապակցությամբ: Այսինքն՝ սա առաջին հերթին նրանց համար է արվում, որպեսզի նրանք իրենց աշխատանքը երկար ժամանակ բնականոն պայմաններում կարողանան իրականացնել»:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում անդրադարձել է նաև ձկնորսության թույլտվությունների շեմը սահմանելու և սահմանվածի չափով ձկնորսությունն ապահովելու հարցին։ Ըստ վարչապետի՝ ձկնորսության իրական պատկերը այլ է, մարդիկ ավելի շատ են որսում սահմանված չափից։ «2022-ին սահմանել ենք 600 տոննա քվոտա։ Մարդիկ դիմում են և այդ քվոտայով մեկ կիլոգրամի դիմաց 65 դրամ վճարում պետբյուջե։ Հասկանալի է, որ սիգի շուկայական արժեքը մի քանի անգամ ավելի բարձր է։ Մենք 2022-ին իրացրել ենք 566,1 տոննա, բայց բոլորս գիտենք, որ իրական որսը կրկնակի ավելի է, բայց մենք նույնիսկ այս քվոտայի՝ 600 տոննայի վճարումը չենք կարողացել ապահովել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անընդունելի համարելով այս հանգամանքը:

Վարչապետի դիտարկմամբ՝ ավելի մեծ խնդիրն այն է, որ 2023-ին այդ ցուցանիշը նվազել է՝ դառնալով 390 տոննա: «Սա անընդունելի պրակտիկա է, էլ չեմ ասում ՝65 դրամ գինը։ Ինչպե՞ս ենք որոշել, որ 65 դրամ է և ոչ թե 100: Այսօր առավոտյան նախարարի հետ այս թեմայով խոսակցություն եմ ունեցել, չի կարող այսպիսի բան կրկնվի: Ինչքան քվոտան տրված է՝ ճշգրիտ այդքանի նկատմամբ պետք է վճարում արվի: Եթե ոչ, ուրեմն պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում»:

Հակոբ Սիմիդյանը նշել է, որ վիճակագրությունն առանձնացրել են, և քննության առարկա է, թե ինչ է տեղի ունենում, ինչու ձկնորսները սահմանված չափաքանակի համար դիմումներ չեն ներկայացնում։ Նախարարը հավելել է նաև, որ Էկոպարեկային ծառայության հիմնման արդյունքում հսկողությունն ավելի կուժեղանա և վերահսկողությունն էլ ավելի արդյունավետ կիրականացվի։

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի քաղաքացիական աշխատանք կատարող մասնագետների համար սահմանվել են հավելավճարներ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Միջուկային և ճառագայթային վարչությունների, տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դարձնել քաղաքացիական աշխատանք կատարողներ և ավելացնել նրանց վարձատրության չափը: Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի քաղաքացիական աշխատանք կատարող մասնագետների համար սահմանել հավելավճարներ՝ կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներին համապատասխան մասնագետի կողմից կոմիտեի լիազորություններից բխող, մասնագետի աշխատանքային պայմանագրերով և պաշտոնի նկարագրերով նախատեսված: Ինչպես նաև առանձին դեպքերում՝ կոմիտեի նախագահի հանձնարարությամբ կոմպետենցիայի հիման վրա գործառույթների իրականացման համար, իսկ աշխատանքային ստաժի համար մասնագետին տրվում է հավելավճար կոմիտեում աշխատած յուրաքանչյուր տարվա համար: Ըստ հիմնավորման՝ առաջարկվող կարգավորումը թույլ կտա նախ և առաջ կանգնեցնել կոմիտեում առկա սակավ մասնագետների շարունակական արտահոսքը և կայունացնել անկումային իրավիճակը՝ ներգրավելով համապատասխան մասնագետների:

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը նշել է, որ տարիներ շարունակ անհնարին է եղել համալրել կոմիտեի թափուր հաստիքները. 2021-2023 թթ. իրականացրել են քաղաքացիական ծառայության 55 մրցույթ, որից 21-ը ընդհանրապես չի կայացել հայտատուների բացակայության կամ մասնակիցների անհամապատասխանության պատճառով:

