Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա անընդհատ ընդվզում էր, կաթվածի պատճառներից մեկն էլ հենց դա է». Ընկերները՝ Գագիկ Գինոսյանի մասին

Փետրվար 08,2024 17:03

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրոն) Aravot.am-ի հետ զրույցում խոսելով «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի մասին՝ նշեց. «Մենք 35 տարվա ընկերներ ենք։ Գինոսյան ազգանունն արդեն իսկ ինքնության հետ է կապված: Գագիկ Գինոսյանն իմ ընկալմամբ՝ ինքնության համար պայքարող զինվոր ու հրամանատար է, ու մեր ինքնության բաղադրիչ մասը: Երանի մեզ, որ ունենք Գագիկ Գինոսյան: Երանի մեզ կլինի, որ կարողանանք նույն ձեւով շարունակել պայքարը ինքնության համար, մեր պետականության համար, մեր պատկանելության համար, ինչպես Գագիկն էր անում: Ինչպես Նժդեհն էր ասում՝ նա իր անձը միջոց դարձնելով՝ ծառայում էր մեծ նպատակին՝ մեր ազգին ու մեր պետականությանը»:

Արսեն Գրիգորյան

 

Մրոն չցանկացավ անդրադառնալ այն թեմային, որ բացի ԿԳՄՍ–ից՝ իշխանությունները ցավակցություն չեն հայտնել Գինոսյանի հարազատներին եւ ընտանիքին: «Դա իրենց (իշխանությունների-Գ.Հ.) գործն է, ես չեմ ուզում եմ խոսել այդ մասին, եկեք այսօր գրենք միայն լավ բաներ, ուրիշ բաներ»,-ասաց նա:

Խաչիկ Մանուկյան

«Գագիկ Գինոսյանը հայրենիքն իր մեջ կրող մարդկանցից էր, արժանապատվությունը բարձր պահած՝ անընդհատ ոգեղեն լիցքեր էր ներարկում ազգին։ Իր պարը ոգեղեն էր, դրանք միայն շարժումներ չէին: Նա ոչ մի կերպ չէր հանդուրժում այսօրվա պարտվողական քաղաքականությունը: Ընդվզում էր, եւ կարծում եմ, որ կաթվածի պատճառներից մեկն էլ հենց դա էր, որ լրտեսախումբը այսօր մեր երկրի տերն ու տիրականն է դարձել»,-ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

Մեր դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը չի ցավակցել Գինոսյանի ընտանիքին եւ հարազատներին, բանաստեղծն այսպես արձագանքեց. «Նիկոլենք ո՞ր հային են ցավակցել: Նրանք միայն թուրքի երախը մղվողներին են ընդունում: Էրդողանը, որ ասում է՝ հաշտ ապրենք, հո չի՞ ասում՝ հայերով Հայաստանի հետ հաշտ ապրենք, ինքն առանց հայերի Հայաստանը նկատի ունի… Մեր երկրում անընդհատ զոհեր են լինում, այս իշխանություններն անընդհատ արյուն են ուզում, չկա օր, որ զոհի մասին չլսենք: Գագիկի հետ կապված տխուր լուրը լսելու օրը իմացանք, որ կրկին զինվոր է մահացել։ Սրանք վամպիր են, անընդհատ արյուն են խմում…Երեւի ամբողջ ՔՊ-ն հիմա ցնծում է, որ հայրենատեր մարդ է մահացել… Բայց միեւնույն է՝ Գագիկը շարունակելու է պայքարել, ինչպես բոլոր այն հայերը, որոնք անմահության խորհուրդն են կրում»:

Գագիկ Գինոսյան

Ինչ վերաբերվում է Գագիկ Գինոսյանի մարմինը Եռաբլուր պանթեոնում ամփոփելուն, այս մասին էլ Խաչիկ Մանուկյանը նշեց. «Գագիկը մարտիկ է եւ Եռաբլուրում պիտի ամփոփվի, ու դա չեմ կարծում, թե Նիկոլների կամքն է, դա հայ ժողովրդի կամքն է: Իշխանությունն այդտեղ որեւէ դեր չունեն, հատկապես որ Եռաբլուրն իրենց համար այն վայրը չէ, որ սրբատեղի համարեն»:

Հիշեցնենք, որ Գագիկ Գինոսյանը, որ Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, մեկնել էր ռազմաճակատ, պատերազմից հետո Հանրային խորհրդում Նիկոլ Փաշինյանին դեմ դիմաց ասել էր, որ նրա գերեզմանը ոտնատեղի է դառնալու, ինչպես Մելիք Ֆրանգյուլինը, նա անգամ գերեզմանաքար չի ունենալու:

Մելիք Ֆրանգյուլի գերեզմանը

«Սյունիքում երկու գերեզման կա՝ 300 տարվա, իրարից ոչ շատ հեռու: Մեկը Մխիթար սպարապետինը, մյուսը՝ Մելիք Ֆրանգյուլինը: 300 տարի անց հայ զինվորը կամովի գալիս՝ ծնկում է Մխիթար սպարապետի շիրիմին եւ ասում է՝ երդվում եմ մինչ ի մահ ծառայել հայրենիքիս…Եվ ամեն մեկը, որ անցնում է Մելիք Ֆրանգյուլի գերեզմանի մոտով, որի ժառանգները կան, թույլ չեն տալիս անգամ ցանկապատել գերեզմանը։ Եվ գյուղի գերեզմանոցից դուրս է թաղված՝ որպես տականք, որպես դավաճան։ Եվ ամեն երեխային գերեզման տանելուց, որ գնում են անցավորների շիրիմներին, ասում են՝ բալես մի հատ չիշիկ արա Մելիք Ֆրանգյուլի գերեզմանին…Ձեր հերթը գալու է, ձեր շիրիմները պղծելու են, որովհետեւ դուք պղծել եք հայոց ապագան»,-ասել էր Գինոսյանը՝ վայր դնելով Հանրային խորհրդի անդամի իր լիազորությունը:

Նաեւ ասել էր, որ Փաշինյանը ոչ թե ժողովրդի, այլ ֆեյքերի վարչապետն է։ Գինոսյանը Փաշինյանին առաջարկել էր Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ փոխանակել ՀՀ կառավարության ողջ կազմը եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: «Դասալիքը դուք եք, որ չկարողացաք ճիշտ կազմակերպել պատերազմը…Հայ զինվորը հաղթել է, պարտվել է Հայաստանի կառավարությունը«,-ասել էր ազգային պարի նվիրյալը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829