Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ինչքան էլ փորձում են խուսափել, խուսանավել, այո, սրանց նպատակը չորրորդ մի հանրապետության ստեղծումն է, որը պատկերավոր ասում եմ՝ քպստան»․ Արծվիկ Մինասյան

Փետրվար 08,2024 17:19

«Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի սուբյեկտ է։ Այստեղ պետք է օգտագործվի այդ տերմինը»,-Արցախից բռնագաղթված 150 հազար հայերի ոտնահարված իրավունքների պաշտպանության օրակարգով հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ անդրադառնալով «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման ներկայացրած առաջարկների նախագծին, հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորն առաջարկեց հստակեցնել շարժման ներկայացրած փաստաթղթի կարգավիճակը և թե ում է նա ուղղված՝ սուբյեկտայնության ամրագրումը․ «Ամեն ինչ կա այս փաստաթղթում, բացի Արցախի ժողովուրդ արտահայտությունից։ Միայն արցախաբնակները չեն Արցախի ժողովուրդը։ Փաստաթղթում հստակ պետք է երևա, որ ռազմագերիների, պատանդառված անձանց ազատ արձակումը պետք է լինի նախապայմանը։ Պատանդ են այդ մարդիկ այսօր, և շատերի ձայնը հենց դրանով պայմանավորված է, որ կտրվում է»։

Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ մենք չենք կարող իրականությունից կտրվել․ «Այսօր գնում է գործընթաց նույնիսկ մեր ցանկությանը հակառակ, և այդ գործընթացը ՀՀ-Ադրբեջան գործընթացն է։ Հայ-ադրբեջանական հարաբերություններին չենք կարող չանդրադառնալ։ Անունը դնում են բանակցություններ, ինչ-որ մի միտք է այս անձնավորությունը գցում շրջանառության մեջ, որը թշնամական պահանջներն են, դրա զիջման ուղղությամբ հասարակությանը տրամադրելու գործընթացն է։ Չի կարող որևէ կարգավորում լինել, եթե այդ պայմանները չեն բավարարվում։ Սա պատերազմի կոչ չէ, ոչ էլ առճակատման պահանջ։ Միջազգային հանրության տեսակետից է նաև ընկալելի, որ չի կարելի պատանդառած ուժի հետ նստել հավասարը, հավասարի հետ խոսել կամ օկուպացրած ուժի հետ խոսել գնդակի փողի ազդեցության տակ, զենքի ուժի անմիջական գործադրման ազդեցության տակ»։

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ ճիշտ է չշտապելը և ճանապարհային քարտեզ ունենալը, որ սա չլինի զուտ մի փաստաթուղթ, որով հերթական անգամ ուղղակի մտածող մարդիկ արձանագրում են այսօրվա ծանր իրավիճակը։

Խոսելով սահմանադրական փոփոխությունների գործընթացի մասին, որն իշխանությունն է ցանկանում նախաձեռնել, Արծվիկ Մինասյանն ասաց․ «Սրանք ինչքան էլ փորձում են խուսափել, խուսանավել, այո, սրանց նպատակը չորրորդ մի հանրապետության ստեղծումն է, որը պատկերավոր ասում եմ՝ քպստան, որտեղ չկա որևէ ազգային նկարագիր, անցյալ, արմատ, արժանապատվություն, չկա ոչինչ բացի կենսաբանական զանգվածից։ Սա արժեքային համակարգն է, որտեղ մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք մեր պատկերացրած պետությունը նկարագրենք։ Ազգային պետության կոնցեպտը պետք է այստեղ երևա։ Ավելի լավ է չշտապել և ունենալ հիմնավոր բաներ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829