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Մենք այս թեմային անդրադարձել ենք Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի 2022 և 2023 թվականների գործունեության հաշվետվությունը լսելու ընթացքում: Եվ իմ դիրքորոշումն ու հանձնարարականը եղել է այն, որ մենք այստեղ պետք է որոշումներ կայացնենք: Ընդհանրապես այս թեմայով բանավեճ կա, երբ մենք առանձին վերցրած ոլորտներում, գերատեսչություններում որոշակի կարգավորումներ ենք անում, որտեղ աշխատավարձերի բարձրացումներ են տեղի ունենում: Հասկանալի է, որ ինստիտուցիոնալ խնդիր կա, և ռազմավարական առումով ճիշտ է հանրային կառավարման բարեփոխում անել: Բայց մյուս իրողությունն էլ կա, որին առերեսվում ենք բարեփոխումներ իրականացնելիս, բարեփոխումներ էլ իրականացնելու համար կարողությունների որոշակի սահամանափակում ունենք: Հետևաբար՝ երկընտրանքի առաջ ենք: Սպասենք, թե երբ կավարտվի այդ ծավալուն գործընթացը, թե որոշակի տեղային լուծումների գնանք: Իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է նաև տեղային լուծումների գնանք: Տեղային լուծումների ենք գնացել բանակում, Ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Քննչական կոմիտեում, Հակակոռուպցիոն կոմիտեում, դատախազությունում, դատական համակարգում և այլն: Եվ եթե այսպես հերթով գնանք, ահագին առաջ կգնանք, ինչը չի նշանակում, որ հանրային կառավարման բարեփոխումների օրակարգը որևէ ձևով պետք է նսեմանա: Ինչո՞վ է կարևոր Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ կապված այս որոշումը: Մենք խնդիր ենք դրել նոր ատոմակայան ունենալու և նոր ատոմակայան կառուցելու: Այստեղ էլ մենք վաղը, մյուս օրը բախվելու ենք մի իրավիճակի հետ, որ փողը կա, նախագիծը կա, ամեն ինչը կա, բայց մենք չենք կարողանում դա իրագործել, որովհետև չունենք մասնագետներ: Արդեն իսկ շատ ենք ուշացել այս ճանապարհին, բայց ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Եվ մենք հիմա պետք է այս որոշումը կայացնենք: Ես հանձնարարական եմ տվել, տիկին Անդրեասյանին, որ, մասնավորապես, ժամկետային զինծառայությունից տարկետման իրավունքները սահմանելիս պետք է հատուկ նկատի ունենանք այս ոլորտը։ Մենք նախագիծ ունենք իրականացնելու, և դրա մասն է նաև մասնագետների վերապատրաստումը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ չեն առնչվում այս խնդրի հետ, ընդ որում՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական ոլորտում։

Անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցման հարցին՝ վարչապետը նշել է, որ բոլոր դեպքերում և առավել ևս միջուկային էներգետիկայի պարագայում անվտանգությունը շատ կարևոր է. «Կան նոր տեխնոլոգիաներ, կան մեր իմացած ատոմակայանները, և կան մոդուլյար ատոմային էլեկտրակայաններ: 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները մի տեղեկատվություն զեկուցեցին, որը, իմ կարծիքով, ունի կենսական նշանակություն՝ մեր հետագա քննարկումների և որոշումներ կայացնելու համատեքստում: Այդ տեղեկատվությունը հետևյալն է. որ մոդուլյար տեխնոլոգիաների դեպքում, երբ տեղի է ունենում վթար ատոմային ռեակտորի, դա համարվում է լոկալ միջադեպ: Այսինքն, երբ մոդուլյար ատոմակայանում տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը շրջակա բնակչության համար վտանգ չի ներկայացնում: Ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է»:

Բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը խթանելու համար՝ վարկերը կսուբսիդավորվեն ավելի բարձր տոկոսադրույքով՝ 12 տոկոսային կետով

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է երկարացնել ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի գործունեության ժամկետը և հնարավորություն ընձեռել տնտեսավարողներին պետական աջակցությունից օգտվելու համար դիմումներ ներկայացնել 2023 թվականի փոխարեն մինչև 2025 թվականի ավարտը: Կհստակեցվեն նաև ծրագրի իրականացման մեխանիզմները: Որոշմամբ նախատեսվում է խթանել տարեկան շուրջ 1000 հա ինտենսիվ այգիների հիմնումը և ոռոգման արդիական համակարգերի (ջրավազանների) ներդրումը, 100 հա ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակումը։ Նախատեսվում է թույլատրել նաև արտարժույթով վարկերի տրամադրումը, տնտեսավարողներին այլընտրանքային հնարավորություն տալով արժույթի ընտրության մասով՝ ելնելով իրենց տնտեսության կառուցվածքային նպատակահարմարությունից։ Առաջարկվում է խթանել նաև հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրությունը ինքնաբավության մակարդակի բարձրացման համար՝ հաշվի առնելով նաև վերջիններիս ներգրավման անհրաժեշտությունը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավման և կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմման հարցում։ Բացի այդ, որոշմամբ առաջարկվում է հանել այգեհիմնման կամ ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրողներին տրամադրվող վարկերի արտոնյալ սուբսիդավորումը։ Միաժամանակ, բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը խթանելու համար՝ վարկերը կսուբսիդավորվեն ավելի բարձր տոկոսադրույքով՝ 9 տոկոսային կետի փոխարեն 12 տոկոսային կետով։ Հստակեցվել է ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հետներդրումային ժամանակահատվածում առաջացած թերությունների դեպքում՝ պետական աջակցությամբ տրամադրված գումարների վերադարձման վերաբերյալ դրույթը։ Հիմնավորման համաձայն՝ պետական աջակցությամբ հանրապետությունում 2018 թվականից մինչև 2023 թ. ավարտը կնքվել է շուրջ 7000 հա ինտենսիվ այգի հիմնելու պայմանագիր։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ոլորտը ՀՀ կառավարության ռազմավարական նշանակություն ունի. «Սա մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, որովհետև մենք նաև ջրային պաշարների և ընդհանրապես հողերի ճիշտ կառավարման համատեքստում պետք է ուժեղացնենք ինտենսիվ գյուղատնտեսությունը: Մեր նախընտրական ծրագրի մեջ արձանագրված է, որ տարեկան առնվազն 1000 հա ինտենսիվ այգու հիմնմանը պետք է աջակցենք: Ես տեղեկանքի մեջ տեսա, որ 7000 հա ինտենսիվ այգի ենք հիմնադրել, բայց պետք է նաև արձանագրել, որ այս թիվը, ըստ ամենայնի, օբյեկտիվ չէ, որովհետև դեպքեր ունենք, երբ բացահայտվել են որոշ չարաշահումներ, քննություն կա այդ ուղղություններով, որ ինտենսիվ այգի չկա, բայց սուբսիդավորումը կա»:

Վարչապետը նշել է, որ այստեղ հարց է ծագում՝ իսկ այս պայմաններում ինչո՞ւ են այս ծրագիրը նորից շարունակում և ընդգծել, որ պետք է կառավարության գործը իրավապահ մարմինների գործից տարբերակել. «Ֆինանսավորումը պետք է շարունակենք, իհարկե՝ ընթացակարգերի լավարկմամբ, իրավապահներն էլ թող իրենց գործն անեն: Ով գողանում է, թող գնա պատասխանատվություն կրի: Եթե մենք 1, 2, 3, 4, 5, թեկուզ 10 ընկերության պատճառով այդ ոլորտը պետք է ոչնչացնենք, դա նշանակում է՝ Հայաստանի ապագան ենք ոչնչացնում: Չի կարելի այդպիսի բան անել»:

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է ընթացակարգերը լավարկել, բոլոր սողանցքներն ու միջանցքները փակել, որպեսզի նման դեպքեր չարձանագրվեն:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Կոտայքի նախկին մարզպետի որդուց հետ վերցված հողամասը Պետգույքի կոմիտեին ամրացնելու վերաբերյալ

Կառավարությունն ընդունել է «Գույք ամրացնելու մասին» որոշում: Ինչպես նշել է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ տեղեկացնելով, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կայացրած համապատասխան վճռով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել Հակոբ Կովալենկոյի Շահգալդյանի անվամբ Կոտայքի մարզում գտնվող 2,4993 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է հողամասն ամրացնել Պետգույքի կառավարման կոմիտեին։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով որոշմանը, հիշեցրել է, որ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը 2023 թ. ապրիլի 4-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել 2007 թ. մայիսի 26-ի աճուրդը, որպես հետևանք անվավեր ճանաչել այդ ժամանակ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձի և մարզպետի խորհրդականի միջև 2007 թ. մայիսի 31-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող մոտ 24 հազար քմ հողամասի նկատմամբ մարզպետի խորհրդականի սեփականության իրավունքի պետական գրանցումը, մարզպետի խորհրդականի, ով այնուհետև նշանակվել է Կոտայքի մարզպետի տեղակալ, և նախկին մարզպետի որդու միջև 2015 թ. հոկտեմբերի 8-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա՝ նախկին մարզպետի որդու անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ «Վճռով՝ 46 մլն 929 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 24 հազար 993 քմ հանգստի համար նախատեսված՝ հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը»,- ասել է Աննա Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը ներկայացրել է նաև քրեական վարույթի հետ կապված նախապատմությունը. «Կառավարության 2007 թ. որոշմամբ՝ Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային ֆոնդի հողերից 558 հազար 800 քմ տարածքը և Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող անտառային ֆոնդի հողերից 364 հազար 800 քմ անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է համայնքին: Այնուհետև, Կոտայքի մարզպետարանի և Հրազդանի քաղաքապետարանի կողմից հողատարածքների իրացման վերաբերյալ աճուրդները փաստացի չեն անցկացվել, իսկ կոնկրետ հողատարածքներ ձեռք բերելու ցանկություն ունեցող անձանց տրամադրվել են անհրաժեշտ փաստաթղթեր, ինչն էլ հնարավորություն է տվել նրանց անվամբ գրանցել հողատարածքը: 2019 թ. հոկտեմբերի 3-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Կոտայքի նախկին մարզպետի, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետի, նույն բաժնի գլխավոր մասնագետի, մարզպետարանի գլխավոր հաշվապահի, Հրազդանի այդ ժամանակվա քաղաքապետի, Հրազդանի քաղաքապետարանի տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնի պետի, երկրորդ կարգի մասնագետի նկատմամբ վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով չիրականացնել քրեական հետապնդում և քրեական գործով վարույթը կարճել: Նշված որոշումը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը ներկայացրել է 14 քաղաքացիական հայց: Նշված հայցերից 6-ը բավարարվել են: Դրանցից 2-ի վերաբերյալ կայացված վճիռները մտել են օրինական ուժի մեջ. հողամասերից մեկի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը, որն այսօր առաջարկում ենք ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ երկրորդ՝ 20 հազար քմ մակերեսով հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը գտնվում է ընթացքի մեջ»:

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քրեական գործերի վաղեմության ժամկետներին, դատարանների քննության մասով դրանց ձգձգմանը և ապօրինի գույքի բռնագանձման համակարգին: Ըստ վարչապետի՝ այս հարցերի շրջանակում իշխանությունը շատ է արժանանում քննադատության. մարդիկ մեղադրում էին և մեղադրում են, թե ինչու հեղափոխությունից հետո տեղում այդ հարցերը չեն լուծվել: Կառավարության ղեկավարի խոսքով՝ որոշում է կայացվել, որ պետք է գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով. «Օրենսդրությունը քննարկման ժամանակ անգամ հարց էր բարձրացվում, թե ինչքանով է գործընթացը սահմանադրական կամ հակասահմանադրական: Ի վերջո, 2023-ից առաջին ծիծեռնակները երևացին: Հիմա մենք կարո՞ղ ենք ասել, որ գործող և գործունակ ինստիտուտ ենք հիմնադրել, և այս ճանապարհին մեզ անակնկալներ չեն սպասվում. նկատի ունեմ լեգիտիմությունը»:

Աննա Վարդապետյանը նշել է, որ ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ ինստիտուցիոնալ, հետևողական աշխատանքը միջազգային որոշակի հետաքրքրություն է առաջացրել, և շատ երկրներ, այդ թվում՝ եվրոպական, ուզում են ուսումնասիրել հայկական փորձը: Գլխավոր դատախազի խոսքով՝ սա հետևողական, իրավական ճիշտ աշխատանքի արդյունք է. «Սա մեզ ապահովագրելու է հետագայում «ինքնադատաստանի» մեղադրանքներից պաշտպանվելիս՝ հատկապես եվրոպական դատարանում, հատկապես սեփականության իրավունքի պաշտպանության առումով: Եվ նույն հետևողական աշխատանքը մենք տանում ենք նաև պետշահերով»:

Կբարելավվեն գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանները. կդյուրացվեն մասնակցության պայմանները, կկրճատի հայտերի գնահատման ժամանակը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է սահմանել գնման կազմակերպման առանձնահատկություն: Ըստ այդմ՝ առաջարկվում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանները: Մասնավորապես՝ շինարարական աշխատանքների գնման ընթացակարգերի կազմակերպման ժամանակ մասնակիցները հայտով չեն ներկայացնի իրենց կողմից լրացված ծավալաթերթ-նախահաշիվներ: Հաղթող ճանաչվելու դեպքում կնքվող պայմանագրի շրջանակում վճարումները կկատարվեն՝ առաջարկած գինը պլանավորված գնի վրա բաժանելու արդյունքում ստացված գործակիցը տարածելով փորձաքննություն անցած ծավալաթերթ-նախահաշվով սահմանված բոլոր տողերով նախատեսված աշխատանքների արժեքների վրա: Ընդ որում՝ հրավերին կից կհրապարակվի փորձաքննություն անցած ծավալաթերթ-նախահաշիվը: Կներկայացվի նաև հավաստում հրավերով սահմանված պայմաններին բավարարող սարքեր և սարքավորումներ տեղադրելու պարտավորության մասին հավաստագիր, պայմանով, որ մինչև տեղադրումը դրանց տեխնիկական բնութագրերը, ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, մակնիշները և երաշխիքային ժամկետները նախապես կհամաձայնեցվեն պատվիրատուի հետ: Նման կարգավորների արդյունքում կդյուրացվի ինչպես ընթացակարգերին մասնակցության պայմանները, այնպես էլ կկրճատի հայտերի գնահատման ժամանակը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված՝ մինչև 2026 թ. 500 մանկապարտեզ և 300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու և վերանորոգելու մասով ՀՀ կառավարության հանձնառությունից և նպատակ ունի շարունակաբար բարելավել գնման ընթացակարգերը:

Օրենսդրական նախաձեռնություն. կխստացվի վերահսկողությունը սպանդանոցային գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ

Հավանություն է տրվել ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածում նախատեսվում է կատարել լրացումներ՝ սահմանելով համապատասխան լիազորող նորմեր, ինչպես նաև սպանդանոցային գործունեության կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը։ Օրինագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը՝ այն է խախտումների դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում ունենա իրավական հիմք կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը։

2023թ. 4-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 286 անձնագիր

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2023թ. 4-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 286 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (172 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (114 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարության որոշմամբ «Մուրադ սար» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել ցինկապատ մետաղյա պրոֆիլների, չժանգոտվող խողովակների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 510 մլն դրամի կապիտալ (սարքավորումների ձեռքբերում) և 18 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 50 աշխատատեղ՝ 520 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 55-ի՝ 560 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 18.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլրդ դրամ:

Այլ որոշումներ

Հաստատվել է Պետական գույքի կառավարման 2024-2026 թթ. ծրագիրը, որում ներկայացված են պետական մասնակցությամբ ընկերությունների, պետական գույքի նկատմամբ սահմանված ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների, գործարքների, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ և անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ներդրումային պարտավորությունների, վարձակալությունից ծրագրավորված մուտքերի, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության կանխատեսվող հիմնական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ընդգրկել կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկում, որով կապահովվի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ձեռք բերվող և փոխանցվող օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների անվտանգ հավաքումը և փոխանցումը՝ նպաստելով օպերատիվ-հետախուզական գործառույթների պատշաճ իրականացմանը։

Գործադիրն ընդունել է «ՀՀ Ազգային ժողովի 2021 թ. արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ՀՀ 2024 թ. պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին» որոշում՝ հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829